3604, Վայոց Ձոր
Նորավանքը 13-14-րդ դարի հոյակերտ վանական համալիր է: Գտնվում է Երևանից 122 կմ հեռավորության վրա, Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում: Կառույցը համարվում է 14-րդ դարի ճարտարապետական գլուխգործոց՝ ստեղծված շնորհալի նկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկի կողմից:
Վանքը ներառում է երեք եկեղեցիներ՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Կարապետ և Սուրբ Գրիգոր, գավիթը, տապանատունը և Սմբատ իշխանի դամբարանը: Եկեղեցու արևմտյան կողմում գտնվում են հին շենքի ավերակները: Գավիթը կառուցվել է եկեղեցուց հետո: 1321-ին այն ավերվել է երկրաշարժի հետևանքով և հետագայում վերակառուցվել քանդակագործ և ճարտարապետ Մոմիկի կողմից:
Վանքի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, տպավորիչ եռահարկ շինություն է, որը կառուցվել է 1339 թ.: Կառույցի կիսագետնափոր առաջին հարկում դամբարանն է։ Արևմտյան մուտքի երկու կողմից պատի հետ վեր բարձրացող նեղ պահունակային աստիճանները տանում են դեպի երկրորդ հարկի աղոթարանը։
Եկեղեցու ճակատներին արված են հարթաքանդակներ, որոնք առանձնանում են իրենց նրբաճաշակությամբ և կատարման վարպետությամբ։ Եկեղեցու հարավային կողմում պահպանվել է Մոմիկի՝ իր իսկ կերտած համեստ խաչքար-մահարձանը։
Նորավանքը 1995 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: