Սիսիան

Sisian

Սիսիանը Սյունիքի մարզի ևս մի գեղեցիկ քաղաք է, որը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում: Արևմուտքից այն շրջապատված է Զանգեզուրի լեռներով, իսկ հարավից՝ Բարգուշատի լեռներով։ Սիսիանը գտնվում է Որոտան գետի ափին՝ ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա: Ձմեռներն այստեղ երկար են և ձյունառատ, իսկ ամառները կարճ և մեղմ։

Սյունիքը կապում է Հայաստանը Արցախի Հանրապետության և Իրանի հետ: Հյուսիսից Սիսիանին է նայում Ուխտասար լեռը (3563 մ), իսկ Մեծ Իշխանասար լեռը (3552 մ) գտնվում է քաղաքից 13 կմ արևելք:

Սիսիանի պատմությունը

Ժամանակակից քաղաքի տարածքը հայտնի է եղել որպես բնակավայր հնագույն ժամանակներից։ Միջնադարում այն հայտնի էր Սիսական և Սիսավան անուններով: Ըստ պատմիչ Մովսես Խորենացու, այս անունները կապված են Սյունյաց հայկական իշխանական տան նախնիներից մեկի՝ Սիսակի հետ, որը Սյունիքը ժառանգել էր իր հորից:

Ներկայիս Սիսիանի տարածքը ընգդրկված էր պատմական Մեծ Հայքի 9-րդ նահանգ հանդիսացող Սյունիքի Ծղուկ գավառի կազմում: Ըստ պատմական տվյալների՝ մ.թ.ա. 8-րդ դարում տարածքը հայտնի էր որպես հեթանոսության նշանավոր կենտրոն:

Սիսիանի տեսարժան վայրերը

Քաղաքի շատ տեսարժան վայրեր պատկանում են պալեոլիթյան և բրոնզե դարաշրջաններին: Ուխտասարի պետրոգլիֆները՝ բազմաքանակ ժայռապատկերները (Սիսիանից հյուսիս), աշխարհի ամենահին պատկերներն են, որոնք թվագրվում են մ.թ.ա. 12-րդ հազարամյակով: Դրանք հիմնականում պատկերում են այծերի, եղջերուների, վարազների որսի տեսարաններ:

Զորաց Քարեր (Քարահունջ) մեգալիթյան համալիրը պատկանում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակին: Ժամանակին այն հայտնի աստղադիտարան և սրբատեղի էր: Համալիրը հաճախ անվանում են հայկական Սթոունհենջ:

Քաղաքի շրջակայքում շատ են հնագույն ամրոցները և հուշարձանները: Սիսավանի վանքը կամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը հայտնի է նաև Սուրբ Հովհաննես անունով (670-689), համարվում է քաղաքի կարևոր պատմական տեսարժան վայրերից մեկը:

Սիսիանից 6կմ հեռավորության վրա գտնվում է Շաքիի ջրվեժը, որը Հայաստանի ամենաբարձր ջրվեժն է: Տեղացիները Շաքին անվանում են Սյունիքի մարզի յոթերորդ հրաշալիքը: 

Ըստ ավանդության, երբ Թամերլան թագավորը նվաճում է Սյունիքը, հրամայում է իր զինվորներին գտնել և իր մոտ բերել քաղաքի ամենագեղեցիկ աղջկան: Երբ զինվորները փորձում են բռնել Շաքե անունով գեղեցկուհուն, աղջիկը փախչում է դեպի Որոտանի կիրճը և ելք չունենալով՝ նախընտրում է նետվել ձորը: Այնտեղ, որտեղից աղջիկը ցած է նետվում ջրվեժ է գոյանում, որը ժողովուրդը նրա անունով կոչում է Շաքի: