5 պատճառ, թե ինչու ընտրել Հայաստանը

5 պատճառ, թե ինչու ընտրել Հայաստանը

December 13, 2017

1․ Պատմություն

2017 թվականի հոկտեմբերի 14-ին Հայաստանը նշեց իր մայրաքաղաքի 2799-րդ տարեդարձը։  Երկիր, որը կարող է իր արմատներն այսքան երկար պահել, անշուշտ, պետք է որոշակի պատմություն ունենա։ Իսկ երբ խոսքը գնում է Հայաստանի մասին, «որոշակի» պատմություն ասվածը շատ քիչ է․ Հայաստանը հարուստ պատմություն ունի։  Այցելե՛ք Հայաստան, և Դուք կգտնեք հնագույն բերդեր, վանքեր, քարանձավներ և բնական տպավորիչ ռելիեֆ՝ յուրաքանչյուրն իր յուրահատուկ պատմությամբ։ 

Որպես օրինակ, վերցրեք Խոր Վիրապը՝ 7-րդ դարի վանքը։  Խոր Վիրապն իսկզբանե անվանվել է փոս, որտեղ 13 տարի Հայաստանի թագավորի գերության մեջ է պահվել  Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ում շնորհիվ 4-րդ դարում Հայաստանում քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն։

Խոր Վիրապ

Թագավորի քույր Խոսրովիդուխտը գաղտնի օգնում էր նրան՝ փոսի մեջ ուտելիք ու ջուր տանելով։  13 տարի անց թագավորը ծանր հիվանդանում է։ Խոսրովիդուխը երազ է տեսնում, որ եթե Գրիգորին բերեն թագավորի մոտ և նա աղոթի Աստծուն, թագավորը կբուժվի։

Ահա և երազը կատարվեց. Գրիգորը ազատագրվեց, թագավորն ապաքինվեց, և տեսնելով քրիստոնեության հրաշքը` թագավորը դարձի եկավ և Հայաստանը հռչակեց առաջին քրիստոնյա պետությունը։ Մոտ 300 տարի անց փոսի վրա կառուցվել է մատուռ, ապա վանք, իսկ փոսը մինչ այսօր կա։  Ի դեպ, Խոր Վիրապ վանքի այցելուները կարող են  իջնել փոսի մեջ 60 մետր (200 ոտնաչափ) բարձրությամբ աստիճանավանդակով։  Հայաստանի՝ որպես քրիստոնյա պետության գոյության վերջին 1700 տարիների ընթացքում երկրում կառուցվել են հարյուրավոր եկեղեցիներ և վանքեր՝ յուրաքանչյուրն իր պատմությամբ։

Խոր Վիրապ վանք

Այս պատմություններից յուրաքանչյուրը հարյուրավոր տարիներ փոխանցվել է բերնեբերան, այնպես որ մանրամասները միշտ չէ, որ ճշգրիտ են, և երբեմն Դուք կարող եք լսել պատմություն, որն ավելի շատ չափազանցված է, քան իրատեսական: Օրինակ, կա մի 7-րդ դարի ամրոց, որը գտնվում է ավերակ վիճակում, բայց կանգուն է և հետազոտության ենթակա։ 

Ամրոցը հայտնի է Ամբերդ անվամբ, բայց կարելի է գտնել մի զբոսավար, ով կպնդի, որ իրականում ամրոցը կոչվում է Անբերդ։  Եթե հարցնեք, թե որն է մեկ տառի տարբերությունը, նա ստիպված կլինի համոզիչ փաստարկներով ներկայացնել անվանման երկու հնարավոր աղբյուրները։ Երկու դեպքում էլ «բերդ»-ը նշանակում է ամրոց, մինչդեռ առաջին տարբերակում «ամբ»-ը ամպերի մասին է, իսկ երկրորդ տարբերակի «ան»-ը ժխտական նախածանց է:

Ամբերդ ամրոց

Այսպիսով, եթե ընտրենք Ամբերդ տարբերակը, ապա կստացվի  «Ամրոց ամպերի մեջ», որը շատ խելամիտ է, քանի որ ամրոցը գտնվում է Արագած լեռան լանջերին (Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է) և գրեթե ամբողջությամբ շրջապատված է ժայռերով, որոնք ստեղծում են այնպիսի տեսարան, որ կարծես ամրոցն իսկապես գտնվում է ամպերի մեջ։  Մյուս կողմից, Անբերդը կլիներ «Անառիկ ամրոց»-ի նման, որը, անշուշտ, կապ ունի այս վայրի պատմության հետ, քանի որ 11-րդ դարից սկսած այն բազմիցս ենթարկվել է մոնղոլների հարձակումներին, և միայն 13-րդ դարի վերջում ամրոցը գրավվել և ավերվել է: Ամեն դեպքում, Ամբերդը զարմանալի կառույց է՝ արժանի այցելության և ուսումնասիրության։

Ամբերդ

Որոշ պատմություններ այնքան էլ հին չեն։ Այցելեք Խնձորեսկի քարանձավային բնակարանները և կհամոզվեք, որ Հայաստանում մարդիկ քարանձավներից տեղափոխվեցին 20-րդ դարին տիպիկ տներ մինչև Խորհրդային Միության վերահսկողության տակ անցնելը (ըստ երևույթին, Խորհրդային Միության տարիներին քարանձավային բնակարանները կյանքի ընդունելի պայմաններ չէին առաջարկում): 

Կան նաև լեգենդներ տարբեր վայրերի և մարդկանց մասին, որոնք ավելի ճիշտ կարող ենք բացատրել գիտության տեսանկյունից, բայց պատմությունները, միևնույնն է, պատմվում են (այն, որ դրանք բավականին հետաքրքիր են, հաստատ է)։ Ամենասիրվածներից մեկը Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի մասին է, որը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 4000մ․ (14,000 ոտնաչափ) բարձրության վրա։  Այսօր Արագածն ունի չորս գագաթ, իսկ կենտրոնում՝ հսկայական խառնարան, որը լավայի հազարամյա հոսքի արդյունք է։

Արագած լեռ

Ժամանակին այս լեռը գործող հրաբուխ էր։ Հազարավոր տարիներ առաջ այն ժայթքեց այնպիսի ուժգին պայթյունով, որ լեռնագագաթը մասնատվեց՝ բոլոր ուղղություններով ժայռի բեկորներ նետելով։ Արդյունքում առաջացան ներկայիս Արագածի չորս լեռնային գագաթները: Մի ուրիշ լեգենդի համաձայն՝ մի ժամանակ լեռան չորս գագաթները չորս եղբայրներ էին, ովքեր յուրաքանչյուրն այնքան կենտրոնացած էին աշխատելու և գումար վաստակելու վրա, որ ժամանակ չէին գտնում միասին անցկացնելու համար: Վշտանալով նրանց ոչ եղբայրական վերաբերմունքից՝ Աստված նրանց վերածեց լեռան չորս գագաթների այնպես, որ նրանք միշտ միասին լինեին։

2․ Սնունդ

Հայտնի հայ բանաստեղծ Եղիշե Չարենցը գրել է. «Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա»: Դե, վստա՛հ եղեք հայկական ուտելիքների նմանն էլ չկա աշխարհում։ Տեղի հայերն ասում են, որ նման դրախտային սնունդը ջրից է, որ այստեղ է հոսում, և արևի լույսից, որ այստեղ է փայլում:

Նախաճաշին վերցրեք թոնրից (գետնի տակ փորված հայկական ավանդական գլանաձև վառարանից) նոր հանած թարմ լավաշ, ավելացրեք լոլիկ՝ ամենաքաղցր, հյութեղ, ու ամենահամեղ լոլիկը, որ երբևէ փորձել եք, և վարունգ՝ ամենաթարմ և թարմացնող: Չմոռանաք նաև ընտրել թարմ կանաչիներ՝ մաղադանոս, սամիթ, ռեհան, կծու պղպեղ կամ հայտնի աղի պանիր, որը կարելի է գտնել Հայաստանում ամենուր:

Լահմաջո

Ճաշին փորձեք սիրիա-հայկական լահմաջոներից ինչ-որ մեկը (բարակ հացի մեջ թխված տավարի աղացած միս, թակած սոխ, պղպեղ և լոլիկ): Մերձավորարևելյան խոհանոցից ոգեշնչված բույրերով հայկական ուտեստի զարմանալի բույրն ավելի է ուժեղանում համեմունքների համադրությամբ, որոնք իրական զգացողություն են փոխանցում համային ընկալիչներին։  Ընթրիքի համար պատրա՛ստ եղեք վայելելու հայկական խորովածի ախորժելի բույրն ու համը։

Հայկական խորոված

Խոզի, տավարի կամ հավի միսը, կարտոֆիլը, լոլիկը, պղպեղը և սմբուկը համեմվում են և շամփուրների վրա շարելուց հետո խորովվում ավանդական թոնրի մեջ մինչև կատարելության հասնելը։ Մոռանում ենք ափսեի, դանակ-պատառաքաղի մասին, վերցնում ենք նախաճաշից մնացած մի կտոր լավաշ, որի օգնությամբ շամփուրից հանում ենք մսի ամենաախորժելի կտորը և ամեն ինչ պատրաստ է:

