Էքստրիմը Հայաստանում

Էքստրիմը Հայաստանում

May 03, 2018

Հայաստանը բազմազանությունների երկիր է։ Այստեղ կարելի է քայլել ու թռչել, երազել ու փորձել, զգալ, զգալ, զգալ…

Ի՞նչ զգալ․ փողոցների շունչը, ժողովրդի ջերմությունը, խոհանոցի համը, երեխաների ժպիտը, Աստծո օրհնությունը…

Մեկ անգամ այցելելով Հայաստան՝ զբոսաշրջիկներն անպայման ցանկանում են վերադառնալ։ Ինչ վերաբերում է երիտասարդներին, նրանք զգացողությունների և ադրենալինի սիրահար են։ Այդ իսկ պատճառով այսօր ես կներկայացնեմ Հայաստանի խենթ կողմը՝ էքստրիմը։

Գնացինք

Շատերը կարծում են, որ Հայաստանում էքստրիմ տուրիզմն այնքան էլ զարգացած չէ, սակայն գիտե՞ք՝ որտեղ է գտնվում աշխարհում ամենաերկար ճոպանուղին։ Իհարկե, Հայաստանում՝ առաջին քրիստոնյա երկրի սահմաններում։ Իսկ տեղյա՞կ եք, որ հնարավոր է պարախպլանով թռչել հենց այս ճոպանուղուց։ Պատկերացնո՞ւմ եք։

Պարապլաներիզմ

Սիրո՞ւմ եք ազատություն կամ երազում եք թռչելու մասի՞ն։ Այսօր Հայաստանում թևեր պետք չեն թռչելու համար։ Փոխարենը հնարավոր է երկնքից նայել աշխարհին, լինել ազատ և մոռանալ ամեն ինչի մասին։ Իսկ ավելի լավ միջոց քան պարապլաներիզմը կամ զիփլայնն են, երևի հնարավոր չէ գտնել։

Հայաստանում պարապլաներիզմը օրեցօր է զարգանում։ Այստեղ մենք համապատասխան ֆանտաստիկ կլիմա ունենք՝ տարեկան 300 արևային օր։ Այնպես որ, շատ օդաչուները գալիս են այստեղ թռիչքի նոր ուղղություններ ուսումնասիրելու։

Ի դեպ, առաջին թռիչքներն իրականացվել են 1996 թվականին «Հայաստանի փոքր ավիացիայի ակումբի» անդամների կողմից։ 2008 թվականին հիմնադրվել է պարապլանային սպորտի հայկական ֆեդերացիան, որի անդամները ներկայումս պարապլաներիզմի դասընթացներ են կազմակերպում՝ 40.000 դրամ արժողությամբ (69 EUR / 82 USD):

Պարապլաներիզմ Հայաստանում

Պարապլանով թռիչքները սովորաբար տեղի են ունենում Հատիսում, Ապարանում, Սևանա լճի տարածքում, Բուժականում և Դիլիջանում։ Մտածում եք՝ ինչո՞ւ։ Քանի որ այնտեղ Դուք կարող եք տեսնել և լինել յուրահատուկ ու ֆանտաստիկ ինչ-որ բանի մի մաս։ Այստեղից բացվող տեսարանները մարդկային երևակայության սահմաններից դուրս են։

Այս ամենի շնորհիվ էլ Հայաստանն օդային դրախտ է բացում էքստրիմի սիրահարների առջև։

Զիփլայն

Ոմանց զարմանալի է թվում, սակայն աշխարհում զիփլայնի ամենաերկար ուղղությունը Հայաստանում է՝ Տավուշի մարզի Ենոքավան գյուղում։ Այն հնարավորություն է տալիս թռչել զափլայնի 5 տարբեր ուղղություններով, որոնց երկարություններն են՝ 135մ, 268մ, 200մ, 375մ և 750մ, իսկ բարձրությունը տատանվում է 200-300մ։

Յելլ էքստրիմ պարկը Հայաստանում զվարճանքների առաջին պարկն է, իսկ զիփլայնն այգու առաջին կետը։ Այստեղ Դուք կարող եք նաև ձիարշավների մասնակցել մոտակա դաշտերում և անտառներում, ընկերների հետ փեյնթբոլ խաղալ և այլն:

Օֆֆ-րոադը (արտաճանապարհային երթևեկություն) Հայաստանում

Երևի օֆֆ-րոադ ասելով՝ Դուք պարզապես մտածում անապատի մասի՞ն։ Մի պահ կա՛նգ առեք։ Հայաստանը նույնպես կարող է զարմացնել արտաճանապարհային երթևեկության ուղղություններով։ Մեր օրերում արտաճանապարհային տուրերը շատ տարածված են մեր արեգակնային երկրում։ Հսկայական ձորերի եզրերով ձգվող լեռնային ճանապարհներն ու Հայաստանի գեղեցիկ բնապատկերը լավ պայմաններ են ստեղծում երթևեկության համար:

Օֆֆ-րոադը (արտաճանապարհային երթևեկություն) Հայաստանում

Jeep տուրերը ադրենալինի մեծ չափաբաժին կփոխանցեն Ձեզ։ Իսկ ցանկության դեպքում կարող եք ինքնուրույն վարել մեքենան (իհարկե, հրահանգչի ղեկավարությամբ)։

Մտածում եք՝ ի՞նչ կարող եք տեսնել Ձեր 4-անիվային շրջագայության ընթացքում․ հրաշալի լանդշաֆտներ, հզոր լեռներ, ֆանտաստիկ բնություն։ Եթե ցանկանում եք վայելել այս ամենը, ապա 15 րոպեի ընթացքում կարող եք սուր զգացողություններ ստանալ, որոնք կարժենան 15.000 դրամ (26 EUR / 31 USD), իսկ 30 րոպեի դեպքում 25.000 դրամ (43 EUR / 57 USD)։ Բարի գալուստ Ենոքավան գյուղ:

Հեծանվավազք

Ինչ կարող է ավելի հաճելի լինել, քան սպորտի և ճանապարհորդության համադրությունը։ Կարծում եմ՝ ոչինչ։ Եթե սիրում եք հեծանիվ վարել և նոր զգացողություններ ձեռք բերել, ապա այցելե՛ք Հայաստան, վերցրե՛ք հեծանիվը, ուսապարկը և ուղևորվեք նոր զգացողությունների հետևից: Մեքենայով և հեծանվային տուրերի  տարբերությունը կայանում է նրանում, որ հեծանիվ վարելու ընթացքում հնարավորություն է ստողծվում՝ տեսնելու ամեն քար ու թուփ։

Հոգնելու դեպքում կարող եք կանգ առնել, մի քանի րոպե ուսումնասիրել շուրջբոլորը, նոր զգացողություններ ստանալ և շարունակել։ Իսկ որո՞նք են հեծանվային արշավների լավագույն ուղղությունները Հայաստանում։ Դժվար է ասել, բայց կարող եք սկսել Աշտարակից։ Այն Հայաստանի հնագույն քաղաքներից է՝ հայտնի իր բազմաթիվ մշակութային ու պատմական հուշարձաններով։

Ճանապարհին պարտադիր պետք է այցելել Օշական, Էջմիածին և Զվարթնոց։ Վստահ եմ՝ Ձեր օրն այնքան հագեցած և ուրախ կլինի, որ հոգնածության մասին չեք էլ հիշի։

Հեծանվավազքը Հայաստանում

Դե, իհարկե, չի կարելի լինել այստեղ և չայցելել Խոր վիրապ ու Արենի, Նորավանք, Շաքի, Քարահունջ, Խնձորեսկ և այլն։ Անշուշտ, սա մեկօրյա անցնելու ճանապարհ չէ։ Մի քանի օր կպահանջվի այս հրաշքները լիովին վայելելու համար։

Լեռնային Ղարաբաղը հեծանվավազքի մեկ այլ հայտնի ուղղություն է։ Այստեղ շատ են բարձր լեռները, խորը կիրճերը, անտառներն ու հովիտները․ հրաշալի վայրեր ինչ-որ նոր բան բացահայտելու և նոր զգացողություններ ձեռք բերելու համար։ Իսկ եթե անվախ եք, հեծանվային արշավների՛ մասնակցեք տավշո լեռներում։

Ձիավարություն

Ասում են՝ ձիերն ամենաբարի կենդանիներն են, իսկ Հայաստանը՝ ամենագեղեցիկ երկիրը։ Պատկերացնո՞ւմ եք նրանց համադրությունը՝ ձիավարություն և ձիարշավներ Հայաստանում։ Նույնիսկ մարդիկ, ովքեր չգիտեն ձի վարել, այստեղ անհանգստանալու կարիք չունեն։ Հայաստանում հնարավոր է տեղում սովորել և մասնակցել արշավներին։

Ձիավարությունը Հայաստանում

Այստեղ ձիավարության մի քանի կենտրոններ կան։ Ամենահայտնին Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի Կենտրոնն է, 10-10 ձիարշավարանը, Այրուձի հեծյալ ակումբը և այլ ընկերություններ, որոնք ձիարշավներ են կազմակերպում մայրաքաղաք Երևանի տարածքից դուրս։

Այստեղ կարող եք տեղեկանալ, թե որտեղ, ինչպես և երբ են տեղի ունենում ձիավարության տուրերը։

