Երևանի մանկական երկաթուղի

Երևանի մանկական երկաթուղի

August 12, 2019

Եթե ուզում եք հետ գնալ ժամանակի մեջ և զգալ մանկության շունչը, ապա այցելեք Երևանի մանկանան երկաթուղի, որը հիմնվել է դեռևս 1937 թվականին։ Երկաթուղու նեղ գիծն անցնում է Հրազդանի կիրճով:

Երևանի մանկական երկաթուղու պատմությունը

Երևանում մանկական երկաթուղի ստեղծելու գաղափարն առաջացել է 1935 թվականին: Շինարարությունը սկսվել է 1936-ին, երբ դրվել է առաջին քարը, որի վրա շուտով պիտի կառուցվեր կայարանի «Փարոս» կոչվող շենքը: 

Երկաթուղային կայարանի նախկին շենքը կառուցված է եղել փայտից: Երկաթուղին, ինչպես նաև ամբողջ այգին, նախագծվել էր Միքայել Մազմանյանի կողմից։ Մանկանան կայարանի փայտե շենքը սկսել է գործել 1937 թվականի հունիսի 9-ին՝ Խորհրդային Միության տարիներին։ 40-ականների վերջում կառուցվել է կայարանի քարե շենքը, որի հեղինակն է ճարտարապետ Գոհար Գրիգորյանը։ Այդ շենքը գործում է մինչև այսօր։

Երևանի մանկական երկաթուղու պատմությունը

1937-ին մանկական երկաթուղին Պոդոլսկի շոգեքարշային գործարանի կողմից նվեր ստացավ շոգեքարշ ու երեք մարդատար վագոններ։ Դա մի փոքր շոգեքարշ էր, որը հետագայում փոխարինվեց ավելի ժամանակակից գնացքով։ Առաջին փոքր շոգեքարշը դեռևս պահպանվում է և համարվում է Հայաստանի ամենահին գնացքը։

Երևանի մանկական երկաթուղին այն եզակի երկաթուղիներից է, որը հիմնվել է խորհրդային տարիներին և շարունակել է աշխատել, նույնիսկ վարչակարգի փլուզումից հետո։ 

Նախկինում կայարանի շենքում եղել է կայարանապետի և հերթապահի առանձնասենյակները, հեռագրատունը, առողջապահական սենյակն ու դրամարկղը։

Երևանի մանկական երկաթուղու կառուցվածքը

Երկաթուղու երկարությունը 2.1 կմ է: Այն ձգվում է Հրազդան գետի երկայնքով՝ կիրճի միջով:

Մանկական երկաթուղին ներառում է երկու կայարան. «Հայրենիք», որը սկզբում կոչվում էր «Փարոս», և «Պիոներական»: Երկրորդ՝ «Ուրախություն» կայարանը, այլևս չի գործում և ունի վերանորոգման կարիք:

«Ուրախություն» կայարանից դեպի «Պիոներական» կայարան տանող հատվածի վրա 1956 թ.-ին կառուցվել է թունել։ Թունելի երկարությունը 45 մ է։

Երևանի մանկական երկաթուղու կառուցվածքը

Այգին միանում է քաղաքի կենտրոնին երկու մեծ թունելներով, որոնց երկարությունը 400 մետր է։ Այսօր թունելներից մեկը փակ է, իսկ մյուսը՝ վերանորոգման կարիք ունի: Այնուամենայնիվ, այն դեռևս գործում է։ Թունելի կառույցը շատ հետաքրքրական է, այն լուսավորվում է տաք նարնջագույն լույսերով:

Այգու կողմից՝ թունելի մուտքի մոտ, դուք կարող եք տեսնել ժայռի վրա տեղադրված հովազի հսկայական քանդակ: Այգում նաև տեղադրված են աղբյուրներ՝ ԽՍՀՄ-ի հերոսների անուններով։

Երևանի մանկական երկաթուղին այսօր

Ներկայումս Երևանի մանկական երկաթուղին ունի մեկ շոգեքարշ և երկու մարդատար վագոններ: Աշխատում են «Հայրենիք» և «Պիոներական» կայարանները: 

Մանկական երկաթուղին բաց է տարվա տաք եղանակին՝ մայիսից մինչև հոկտեմբերի վերջ: Այստեղ հատկապես մարդաշատ է հանգստյան օրերին։ Երկաթուղին աշխատում է ամեն օր` առավոտյան 11-ից մինչև երեկո: Տոմսի արժեքը 300 դրամ է։

Երևանի մանկական երկաթուղին այսօր

Երեխաները պաշտում են այս ատրակցիոնը, սակայն դուք ևս կարող եք վայելել գնացքով ճանապարհորդությունը Հրազդան գետի կիրճի երկայնքով: 

Այգում կան նաև սրճարաններ և երեխաների համար նախատեսված այլ ատրակցիոններ: Այստեղ երեխաների հետ կարելի է անցկացնել ամբողջ օրը և միասին զվարճանալ։ Մանկական երկաթուղու այգին շատ են սիրում նաև սիրահար զույգերը:

Երևանի մանկական երկաթուղի

Ի՞նչ անել Երևանի մանկական երկաթուղում։

Բացի գնացք նստելը, Երևանի մանկական երկաթուղու այգում կարելի է նաև երկար զբոսնել: Այս այգին համարվում է Երևանի այգիներից ամենահանգիստը: Այստեղ դուք կարող եք շրջել կիրճում և վայելել բնությունը:

Հրազդան գետը և կիրճը որոշակի վայրիություն են հաղորդում շրջակա միջավայրին և հիանալի մթնոլորտ ապահովում իրական հանգստի համար: Այստեղ կարող եք գետի ափին փոքր խնջույք կազմակերպել, գետում լողալ և վայելել ձեր ժամանակը:

Ի՞նչ անել Երևանի մանկական երկաթուղում

Գտնվելով քաղաքի կենտրոնից ընդամենը 20 րոպեի հեռավորության վրա՝ զբոսայգին, այնուամենայնիվ, ամբողջովին մեկուսացված է աղմկոտ քաղաքային կյանքից: Դուք կարող եք ցանկացած պահի փախչել առօրյա հոգսերից, զբոսնել այգու արահետներով և վայելել գետի հանգստացնող ձայնը:

Որտե՞ղ է Երևանի մանկական երկաթուղին

Երկաթուղին գտնվում է Հրազդան գետի կիրճում: Այստեղ կարելի է հասնել թունելով, որի մուտքը Մեսրոպ Մաշտոցի պողոտայից մի քանի մետր հեռավորության վրա է:

Որտե՞ղ է Երևանի մանկական երկաթուղին

Գտնվելով մայրաքաղաքի կենտրոնում, երկաթուղին բոլորովին կտրված է զբաղված և աղմկոտ փողոցներից: Թունելը բաժանարար գիծ է քաղաքի և երկաթուղու միջև: Երբ անցնում ես ընդամենը 400 մետր երկարություն ունեցող թունելով, թվում է, թե հայտնվում ես քաղաքի հեռավոր արվարձանում:

Ամփոփում

Երևանի մանկական երկաթուղին քաղաքի գրավիչ վայրերից մեկն է, որը պետք է անպայման այցելել: Այգին ներայացնում է հնի և նորի հետաքրքիր համակցություն: Մի հապաղեք մեկ օր կամ մի քանի ժամ անցկացնել այս գեղեցիկ վայրում: Ի վերջո, սա ժամանցի տարբերակներից մեկն է, որն առաջարկում է հիանալի Երևանը: Հավատացե՛ք, ձեզ անպայման դուր կգա այս «թռիչքը» ժամանակի միջով, իսկ ձեր երեխաներին կպարգևի հաճելի հիշողություններ։

Ձեզ կհետաքրքրի նաև