լավաշ

3․ Բնություն և արշավներ

Հայաստանը, որը զբաղեցնում է 30,000 քառակուսի կիլոմետրից փոքր-ինչ պակաս տարածք (18,500 քառակուսի ոտնաչափ), կարող է լինել աշխարհի ամենափոքր երկրներից մեկը։ Անկախ այս հանգամանքից, երկիրը մի շարք բնական հրաշքների տունն է: Չնայած Հայաստանը գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտում, դա հիմնականում նկատվում է միայն հարավային շրջաններում։ 

Այցելե՛ք Մեղրի՝ Հայաստանի ամենահարավային քաղաքը, որ գտնվում է Իրանի հետ սահմանին։ Այստեղ Դուք կգտնեք լեռնային հետաքրքիր տեսարաններ, որոնք ձգվում են այնքան, որքան թույլ է տալիս աչքի տեսանելիությունը։ Հնարավոր չէ նկարագրել այս տեսարանը ո՛չ բառերով և ո՛չ էլ նկարներով։ 

Արաքս գետի ափին (Հայաստանի և Իրանի սահման) պիկնի՛կ կազմակերպեք և վայելե՛ք լեռնային տեսարանները։ Մեղրիից հյուսիս շարժվելով՝ Դուք կտեսնեք Խնձորեսկի քարանձավային կացարանները, որտեղ կլիման ավելի մայրցամաքային է։  Խնձորեսկը քարանձավային կացարանների հնագույն գյուղ է, որը փաստացի բնակեցված էր մինչև 1950-ականները: 

Ըստ երևույթին, երբ Հայաստանը դարձավ Խորհրդային Միության անդամ, խորհրդային կառավարությունը որոշեց, որ քաղաքացիները չպետք է բնակվեն քարանձավներում։ Արդյունքում կառուցվեց ժամանակակից Նոր Խնձորեսկ գյուղը։

Խնձորեսկի քարանձավներ

Դեպի հյուսիս՝ Հայաստանի սրտում, Սևանա լիճն է՝ Հայաստանի ամենամեծ ջրամբարը և ևս մեկ դրախտավայր՝ բյուրեղյա մաքուր ջուր, ավազե լողափեր՝ շրջապատված հեռվից սահող լեռներով։

Սևանա լիճ

Իր բարձր դիրքի շնորհիվ Սևանա լճի տարածաշրջանը զով է և հաճելի նույնիսկ ամռան տապին։ Արդյունքում այն իդեալական վայր է մայրաքաղաքի անտանելի շոգից փախչելու համար: Մնացե՛ք մինչև մայրամուտ և հաստատ չեք փոշմանի, սակայն չմոռանա՛ք լրացուցիչ բաճկոն վերցնել։ 

Դիլիջան

Սևանա լճի հարևանությամբ է գտնվում հայկական փոքրիկ Շվեյցարիան՝ Դիլիջանը։ Սա գեղատեսիլ մի քաղաք է՝ բազմաթիվ հանգստյան վայրերով, համալսարանով և Դիլիջանի ազգային պուրակով։  Երևանից Դիլիջան հասնելու լավագույն միջոցը M4 մայրուղին է, որն ընդգրկում է Դիլիջանի թունելը՝ 2,25 կմ (1.4 մղոն) երկարությամբ: 

Սա Հայաստանի ամենաերկար թունելն է և նման է Լյուիսի «Նարնիայի քրոնիկները» շարքի կախարդական հանդերձարանին։ Անցնելով թունելը՝ Դուք հայտնվում եք մի ուրիշ աշխարհում։  Քարքարոտ մերկ դաշտերը, որտեղ կարելի է նկատել այստեղ-այնտեղ ցրվախ թփեր, վերածվում են սաղարթախիտ ծառերեվ ծածկված լեռների։ Չգիտես ինչու թվում է, թե արևն այստեղ ավելի պայծառ է, օդը մաքուր, իսկ երկինքը կապույտ: 

Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է, որը գտնվում է երկրի կենտրոնական շրջանում։  Սա մի դրախտային լեռ է և՛ լուսանկարչի, և՛ զբոսաշրջիկի համար։ Ամեն բարձունքից տեսարանը հրաշալի է և ճոխ։ Լեռն ունի չորս գագաթ, որոնցից յուրաքանչյուրը մի նոր մարտահրավեր է։ Եկեք ամռանը կարող եք զբոսանք կազմակերպել լեռան ստորոտին՝ լճի մոտ, կամ գնալ արշավի և ձնագնդի խաղալ լեռան ձնառատ հատվածներում, որտեղ ձյունը չի հալվում նույնիսկ ամռան ամենաշոգ ամիսներին։ Դուք կարող եք նաև բարձրանալ դեպի գագաթ և տեսնել չորս գագաթների մեջտեղում գտնվող տպավորիչ խառնարանը, որը եզրագծված է լավայի դարավոր հետքերով, որոնք այժմ ծածկված են ձյունով։

Արագած լեռ

Գառնու հնագույն տաճարը նույնպես գտնվում է Հայաստանի կենտրոնական շրջանում և հանդիսանում է երկրի նախաքրիստոնեական պատմությունից մեզ հասած միակ հեթանոսական տաճարը։  Գառնու տաճարը գտնվում է բարձրադիր սարահարթի վրա, որը շրջապատված է խորը կիրճով, որտեղ հոսում է Ազատ գետը։

Գառնու տաճար

Այս կիրճում կա բնական մի հրաշք, որի մասին զբոսաշրջիկների մեծ մասը չգիտեն՝ Քարերի սիմֆոնիան։  Կիրճի աներևակայելի բարձր պատերը ձևավորվել են հրաբխային ապարից, որն արագ սառչում էր Ազատ գետի ջրով։  Արագ սառեցման հետևանքով ժայռն ընդլայնվել է՝ Գառնու տաճարից դեպի գետի ափ ձգվող վեցանկյուն սյուներ ձևավորելով:

Քարերի սիմֆոնիա

Մեկօրյա կատարյալ մի ուղևորություն է առավոտյան թափառել տաճարի տարածքում, ապա ճանապարհ ընկնել մոտակա գյուղով ներքև դեպի Ազատ գետը։ Պատրաստվե՛ք զարմանալու։

Լաստիվեր

© Arm GEO

Հայաստանի հյուսիսում՝ Սևանա լճից և Դիլիջանից այն կողմ, գտնվում է Իջևան քաղաքը, իսկ Իջևանում ՝ Լաստիվերի հայտնի կիրճը։  Այստեղ հասնելու համար անցնում ենք մի զարմանահրաշ արահետով, որը ձգվում է ժայռերի երկայնքով և անցնում անտառի միջով։ Սա այն վայրն է, որտեղ դուք կարող եք նստել քարի վրա և ժամերով հառել հրաշալի տեսարանին և դեռ զգալ, որ հնարավոր չէ հագենալ այս տեսարանից: Ինչքան էլ շատ բառեր հնարեն ամբողջ Հայաստանը և նրա բնական երևույթները նկարագրելու համար, մեկ է քիչ կլինի։

4․ Մարդիկ և միջավայրը

Թերևս, Հայաստանն ընտրելու ամենահայտնի պատճառը ոչ թե կոնկրետ մի վայր է, ճաշատեսակ, գործունեություն, այլ երկրի ընդհանուր մթնոլորտը։  Ժամանակը՝ այն վերացական իրականությունը, որը կառավարում է մեր յուրաքանչյուր գործողությունը, Հայաստանում աննկատ է անցնում։  Այստեղ հոսանքին համահունչ շարժվելու մի մշակույթ կա։ Տաքսու վարորդի հետ զբոսաշրջիկի զրույցը կարող է ավարտվել խորովածի ընթրիքի հրավերով, ինչն ամենավերջում դառնում է ընտանեկան հավաքույթ հարյուրավոր հյուրերով, որտեղից նա տուն է վերադառնում՝ ձեռք բերելով երկրորդ ընտանիք, ում այցելում է ամեն անգամ Հայաստան գալիս և նույնիսկ օնլայն հաղորդակցվում են ծննդյան և այլ տոների առիթներով:

Մեխագույն հայեր

5․ Ցածր գներ

Իհարկե, կան շատ զարմանալի վայրեր, որտեղ ճանապարհորդելու մասին կարելի է երազել, բայց Հայաստանում այդ երազանքը կարող է իրականություն դառնալ, նույնիսկ եթե դրամապանակն այնքան էլ լիքը չէ: Երբ խոսքը գնում է ճանապարհորդական ուղղություններին, այստեղ տրանսպորտը, սնունդը, կացարանը առավել մատչելի են։ Օրինակ, հանգստյան օրերին մայրաքաղաք Երևանում կացությունը կարժենա մոտ 10 դոլլար, իսկ ռեստորանային սնունդը յուրաքանչյուր մարդու համար մինչև 5 դոլլար: Քաղաքի կենտրոնական մասում հեշտ է ոտքով շրջել, բայց քաղաքից դուրս գալու համար տաքսի պատվիրելիս յուրաքանչյուր կիլոմետրի համար պետք է վճարել մոտ 0.20 դոլլար, իսկ երթուղային ավտոբուսների արժեքն ավելի ցածր է:
 

Ձեզ կհետաքրքրի նաև