Հայկական լեռնաշխարհում մի շարք հետաքրքիր վայրեր կան՝ բնության հրաշքներ, որտեղ բացահայտելու շատ բան կա։ Չնայած Հայաստանը փոքր տարածք է, երևի ոչ ոք չի հասցրել բացահայտել այս երկրում թաքնված բոլոր հրաշքները։ Յուրաքանչյուր վայր, կառույց և նույնիսկ ծառ պատմական ու մշակութային արժեք ունի Հայաստանում։
Այսպիսի հետաքրքիր վայրերից է Լաստիվերը։ Մայրաքաղաք Երևանից այստեղ հասնելու համար մի քանի ժամվա (2-3) երթևեկություն է պահանջվում։ Լաստիվերը գեղատեսիլ մի վայր է, որը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում։ Գյուղը 10 կիլոմետր հեռու է մարզկենտրոն Իջևանից։
Լաստն ի վեր
Լաստիվեր անվանումը ծագել է «լաստն ի վեր» արտահայտությունից։ Այստեղ կարելի է զգալ ինչպես հեքիաթում կամ մանկության երազում։ Այս հրաշալի վայրում բացահայտելու մի քանի հրաշք կա։ Եկե՛ք ծանոթանանք դրանց հետ։
Լաստիվեր քարանձավ
Մոնղոլական արշավանքների ժամանակ Լաստիվերը տեղի բնակիչների համար ապաստան է ծառայել։ Նրանք աստիճան են պատրաստել այստեղ բարձրանալու համար, որը լաստ էր հիշեցնում։ Ահա, թե որտեղից է առաջացել Լաստիվեր անվանումը։
Լաստիվեր քարանձավը երկհարկանի է և գտնվում է սաղարթախիտ կիրճի լանջին։ Այս քարանձավի պատերին փորագրած որոշ նշաններ կան, որոնց հեղինակը, թվում է, փորձել է հարսանիք պատկերել։ Ասում են՝ այս պատկերները ստեղծվել են հեղինակի մեկուսացման պայմաններում։ Հենց այս պատճառով էլ Լաստիվեր քարանձավը հայտնի է նաև «Անապատ» անվամբ։
Լաստիվեր անապատը դարավոր պատմություն ունի։ Քարանձավի պատերին բազմաթիվ փորագրություններ կարելի է տեսնել։ Ասում են՝ այս փորագրությունները հեթանոսական ժամանակներից են գալիս։ Հավանաբար, հեղինակը անհայտ մի քանդակագործ է։
Քարանձավը ծառայել է որպես հայ աստվածներին երկրպագելու վայր։ Այստեղից գեղատեսիլ տեսարան է բացվում դեպի Լաստիվերի ջրվեժներ։
Լաստիվերի ջրվեժները
Տավուշի մարզը հարուստ է գետերով, որոնք հոսում են բարձր լեռներից։ Այս գետերից էլ ձևավորվել են Լաստիվերի ջրվեժները։
Այս ջրվեժները կարելի է բնության հրաշքներ համարել։ Տարածքում օդը զով է, իսկ ջրի մելոդիկ հնչյունները եթերային մթնոլորտ են ստեղծում։
Լաստիվերի բնությունը
Դժվար է Լաստիվերի գեղեցկությունը բառերով նկարագրել։ Ամեն դեպքում, կփորձեմ ներկայացնել։ Լաստիվերի բնությունը շնչահեղձության հասցնելու չափ հիասքանչ է։ Շուրջբոլորը սաղարթախիտ անտառներ են, ամենուր կանաչ է, մաքուր ու թարմ օդ։
Հավանաբար, Լաստիվերի տարածքում ամենահետաքրքիրը ծառերի վրայի փայտե տնակներն են։ Թվում է, սրանք հեքիաթի քայլող խրճիթներ են, իսկ ներսում փերիներ կան։
Լաստիվեր ռեզորտ
Լաստիվեր ռեզորտը հյուրանոց է, որտեղ կարելի է մնալ և մի քանի օր անց կացնել բնության գրկում։ Լաստիվեր հյուրանոցը տեղադրված է մի շատ գեղատեսիլ վայրում, որտեղից կարելի է վայելել անտառապատ լեռնային մի տեսարան։ Հյուրանոցի մոտ՝ ժայռի ծայրին բացօթյա լողավազան կա։
Արշավ դեպի Լաստիվեր
Հեշտ չէ Լաստիվեր հասնել։ Լեռնային արահետն անցնում է դժվարանցանելի տարածքներով։ Չնայած այս հանգամանքին՝ արշավները դեպի Լաստիվեր այնքան հետաքրքիր են, որ դժվարություններն անտեսվում են։ Փոխարենը իրենց մասին հիշեցնում են գեղատեսիլ տեսարանները, թարմ օդը և հրաշալի արշավը։
Դեպի քարանձավներ տանող արահետը հնարավոր է անցնել միայն ոտքով։ Այս արահետը լի է արկածներով։ Քայլելով Լաստիվերի տարածքում՝ մարդիկ հոգևոր կապի մեջ են մտնում բնության հետ։ Շուրջբոլորն այնքան գրավիչ է ու վայրի, որ կարծես նույնիսկ մարդկային աչքը չի տեսել այս հրաշալի տեսարանը։
Լաստիվերում եղանակը խոնավ է, իսկ երկինքը սովորաբար ամպերով է պատված։ Ցածրադիր վայրերի հետ համեմատած՝ այստեղ զով է։ Լաստիվերի տարածքում նաև բար կա։ Իսկ երեկոյան սովորաբար մեծ խարույկ է լինում, որի շուրջ մարդիկ հավաքվում են, կիթառ նվագում և երգում իրենց սիրելի երգերը։
Ամփոփում
Լաստիվերը հրաշքների աշխարհ է։ Քարանձավները, ջրվեժները, փոքր գետերը, փայտե խրճիթները․ այս ամենը Լաստիվերի հեքիաթային միջավայրի անբաժան մասն են կազմում։
Այս վայրը կատարյալ ընտրություն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ներդաշնակության մեջ վայելել իրենց հանգիստը և անբացատրելի զգացողություններ ստանալ։ Սա դրախտ է երկրի վրա, որտեղ կարելի է փախչել քաղաքի աղմուկից ու շոգից և հանգիստը վայելել մայր բնության գրկում։
Հրապարակվել է 2019թ․ հուլիսի 8-ին
Հեղինակ՝ Վերա Միրզոյան