Area: 4,506 km2
Population: 141,771 (2011)
Սյունիքի մարզը գտնվում է Հայաստանի հարավում: Այն սահմանակից է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, Իրանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Սյունիքը հին հայկական թագավորության նահանգներից մեկն էր: Պատմականորեն տարածաշրջանը հայտնի էր որպես Սյունիա, Սիսական և Զանգեզուր:
Սյունիքը համարվում է Հայաստանի ամենահարուստ արդյունաբերական շրջանը: Ամենամեծ գետը Որոտանն է, ամենաբարձր լեռը՝ Կապուտջուղը (3,904):
Սյունիքի մարզկենտրոնը Կապանն է՝ հայտնի նաև Ղափան անունով: Հայ արշավականների և լեռնագնացների ամենասիրելի Խուստուփ լեռը բարձրանում է Կապանի վրա և գեղեցկացնում քաղաքի համայնապատկերը:
19-րդ դարի վերջին Հին Խնձորեսկն Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղն էր: XX դարի սկզբին համայնքն ուներ 8300 բնակիչ, 7 դպրոց, 27 խանութ։ Գյուղն ունեցել է 4 եկեղեցի՝ Սբ. Հռիփսիմե, Սբ. Թաղևոս, Անապատի և Հին։
1735 թ. Խնձորեսկ է այցելել Կաթողիկոս Աբրահամ Կրետացին, ով իր տարեգրություններում մանրամասն ներկայացրել է համայնքի կյանքը:
Խնձորեսկը հայտնի է Դավիթ Բեկի ազատագրական շարժմանը մասնակցությամբ: Խնձորեսկի բերդը ծառայել է նաև որպես ռազմական հենակետ Մխիթար Սպարապետի համար:
Այնուամենայնիվ, Խնձորեսկը հիմնականում հայտնի է իր կիրճով՝ գեղատեսիլ ժայռաձև կազմավորումներով և հին քարանձավային բնակավայրով: Արհեստական քարանձավները, որոնց մի մասը ներկայումս օգտագործվում են որպես ախոռներ և պահեստներ, նախկինում բնակեցված են եղել (մինչև 1950-ականները): Կիրճում է գտնվում 17-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին:
Խնձորեսկի «Ճոճվող կամուրջը» հայտնի զբոսաշրջային վայր է: Կամուրջի շինարարությունը տևել է երկու տարի (2011-2012): Դրա երկարությունը 160 մ է, բարձրությունը՝ 63 մ, իսկ քաշը՝ 14 տոննա: Կամուրջը միացնում է Հին Խնձորեսկի երկու հատվածները:
Կամուրջը կարելի է հատել 5 րոպեում, սակայն որպեսզի վայելեք հիանալի տեսարանները հարկավոր է դանդաղ քայլել: «Ճոճվող կամուրջը» կառուցել է տեղացի Ջորա Ալեքսանյանը և նվիրել ծնողների հիշատակին:
Սյունիքի անհերքելի գանձը Տաթևի վանքն է, որը կառուցվել է 895 թվականին: Տաթևի վանքը երկար ժամանակ եղել է Հայաստանի մշակութային կենտրոնը, և այժմ այն Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է: 1995 թվականին Տաթևի վանքը ընդգրկվել է ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության Համաշխարհային ժառանգության փորձագիտական ցանկում:
Տաթևի վանքի պատմությունը սկսվում է 9-րդ դարից: Անկասկած, այս վանքը հայկական ամենահին և ամենահայտնի համալիրներից մեկն է: Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է 895 թվականին՝ Հովհաննես Եպիսկոպոսի կողմից և Սյունյաց իշխաններ Գրիգոր Սուփանի ու Ձագիկի աջակցությամբ: 930 թվականին եկեղեցու ներսի պատերը փորագրվել են գեղեցիկ որմնանկարներով:
Համալիրը ներառում է Պողոս-Պետրոս, Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր եկեղեցիները, Գրիգոր Տաթևացու դամբարանը, «Գավազան» հուշարձանը և այլ պատմական շինություններ: Խորհրդավոր «Գավազան» հուշարձանը կառուցվել է 906 թվականին:
Սյունիքի հարուստ բնության և Տաթևի վանքի աներևակայելի տեսարանի համադրությունը մեծ տպավորություն է գործում և հավերժանում հիշողության մեջ:
«Տաթևեր»-ը աշխարհի ամենաերկար ճոպանուղին է (5, 7 կմ), որն անվանում են Սյունիքի գանձ: Ճոպանուղին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: «Տաթևեր»-ով Որոտան գետի վրայով անցնող անմոռանալի օդային ճանապարհորդությունը տևում է 12 րոպե, որի ընտաթքում հնարավորություն կունենաք զմայլվել շրջապատող աննկարագրելի գեղեցկությամբ։
Սյունիքի մարզի կլիման բազմազան է: Հիմնականում տարածքը տաք է: Հունվարին ջերմաստիճանը տատանվում է 1° C- ից -10° C: Սյունիքի մարզի Մեղրի քաղաքը Հայաստանի ամենատաք շրջանն է:
2011 թվականի մարդահամարի տվյալներով Սյունիքում բնակվում է 141 771 մարդ: Մարզկենտրոն Կապանում՝ 45 500 մարդ:
Կապանը Սյունիքի մարզի վարչական կենտրոնն է: Գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան մասում՝ Խուստուփ լեռան և Ողջի գետի մոտակայքում: Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 5-րդ դարում։ 10-րդ դարում այն դարձել է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը: «Կապան» նշանակում է «կիրճ» կամ «լեռնանցք»:
Խուստուփ լեռը կանգնած է Կապան քաղաքից հարավ: Քաղաքի և լեռան համայնապատկերը աննկարագրելի գեղատեսիլ է:
Կապանը և հարակից տարածքները հարուստ են պատմամշակութային հուշարձաններով: Այստեղ կարելի է այցելել «Բաղաբերդ» ամրոցը, որը կառուցվել է 4-րդ դարում և հայտնի է նաև որպես Դավիթ Բեկի ամրոց: Բաղաբերդը ծառայել է որպես ամրոց 4-12-րդ դդ․ ընթացքում: Այն տեղակայված է Կապան քաղաքից ոչ հեռու գտնվող բլրի գագաթին՝ 1.438 մ բարձրության վրա:
Ըստ լեգենդի՝ Բաղաբերդը կախովի կամրջով կապված է եղել դիմացի ժայռին բարձրացող մեկ այլ ամրոցի հետ, իսկ օդային ճանապարհի մուտքը պաշտպանվել է հսկայական դռնով։ Կապանի գոհարներից է նաև Հալիձորի ամրոցը, որը կառուցվել է 17-րդ դարում և հայտնի է եղել որպես անառիկ ամրոց և կրոնական համալիր։
Այստեղ է գտնվում նաև Շիկահողի ազգային արգելոցը: Այն հիմնադրվել է 1958-ին՝ շրջանի անտառներն ու կենդանիներին պաշտպանելու նպատակով: Արգելոցի բուսական և կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Շիկահողի տարածքը կազմում է շուրջ 12137 հա: Արգելոցի տարածքում շատ են լեռնային առուները և հանքային աղբյուրները: Այստեղ է գտնվում նաև մի շատ գեղեցիկ միջնադարյան կամուրջ:
Քաղաքից ընդամենը 5 կմ դեպի արևմուտք Վահանավանքն է: Այն պատկանում է 10-11-րդ դարերին և գտնվում է Տիգրանասար լեռան գագաթին: Վանքի շրջակայքը շատ գեղատեսիլ է: Կապանից ոչ հեռու Երիցավանքի եկեղեցին է (5-11դդ․):
Կապան քաղաքում կարող եք այցելել Բաղբուրջի հուշահամալիր՝ նվիրված Սումգայիթի և Բաքվի, Հայոց ցեղասպանության և Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին: Համալիրը ներառում է նաև Արցախյան ազատամարտում զոհված կապանցի հայորդիների եղբայրական գերեզմանոցը:
Հրաշալի բնություն, ժայռոտ լեռներ, մաքուր օդ, պատմական հուշարձաններ, ամրոցներ և այլ հետաքրքիր վայրեր․ ահա թե ինչ կարող եք գտնել Կապանում:
Տաթևի հոյակերտ վանական համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի մոտակայքում՝ սարահարթի վրա: Վանքը կառուցվել է 895 թվականին և դարեր շարունակ եղել է Հայաստանի նշանավոր կրթական և մշակութային կենտրոնը:
Read More