Արարատ

Ararat

Արարատ քաղաքը գտնվում է Արարատի մարզում, մայրաքաղաք Երևանից 42 կմ հարավ-արևելք, և Արաքս գետից 7 կմ արևելք ՝ Հայաստան-Թուրքիա սահմանին:

Արարատն առավել հայտնի է որպես ծանր արդյունաբերության կենտրոն: Այստեղ են գտնվում Հայաստանի ցեմենտի և ոսկու արդյունահանման գործարանները: Այն Արարատի մարզի կարևոր քաղաքներից է, որը տեղակայված է Երևան-Նախիջևան մայրուղու վրա, մարզկենտրոն Արտաշատից 19 կմ դեպի հարավ:

Քաղաքի բնակչությունը կազմում է շուրջ 20.300 մարդ: Քաղաքը պաշտոնապես անվանվել է Արարատ 1947 թվականին՝ մոտակա բիբլիական Արարատ լեռան անունով:

Արարատ քաղաքից հյուսիս և արևելք ձգվում է Ուրծի լեռնաշղթան, որի երկարությունը 25 կմ է, իսկ ամենաբարձր կետի՝ Ուրծ լեռնագագաթի բարձրությունը` 2445 մ: Լեռնաշղթան արշավականների սիրված ուղղություններից է։

Արարատ քաղաքի պատմությունը

Արարատի ցեմենտի գործարանի հիմնադրումը սկսվել է 1927 թվականին Խորհրդային Հայաստանում։ Զուգահեռ կառուցվել են նաև բնակարաններ՝ աշխատողներին տեղավորելու համար: 1930 թվականին բնակավայրը պաշտոնապես ձևավորվել է որպես աշխատանքային ավան, իսկ 1935-ին ընդլայնվել շրջակա գյուղական տարածքների ընդգրկմամբ և շարունակել զարգանալ որպես ՀԽՍՀ գլխավոր արդյունաբերական կենտրոն՝ դառնալով քաղաքային տիպի բնակավայր:

1962 թվականին բնակավայրի արագ ընդլայնման և բնակչության աստիճանական աճի շնորհիվ՝ Արարատը ստացել է քաղաքի կարգավիճակ: Պատմականորեն, քաղաքի ներկայիս տարածքը Հին Հայաստանի Այրարատի նահանգի Ոստան Հայոց գավառի մի մասն էր կազմում:

Այսօր Արարատում գործում է մշակույթի պալատ, որը գտնվում է կենտրոնական հրապարակում՝ քաղաքապետարանի հարևանությամբ: Քաղաքում կան նաև արվեստի ակադեմիա, մարզադպրոց և երիտասարդական ստեղծագործական կենտրոն:

2009 թվականի սեպտեմբերի 16-ին քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրվեց սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը: