Աշխարհագրական բարձր լեռնային դիրքի և բնակլիմայական պայմանների շնորհիվ Հայաստանը հարուստ է ջրային մեծ պաշարներով: Ավելին, Հայաստանի ջուրը համարվում է աշխարհի ամենամաքուր և համեղ ջրերից մեկը, քանի որ երկրի ջրամբարները սնվում են լեռնային բնական աղբյուրներից:
Հայաստանում շատ են նաև բարձրադիր լեռնային լճերը, որոնցից մենամեծը Սևանն է: Այսօր կթվարկենք Հայաստանի ամենահայտնի և գեղեցիկ լճերը և կփորձենք պարզել դրանց մասին գրեթե ամեն ինչ: Սկսե՛նք։
Հայաստանի լճերը #1 Սևան
Սևանը Հայաստանի ամենամեծ լիճն է։ Այն գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից 1․900մ բարձրության վրա։ Հայելու մակերեսը կազմում է 1․260 կմ², առավելագույն խորությունը՝ 83 մ է։ Չորս կողմից լիճը շրջապատված է Արեգունու, Սևանի, Վարդենիսի և Գեղամա լեռներով։ Դարեր առաջ՝ 874 թվականին, Սևանա կղզում կառուցվել է Սևանավանքը, որն այսօր հատուկ հմայք է հաղորդում լճին, և ժամանակի ընթացքում ջրի մակարդակի իջեցման պատճառով, թերակղզու վերածված կղզուն։
Լիճը գտնվում է Սևան ազգային պարկի տարածքում։ Պարկը ստեղծվել է 1978 թվականին՝ լիճը և հարակից տարածքները պահպանելու նպատակով: Սևան ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքում ապրում է թռչունների 267 տեսակ։ Պարկի ֆլորան ընդգրկում է հարյուրավոր բուսատեսակներ, որոնցից 23-ը Հայաստանի էնդեմիկ բուսատեսակներ։ Արգելոցի նպատակն է նաև պահպանել Սևանի իշխան կոչվող արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակը։
Անգնահատելի է նաև Սևանի կարևորությունը որպես Էլեկտրաէներգիայի աղբյուր։ Սևանա լիճ թափվում է 28 գետ և գետակ, իսկ լճից դուրս է գալիս միայն Հրազդան գետը, որն օժտված է էներգետիկ մեծ պոտենցիալով:
Սևանը նաև Հայաստանի գլխավոր ամառային հանգստավայրն է։ Չունենալով մուտք դեպի ծով՝ տեղացիները և զբոսաշրջիկները այստեղ են փախչում ամռան տապից։ Լճի ափին կան հասարակական լողափեր, տաղավարներ, հյուրանոցներ և ռեստորաններ։ Լողափերը տրամադրում են անվճար կայանատեղեր և խաղահրապարակներ, գործում են բժշկական օգնության կայաններ և փրկարարական ծառայություններ:
Զբոսաշրջիկները հատկապես այցելում են Սևան՝ վայելելու բացառիկ գեղատեսիլ բնությունը և տեսնելու Հայաստանի ամենաառաջին վանքերից մեկը՝ Սևանավանքը։
Հայաստանի լճերը #2 Գոշ
Գոշ լիճը գտնվում է Տավուշի մարզի խիտ անտառներում՝ Դիլիջան արգելոցի սրտում: Լիճը գտնվում է Գոշ գյուղից ոչ հեռու, որտեղ կանգնած է հոյակապ Գոշավանքը:
Լիճը, ինչպես և վանքն ու գյուղը, անվանվել է 12-13դդ․ հայ գիտնական, օրենսդիր, առակագիր, մանկավարժ և հասարակական գործիչ Մխիթար Գոշի անունով։ Գոշ լիճը շրջապատված է խիտ անտառներով և հարուստ բնությամբ։
Տարվա տաք եղանակին հաճախ են կազմակերպվում արշավներ դեպի Գոշ լիճ։ Լիճը տանող ճանապարհն ինքնին հիասքանչ է և անմոռանալի, իսկ հասնելով լճին՝ իսպառ կորցնում ես խոսելու որևէ ցանկությունը, որովհետև հիացմունքը տեղ չի թողնում խոսքերին։
Հայաստանի լճերը #3 Քարի լիճ
Քարի լիճը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան լանջին։ Լճի բարձրությունը ծովի մակարդակից 3185 մ է: Մոտակայքում Բյուրական գյուղն է, որտեղից կարելի է հեշտությամբ ոտքով հասնել լիճ։
