Ծաղկաձոր

Tsaghkadzor

Ծաղկաձորը գտնվում է Կոտայքի մարզում` մայրաքաղաք Երևանից ընդամենը 50 կմ հեռավորության վրա: Հայաստանի այս հանրաճանաչ հանգստավայրը շատ բան ունի առաջարկելու խաղաղ հանգիստ փնտրողներին: Քաղաքը գտնվում է Թեղենիս լեռան լանջին՝ ծովի մակարդակից 1841 մ բարձրության վրա, արևմուտքից շրջապատված է Ծաղկունյաց լեռնաշղթայով: Ամռանը եղանակը Ծաղկաձորում մեղմ է, ձմռանը՝ ցուրտ և ձյունառատ:

Ի սկզբանե կոչվել է Ծաղկոցաձոր, հետագայում՝ Ծաղկունյաց ձոր՝ կապված մոտակա Ծաղկունյաց լեռների անվան հետ։ Միջնադարում հայտնի էր նաև Կեչառիս անունով՝ 11֊13-րդ դարերում այստեղ կառուցված Կեչառիս վանքի անունով։ 1947 թվականին բնակավայրին վերադարձվել է իր պատմական անվանումը՝ Ծաղկաձոր, իսկ 1958-ին այն ստացել է քաղաքային տիպի բնակավայրի կարգավիճակ:

Ծաղկաձորը հայտնի և սիրված զբոսաշրջային ուղղություն է ինչպես հայաստանցիների,այնպես էլ օտարերկրացիների համար։ Տեղանքի կլիման թույլ է տալիս ունենալ ինչպես ձյունառատ ձմեռներ, այնպես էլ զով ամառներ: Տեղանքն իդեալական է ձմեռային մարզաձևերի սիրահարների համար։  

Ահա թե ինչու, ամեն տարի աշխարհի տարբեր վայրերից հազարավոր պրոֆեսիոնալ մարզիկներ և սիրողներ այցելում են այս փոքրիկ քաղաքը, որը մարդաշատ ու տոնական է լինում հատկապես ձմռանը: Այստեղ կարող եք գտնել բազմաթիվ հարմարավետ հյուրանոցներ, առողջարաններ, քոթեջներ, ռեստորաններ և զվարճանքի տարբեր հնարավորություններ:

Ծաղկաձորի տեսարժան վայրերը 

Ծաղկաձորում ամենահայտնի վայրը Կեչառիսի վանքն է, որը 11-րդ դարի հայկական ճարտարապետությունը ներկայացնող լավ պահպանված կոթողներից է: Գիշերը, երբ վառվում են եկեղեցին լույսավորող լամպերը, Կեչառիսը առանձնահատուկ խորհրդավոր ու գեղեցիկ տեսք է ստանում: Այն տեսանելի է նաև լեռնադահուկային լանջերից:

Ծաղկաձորում լավ է զարգացած զբոսաշրջությունը։ Քաղաքը հայտնի է որպես զբոսաշրջության և լեռնադահուկային սպորտի միջազգային կենտրոն, որտեղ գործում է ժամանակակից սարքավորումներով հագեցած ճոպանուղի՝ չորս կայաններով և տասնյակից ավել սահուղիներով։ 

Հայտնի լեռնադահուկային հանգստավայրը գտնվում է քաղաքի վերևում ՝ ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա: Ի սկզբանե ճոպանուղին ունեցել է լեռան ստորոտից (1969 մ) մինչև գագաթ (2819 մ) ձգվող երեք կայան: 2006 թվականին ավելացվել է 4-րդ կայանը, որը ձգվում է առաջին կայանի ավարտից դեպի դիմացի բլուրի գագաթը: Հանգստավայրում կարող եք նաև օգտվել դահուկների, սնոուբորդների և այլ սպորտային պարագաների վարձույթից, ինչպես նաև պրոֆեսիոնալ մարզիչների ծառայությունից: Ծաղկաձորում լեռնադահուկային սպորտի սեզոնը սկսվում է դեկտեմբերին և ավարտվում մարտին: 

Ծաղկաձորը Երևանից հետո երկրորդ քաղաքն է հյուրանոցերի քանակով։ Քաղաքի հայտնի հյուրանոցներն են ՝ «Մարիոթ Ծաղկաձոր», «Մուլտի Ռեստ Հաուս», «Գոլդեն Փելաս Ռեզորթ և Սպա», «Արարատ Ռեզորթ Ծաղկաձոր», «Բեսթ Վեսթերն Ալվա» հյուրանոցները, «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» հյուրանոցը:

2015 թվականին քաղաքում տեղի ունեցավ ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Ինչպես նաև Ծազկաձորի օլիմպիական համալիրում է անցկացվում «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթը: Տարբեր սպորտաձևերի համար նախատեսված ժամանակակից մարզադահլիճների և միջազգային չափանիշներին համապատասխանող օլիմպիական լողավազանի շնորհիվ այս համալիրը մշտապես գտնվում է տեղի և օտարերկրյա մարզիկների ուշադրության կենտրոնում:


Sights

Կեչառիսի վանք

Կեչառիսը միջնադարյան վանական համալիր է, որը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրում: Կեչառիսի վանքը եղել է Հայաստանի կրոնական և կրթական խոշոր կենտրոն: Վանքը կառուցվել է անվանի գիտնական, փիլիսոփա, բանաստեղծ, քաղաքական և ռազմական գործիչ Գրիգոր Մագիստրոս Փահլավունու կողմից (990-1058թթ․):

Read More