Քաղաքը տեղակայված է Արարատյան դաշտի կենտրոնական մասում, Հրազդան գետի ափին՝ Երևանից 16 կմ հարավ-արևմուտք` հնագույն Արտաշատ քաղաք տանող ճանապարհին: Քաղաքն ունի մեծ երկաթուղային կայարան, որը սպասարկում է Երևանը:
Մասիսը Արարատ լեռանը ամենամոտ գտնվող բնակավայրերից մեկն է: Լեռը տեսանելի է քաղաքի գրեթե բոլոր մասերից: Քաղաքի բնակչությունը 18.500 մարդ է:
Պատմականորեն, ժամանակակից քաղաքի տարածքը ներառված էր Հին Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառի մեջ: Մասիսը պաշտոնապես հիմնադրվել է 1953թ-ին՝ որպես Հրազդան, խորհրդային կառավարության կողմից:
1969-ին բնակավայրը վերանվանվել է Մասիս և 2 տարվա ընթացքում ստացել քաղաքային տիպի բնակավայրի կարգավիճակ: Բնակավայրը խորհրդային տարիներին զարգացել է որպես գյուղատնտեսական արտադրանքի և թեթև արդյունաբերության կենտրոն:
Մասիսի արդյունաբերական շրջանը գրավում է քաղաքի արևմտյան կեսը: Դժբախտաբար, Հայաստանի անկախացումից հետո Մասիսի սովետական արդյունաբերության մեծ մասը մատնվել է լքվածության:
Այնուամենայնիվ, ներկայումս Մասիսը հանդիսանում է ծխախոտային արտադրանքի հիմնական կենտրոնը Հայաստանում և Անդրկովկասում, որն ունի 2 հսկա արտադրող՝ «Մասիս» ծխախոտի գործարանը (1999 թվականից) և միջազգային «Մասիս տաբակ» գործարանը:
Ժամանակի ընթացքում այստեղ բացվեցին այնպիսի խոշոր ձեռնարկություններ, ինչպես Ալ. Մյասնիկյանի կահույքի գործարանը, Երևանի գորգագործության ֆաբրիկայի և թղթե արտադրության գործարանի մասնաճյուղերը։ Քաղաքը համարվում է Երևանի արբանյակ: Ամառն այստեղ հիմնականում կարճ է և շոգ, իսկ ձմեռը՝ երկար և ցրտաշունչ:
Քաղաքի հիմնական պատմամշակութային հուշարձանները Սուրբ Թադեոս առաքյալի անվան եկեղեցին է, ամբողջությամբ վերակառուցված 2015 թ.-ին, և 19-րդ դարի՝ Սբ. Աստվածածին եկեղեցին։ Քաղաքում կա հանրային գրադարան և Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց: Մասիսի ամենանշանավոր հուշարձանը Երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշարձանն է: