Հայաստանի լեռները

Հայաստանի լեռները

Թարմացված է Ապրիլ 30, 2020

Հայաստանը հայտնի է որպես լեռնային երկիր։ Խոսելով Հայաստանի մասին՝ մենք պատկերացնում ենք հարուստ բնաշխարհով և գեղեցիկ լեռներով մի փոքր ու հնամյա երկիր, որը չի դադարում զարմացնել իր գեղատեսիլ բնությամբ և որի ամեն մի կտորը դարերից եկող պատմություն ունի։

Հայաստանի լեռներն առանձնանում են երկար ու ձիգ լեռնաշղթաներով, վեհ գագաթներով, ծաղկաշատ լանջերով։ Մեր լեռներից յուրաքանչյուրի շուրջ ժողովուրդը հյուսել է բազմաթիվ լեգենդներ ու պատմություններ՝ առեղծվածային խորհուրդ տեսնելով դրանց վեհության և գեղեցկության մեջ։

Հայաստանի լեռները։ Արարատ

Փաստացիորեն, Արարատ լեռը չի գտնվում Հայաստանի ներկայիս տարածքում։ Այնուամենայնիվ, մի ժամանակ Արարատը պատմական Հայաստանի ամենաբարձր գագաթն էր՝ 5165 մ։

Արարատը Հայաստանի գլխավոր խորհրդանիշներից մեկն է։ Եթե դուք որևէ հայի հարցնեք, թե որոնք են Հայաստանի լեռները, ամենայն հավանականությամբ, նա առաջինը կնշի Արարատը։

Արարատ լեռ

Ըստ ավանդույթի, հենց այս բիբլիական լեռան վրա է հանգրվանել նահապետ Նոյի տապանը մեծ ջրհեղեղից հետո։ Այս սրբազան սարը ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս՝ 5165 մ) և փոքր (Սիս՝ 3925 մ)։

Արարատ, Մասիս և Սիս անունները հաճախ են հանդիպում հայ ազգի մոտ։ Հայերն այսպես են անվանում իրենց զավակներին, և ոչ միայն։ Լեռան անունով է կոչվում Հայաստանի Արարատի մարզըՄասիս և Արարատ քաղաքները, ամբողջ աշխարհում հայտնի Արարատ հայկական կոնյակը, Արարատ-Արմենիա ֆուտբոլային ակումբը և այլն։

Որպես կանոն, լեռան գագաթը ամբողջ տարի ծածկված է ձյունով: Արարատը հաճախ պատված է ամպերով և մառախուղով: Այնուամենայնիվ, պարզ եղանակին, Արարատի տեսքն ապշեցուցիչ է։ Սարը հատկապես լավ է երևում Երևանից և Արարատի մարզից։  

Շատերն են գերվել այս լեռան վեհությամբ և անհասանելիությամբ, բանաստեղծություններ և երգեր նվիրել՝ քրիստոնյաների համար սրբազան համարվող այս լեռանը։

Հայ ժողովուրդը հավատում է, որ կգա այն օրը, երբ Արարատը նորից կլինի Հայաստանի տարածքում։  

Հայաստանի լեռները    

Հայաստանի լեռները։ Արագած

Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է՝ 4090մ: Քառագագաթ հանգած հրաբուխ է և համարվում է Ասիայի ամենահայտնի լեռներից մեկը։ Այն գտնվում է Արագածոտնի մարզում։ Լեռը շրջապատված է արևելքից Քասաղ գետով, արևմուտքից ՝ Ախուրյան գետով, հարավում ՝ Արարատյան դաշտավայրով, իսկ հյուսիսում ՝ Շիրակի դաշտավայրով:

Լեռան անվան ծագումը կապվում է Հայկի որդի Արամանյակի, կամ էլ Արա աստծո անունների հետ և նշանակում է «Արայի գահ»։ 

Լեռը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, ճոխ բուսականությամբ ծածկված հիասքանչ ալպիական մարգագետիններով, գետակներով և ջրվեժներով։ 

Արագած լեռ

Արագածը պարզ երևում է մայրաքաղաք Երևանից, որտեղից կարելի է շատ արագ հասնել լեռան ստորոտը։ Եթե ցանկանում եք բարձրանալ Արագած, ապա կարող եք մեքենայով հասնել լեռան լանջին գտնվող Քարի լիճ, որը Հայաստանի ամենագեղեցիկ լճերից է և գտնվում է 3200 մետր բարձրության վրա։

Վերելքը Քարի լճից մինչև լեռան հյուսիսային գագաթ 8 կիլոմետր է։ Հյուսիսային գագաթը Արագածի ամենաբարձ և դժվար հաղթահարելի գագաթն է։ Այդ իսկ պատճառով շատերը նախընտրում են բարձրանալ հարավային գագաթը, որն ավելի հեշտ է մագլցել։

Առաջին գագաթը, որին կհասնեք, կոչվում է «Կեղծ գագաթ»։ Շատերն այստեղից այլևս չեն շարունակում վերելքը։ Մինչդեռ այստեղից մի նեղ արահետ տանում է դեպի իսկական կատար։ Եթե դուք լեռնագնացության իսկական սիրահար եք, ապա անշուշտ հետ չեք դառնա ճանապարհի կեսից և կվայելեք ամբողջ ընթացքը։

Հայաստանի լեռները։ Աժդահակ

Աժդահակ լեռը Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր կետն է (3,597 մ): Այն գտնվում է Գեղարքունիքի մարզում: Աժդահակը հանգած հրաբխային կոն է, որի խառնարանում ձնհալից գոյացել է բյուրեղյա լճակ:

Աժդահակ լեռ

Աժդահակի գագաթից հիանալի տեսարան է բացվում դեպի Արագած, Արարատ, Հատիս և Արայի լեռներ: Եթե ճիշտ հաշվարկեք եղանակային պայմանները, ապա վերելքը դեպի Աժդահակի գագաթ ձեզ մեծ հաճույք կպատճառի։

Հայաստանի լեռները։ Խուստուփ

Խուստուփ լեռը Խուստուփ-Կատարի լեռնաշղթայի ամենաբարձր կետն է՝ 3205 մետր: Լեռը գտնվում է Սյունիքի մարզում՝ Կապան քաղաքի հարավում: Ողջի և Ծավ գետերը սկիզբ են առնում Խուստուփ լեռան լանջերից: Մի կողմից սարը ծածկված է անտառով, մյուս կողմից՝ ալպյան մարգագետիններով:

Խուստուփ լեռ

Խուստուփը համարվում է սուրբ լեռ: Ժողովուրդը նրան տվել է «ճգնավոր» անունը: Դեռ հին ժամանակներից լեռը եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր: 

Խուստուփի լանջին, Կոզնի կոչվող աղբյուրի մոտ, ամփոփված է զորավար Գարեգին Նժդեհի մասունքները:

Հայաստանի լեռները։ Արմաղան

Արմաղան լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզի տարածքում։ Բարձրությունը 2․829 մ է։ Ինչպես և Աժդահակը, Արմաղանը նույնպես Գեղամա լեռնաշղթայի գագաթներից է: Գագաթային մասի խառնարանում ունի փոքրիկ լճակ՝ շրջապատված ալպիական բուսածածկով։

Վերելքը դեպի Արմաղան բավականին հեշտ է։ Կարելի է հանգիստ վայելել լեռան գեղեցիկ տեսարանները և գագաթի լճակի գեղեցկությունը։ 

Արմաղան լեռ

Կա մի հին ավանդույթ, որի համաձայն, երբ երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու, լեռնագագաթն ամբողջությամբ պատվում է մառախուղով, որպեսզի փերիներն անտեսանելի լինեն մարդկանց համար։

2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, կառուցվել է մի փոքր գմբեթավոր եկեղեցի։ Այսպիսով, երբ հաղթահարեք վերելքը և հասնեք գեղատեսիլ լճակին, փոքր ինչ հեռու՝ բարձունքի վրա, կտեսնեք եկեղեցին։

Հայաստանի լեռները։ Արա

Արա կամ Արայի լեռը հանգած հրաբուխ է, գտնվում է Կոտայքի մարզի սահմանին։ Լեռան բարձրությունը 2.614մ է։ Արա լեռան անվան ծագումը կապվում է հայոց լեգենդար արքա Արա Գեղեցիկի անվան հետ: 

Լեռան բուսականությունը և կենդանական աշխարհը բավականին հարուստ է։ Հյուսիսային լանջը տեղ-տեղ անտառապատ է, իսկ մարգագետինները գարնանը նմանվում են ծաղկազարդ կտավների։

Լեռան լանջին կա մի փոքրիկ մատուռ, որը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը ժողովուրդը համարվում է բուժիչ։ 

Արայի փեշերին է գտնվում Եղվարդ քաղաքը։ 

Արայի լեռ

Հայաստանի լեռները։ Իշխանասար

Մեծ Իշխանասար լեռն Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր կետն է՝ 3549 մ: Գտնվում է Սյունիքի և Արցախի սահմանագլխին: Մեծ Իշխանասար լեռան հյուսիսում առանձնանում է Փոքր Իշխանասար լեռը:

Իշխանասար նշանակում է «իշխանական լեռ»։ Լեռը լիովին համապատասխանում է իր անվանը․ բնությունն այստեղ իսկապես փառահեղ է։

Իշխանասար

Մեծ Իշխանասարի լանջերից սկիզբ են առնում մի քանի գետեր։ Արևելյան լանջին՝ 2666 մ բարձրության վրա սառցադաշտային ծագման Սև լիճն է: Լիճն առանձնանում է իր գեղեցկությամբ և զուլալ ջրով։ Ամռանը այստեղ կարելի է նույնիսկ լողալ։ Սև լճից արևելք Սագի լիճն է, որը նախորդից անհամեմատ փոքր է։

Հայաստանի լեռները։ Ուխտասար

Ուխտասարը (3300մ) գտնվում է  Սյունիքի մարզում՝ Սիսիան քաղաքի մոտ։

Լեռան անվան շուրջ հաճախ են լինում բանավեճեր։ Ոմանք ասում են, որ ճիշտը «Ուղտասար» տարբերակն է, քանի որ սարը նման է ուղտի։ Մյուսները պնդում են, որ սարը եղել է ուխտատեղի, և հետևաբար, ճիշտ է այն անվանել Ուխտասար։ 

Իրականում, երկու անվանումներն էլ ունեն իրեց հիմքերը։ Նախ՝ այստեղ իսկապես եղել է ուխտատեղի, ինչի մասին վկայում է 1968 թվականին հայտնաբերված հնավայրը։ Ինչ վերաբերում է ուղտին, ապա այս տարածքում կա ևս մի սար, որն իսկապես նման է կենդանուն և կրում է «Ուղտասար» անունը։

Ուխտասար  

Ուխտասարի հնավայրում հայտնաբերվել են ավելի քան 2000 ժայռապատկերներ, որոնք ցրված են լեռան ստորոտներում, ձորակներում և խարնարանային մանր լճակների շուրջ։ Որոշ փորձագետների կարծիքով ժայռապատկերները պատկանում են պալեոլիթյան ժամանակաշրջանին (մ.թ.ա. 12.000):

Ամփոփում

Հայկական լեռնաշխարհը հայտնի է ծալքաբեկորային լեռնաշղթաներով, երիտասարդ հրաբխային լեռնազանգվածներով և սարավանդներով։ Այն հաճախ կոչվել է լեռնային կղզի։ Այժմ դուք ծանոթ եք Հայաստանի որոշ լեռների և բարձր գագաթների հետ։ Հավատացեք՝ որ գագաթն էլ ընտրեք, ձեզ սպասում են հաճելի վերելք, գեղատեսիլ բնություն, անկրկնելի զգացողություններ ու տպավորություններ։ 

 

Armenia Discovery
Ստեղծված է Օգոստոս 06, 2019 / Թարմացված է Ապրիլ 30, 2020

Հեղինակ՝ Armenia Discovery

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Օդանավակայանների կայանատեղիների կառավարման լուծումներ և համակարգեր
Ապրիլ 27, 2026 Օդանավակայանների կայանատեղիների կառավարման լուծումներ և համակարգեր

Ավիացիոն երթևեկության շուրջօրյա աճը վկայում է օդանավակայանների կայանատեղիների նկատմամբ հետաքրքրության մեծացման մասին: Քանի որ բազմաթիվ ավտոմեքենաներ օդանավակայանի տարածքում մնում են երկար ժամանակ՝ օրեր կամ նույնիսկ շաբաթներ, հողատարածքի սահմանափակումները պետք է ճիշտ հաշվարկվեն՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:...

Շարունակել
Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ
Ապրիլ 16, 2026 Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ

Հռոմը աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ հոսում են այս հնագույն քաղաք՝ տեսնելու նրա տեսարժան վայրերը և վայելելու նրա մշակույթը։ Եթե մոտ ժամանակներս պլանավորում եք այցելել Հռոմ, կան մի քանի բաներ, որոնք...

Շարունակել
Բենգալուրուի հայտնի ուտեստներ
Ապրիլ 16, 2026 Բենգալուրուի հայտնի ուտեստներ

Բանգալորը կամ Բենգալուրուն Կառնատակայի մայրաքաղաքն է և լայնորեն հայտնի է «Հնդկաստանի պարտեզային քաղաք», «Հնդկաստանի Սիլիկոնային հովիտ» և «ՏՏ կենտրոն» անուններով։ Այն ունի հսկայական ռեսուրսներ և իր բնակիչներին առաջարկում է շատ բան։ Բանգալորը հայտնի է իր գեղեցիկ...

Շարունակել