Արշավներ

Հայաստանը դրախտ է արշավների սիրահարների համար։ Սա լեռնային մի երկիր է՝ ոլորուն ճանապարհներով, լայնարձակ դաշտերով, անտառներով, խորը կիրճերով ու բարձր լեռներով։ Ամենահայտնի ուղղությունն Արագած լեռն է (4090մ․)՝ Հայաստանի ամենաբարձր կետը։ Այս հանգած հրաբուխը չորս գագաթ ունի։

Արշավները Հայաստանում

Հայաստանի արևելյան մասում՝ Գեղարքունիքի մարզում, մեկ այլ ֆանտաստիկ վայր կա քայլելու համար։ Գեղամա լեռնաշղթան է, որը շրջապատում է Հայաստանի կապուտաչյա գողեցկուհուն՝ Սևանա լճին։ Եկե՛ք այստեղ հատկապես ամռանը վայելել լճի ամբողջ գեղեցկությունը և մոտակա լանջերի գունագեղ ծաղիկները։

Սյունիքի մարզում մեկ այլ լեռ կա արշավի սիրահարների համար։ Խուստուփն է (3200մ․), որի գագաթ հասնելու համար պահանջվում է 3-4 օր քայլել թաքնված մի արահետով։

Ժայռամագլցում

Հայաստանը շրջապատված է սարերով, որոնք պետք է մագլցել։ Եթե ցանկանում եք բարձրանալ, ամեն ինչ պարզ է։ Եթե ուժեղ եք, ճկուն, հավասարակշռված, վճռական և հատուկ մտավոր ունակություններ ունեք, ապա Հայաստանի ժայռերն ու լեռները սպասում են Ձեզ: Հասե՛ք նրանց։

Հայաստանում նույնիսկ ժայռամագլցման ֆեդերացիա կա, որը առաջնություններ է կազմակերպում։ Տեսնելով Հայաստանում ժայռամագլցման լուսանկարները՝ ֆրանսիացի մարզիկ Ալեքս Չաբոտն ասել է․ «Ամեն օր ես տասնյակ լուսանկարներ եմ տեսնում, բայց այդ լուսանկարները ցնցել են ինձ, ինչպես մի զանգ։ Նախքան Սեմ Բիի լուսանկարները տեսնելը՝ այն ամենը, ինչ ես գիտեի Հայաստանի մասին, ըմբիշների և շախմատի չեմպիոնների մասին էր:

Ժայռամագլցումը Հայաստանում

Լուսանկարները տեսնելուց հետո ես ցանկացա իմանալ ավելին»։ Ու հայտնի մարզիկը եկել է Հայաստան։ Ժայռամագլցման ամենահայտնի վայրերն են Նորավանքի կիրճը՝ Երևան-Գորիս ճանապարհին, քարերի սիմֆոնիան՝ Գառնիում, և այլն։ Որոշ պրոֆեսիոնալ ժայռ մագլցողներ այն կարծիքին են, որ Հայաստանն աշխարհում ժայռամագլցման լավագույն ուղղություններն է առաջարկում։ Իսկ սա ճշմարտություն է։

Ձմեռային սպորտաձևեր

Ձմեռները Հայաստանում ֆանտաստիկ են, և ոչ միայն հայերը, այլև զբոսաշրջիկները և  հատկապես ձմեռային մարզաձևերի սիրահարները սիրում են այս եղանակը։ Ամենապահանջված ուղղությունը Ծաղկաձորն է, որը գտնվում է Երևանից ոչ հեռու։ Դահուկ վարեք, սահնակով սահեք Թեղենիս լեռան լանջերին, 30 կմ երկարությամբ ճոպանուղին նստեք և վայելեք ձմռան ամբողջ հաճույքը:

Ձմեռային սպորտաձևերը Հայաստանում

Եթե Դուք չմշկասահքի սիրահար եք, ապա կարող եք այն վայելել հենց Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի սահադաշտում՝ Օպերայի շենքի մոտ։ Սա արհեստական լիճ է, որն իր տեսքով նման է Սևանա լճին։ Ձմռանն այս արհեստական լիճը վերածվում է բացօթյա սահադաշտի։ Չմոռանա՛ք զիփլայնի մասին: Թռեք և շնչեք Հայաստանի մաքուր օդը՝ ազատության օդը։

Հեշտ չէ բառերով նկարագրել էքստրիմը Հայաստանում։ Սակայն այն, ինչ բառերն անկարող են նկարագրել, կարելի է տեսնել և զգալ սեփական զգայարաններով։ Հայաստանը նոր զգացողությունների աղբյուր է։  

Ձեզ կհետաքրքրի նաև