Լիճն առաջացել է սառցե գոյացություններից և ձնհալից։ Ջրի ջերմաստիճանը միշտ սառն է լճի բարձր դիրքի և ձյունով շրջապատված լինելու պատճառով։ Քարի լճից սկիզբ է առնում Արքաշեն գետը։
Հայաստանի լճերը #4 Արփի
Հայաստանի երկրորդ ամենամեծ լիճն Արփին է: Այն գտնվում է Շիրակի մարզում։ Տեղակայված է ծովի մակարդակից 2025 մ բարձրության վրա: Լճի մակերեսը 220կմ² է։ Ջուրն ամբողջ տարին շատ սառն է, իսկ ձմռանը լիճը ծածկվում է սառույցով։ Արփի լճի ջրամբարը հիմնականում օգտագործվում է ոռոգման նպատակով։
Լճի մերձակայքն ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ։ Այստեղ ապրում են ավելի քան 100 տեսակի թռչուններ, որոնցից մի քանիսը ներառված են Կարմիր գրքում: Այստեղ են ապրում նաև Կարմիր գրքում ներառված ջրլող թռչուններից սև արագիլը և մոխրագույն կռունկը: «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում աճում է գրեթե 700 տեսակի բույս։ Լճի մերձակայքը բավականին հետաքրքիր է էկոտուրիզմի սիրահարների համար։
Հայաստանի լճերը #5 Ակնա
Լիճը տեղակայված է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի սահմանին՝ ծովի մակարդակից 3032 մ բարձրության վրա:
Մակերեսը 0,8 կմ² է, իսկ առավելագույն խորությունը՝ 15 մետր: Ջուրը պարզ է և քաղցրահամ: Ակնան հայելու նման արտացոլում է շրջակա սարերը և կապույտ երկինքը: Մենք առաջարկում ենք այս վայրը արշավների սիրահարներին:
Հայաստանի լճերը #6 Պարզ լիճ
Պարզ լիճը փոքր լճակ է Դիլիջանում՝ ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա: Այն շրջապատված է Դիլիջան ազգային պարկով։ Պարկը ստեղծվել է շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով:
Լիճն ամբողջովին շրջապատված է անտառներով և կտրված է արտաքին աշխարհից։ Այստեղ լողալն արգելվում է, սակայն կարելի է լավ ժամանակ անցկացնել ափին՝ նավակ վարել, վրան խփել կամ հետևել ճրի վրա լողացող բադերին։ Վերջին տարիներին այստեղ կազմակերպվում են նաև տարբեր ատրակցիոններ։
Հայաստանի լճերը #7 Սև լիճ
Սև լիճը գտնվում է Սյունիքի մարզում՝ Մեծ Իշխանասար լեռան հարավարևելյան լանջին, ծովի մակարդակից բարձրությունը 2650 մ է: Սև լիճը նունպես քաղցրահամ լիճ է:
Ընդհանուր մակերեսը 2 կմ է, իսկ խորությունը հասնում է մինչև 7.5մ: Լճի ջուրն օգտագործվում է ոռոգման համար: 2001-ին այստեղ ստեղծվել է արգելոց՝ լճի բնական էկոհամակարգի պահպանության նպատակով: Արգելոցը զբաղեցնում է 240 հա տարածք։
Հայաստանի լճեր #8 Երևանյան լիճ
Այս լիճը գտնվում է Երևանում: Ավելին, սա ոչ թե լիճ է, այլ արհեստական ջրամբար, որը կառուցվել է Հրազդանի կիրճում 1970 թվականին: Լճի մակերեսը 0,65 կմ² է, առավելագույն խորությունը՝ 18 մ։ Երևանյան լիճը մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի համար։ Լճում կան ձկներ և խեցգետնազգիներ, լողալն այստեղ արգելվում է։
Հայաստանի տարածքում կա տարբեր ծագման մոտ 100 քաղցրահամ լիճ և լճակ: Մեր լեռնաշխարհում շատ են հրաբխային լեռները, որոնց գագաթի խառնարանները լցվել են ջրով և դարձել գեղատեսիլ լճակներ։ Այնպես որ, փոքր Հայաստանի բնաշխարհն այնքան հարուստ է, որ տարիներն էլ բավական չեն լինի այն ամբողջությամբ բացահայտելու և ճանաչելու համար։ Կարելի է սկսել, օրինակ, մեր հոդվածում նշված լճերից որևէ մեկով։