Արարատ

Ararat
Ararat

Area: 2,090 km2

Population: 260,367


Արարատը Հայաստանի մարզերից է, որի վարչական կենտրոնը և ամենամեծ քաղաքը Արտաշատն է: Ըստ ականավոր հայ պատմիչ Մովսես Խորենացու, Այրարատը Հայաստանի 15 նահանգներից մեկն էր: Այն Հայկական լեռնաշխարհի կենտրոնական նահանգն էր:

Արարատ մարզի անվանումը

Մարզը անվանվել է բիբլիական Արարատ լեռան անունով: Հայաստանի բոլոր այցելուները ընդմիշտ տպավորվում են առասպելական Արարատ լեռան վսեմ և հիասքանչ տեսարանով։ Արարատը Հին Հայաստանի ամենաբարձր լեռն է․ բարձր գագաթը 5165 մ է, իսկ փոքր գագաթի՝ Սիսի բարձրությունը 3925 մ է: 

Լեռնագնացները հիանալի հնարավորություն ունեն՝ հաղթահարելով Արարատի գագաթը՝ ամպերի բարձունքից վայելել բացվող հիասքանչ տեսարանը։ Լեռը բարձրանալու լավագույն ժամանակահատվածը հուլիսից սեպտեմբերն է։ Եվ չնայած Արարատը ներկայումս գտնվում է Թուրքիայի տարածքում, այն շարունակում է մնալ Հայաստանի խորհրդանիշը:

Արարատը սուրբ լեռ է ոչ միայն հայերի, այլև աշխարհի քրիստոնյաների համար։ Այս լեռան վրա է իջևանել Նոյ նահապետի տապանը ջրհեղեղի ժամանակ: Շատ գիտնականներ և հետազոտողներ փորձել են գտնել տապանի ճշգրիտ վայրը: Այդ նպատակով Արարատը նույնիսկ լուսանկարվել է արբանյակներից, ինչի արդյունքում բացահայտված փաստերը անուղղակիորեն հաստատում են տապանի գոյությունը: Գուցե մի օր հնարավոր լինի ամբողջովին բացահայտել Արարատ լեռան առեղծվածը:

Արարատ անվանումն է կրում նաև Հայկական բարձրավանդակի խոշորագույն շրջաններից մեկը՝ Արարատի հարթավայրը: Այս շրջանը հայտնի է եղել հայոց պատմության ընթացքում՝ «Որդան կարմիր» կոչվող ներկով: Ներկը ստացվում է նույն անունն ունեցող միջատից: 

Հունական և հռոմեական շատ աղբյուրներում Հայաստանից արտահանվող ներկը հիշատակվում էր որպես այդ ժամանակաշրջանի լավագույն կարմիր ներկը: Այն կոչվում էր «արքայական ծիրանի» և որդան կարմիրով էին ներկվում ազնվականների հագուստները։ Տասնամյակներ շարունակ՝ աղտոտման և այլ պատճառներով, որդան կարմիրի գոյությունը վտանգված էր։ Սակայն 1987 թվականին Արարատյան դաշտավայրում՝ պաշտպանության նպատակով ստեղծվեց «Արարատի Որդան կարմիր» արգելոցը, որը զբաղեցնում է 200 հա տարածք։

«Արարատ» կոնյակը

Հայաստանում գինեգործության մշակույթը զարգացել է հնագույն ժամանակներից, սակայն հայկական հայտնի կոնյակի պատմությունը սկսվել է 19-րդ դարի վերջին: Արարատյան հողում էր, որ առատ բնության ու ստեղծագործական էներգիայի միությունը տվեց լավագույն ըմպելիքը, որը հայտնի դարձավ ոչ միայն այս տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Այսօր լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակը համարվում է Հայաստանի խորհրդանիշներից մեկը:

Արարատի մարզի տեսարժան վայրերը

Արարատի մարզը հայտնի է «Խոսրովի անտառ» պետական ​​արգելոցով՝ որը տարածվում է մինչև Գեղամա լեռնաշղթա:  

Արգելոցի պատմությունը սկսվել է 330-338 թվականներին, երբ հայոց թագավոր Խոսրով 3-ը հրամայել է այս տարածքում անտառներ տնկել՝ հարևան Արտաշատ քաղաքի բնակլիմայական պայմանները բարելավելու, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհը պահպանելու ու հարստացնելու համար:

Այստեղ են տեղակայվել Հայաստանի պատմական մայրաքաղաքները՝ Արտաշատը և Դվինը:

Մարզի այլ տեսարժան վայրերից են Խոր Վիրապի վանքը (XVII դ.), Աղջուց վանքը (XIII դ.), Հավուց Թարը (X-XVIII դդ.), Շենացու վանքը (VI - XV դդ.), Կակավաբերդ ամրոցը (IV - XII դար), ինչպես նաև հին մայրաքաղաք Դվինի ավերակները:

Արարատի բնակչությունը և էթնիկ խմբերը

Ըստ պաշտոնական մարդահամարի տվյալների, Արարատի բնակչությունը կազմում է 260 367 մարդ: Բացի հայերից, այստեղ ապրում են նաև եզդիներ:

Արտաշատ

Artashat

Արտաշատ քաղաքը գտնվում է Արարատյան հարթավայրում, Արաքս գետի ափին: Այն Արարատի մարզի վարչական կենտրոնն է, գտնվում է Երևանից 30 կմ հարավ-արևելք: Արտաշատը հիմնադրվել է 1945թ․-ին Խորհրդային Հայաստանում և անվանվել պատմական Արտաշատ մայրաքաղաքի անունով, որը գտնվել է ներկայիս քաղաքից ոչ հեռու:

Արտաշատի պատմությունը

Արտաշատը Հայաստանի ամենահին քաղաքներից է: Մոտ չորս տասնամյակ քաղաքը եղել է հին Հայաստանի մայրաքաղաքը: Այն հիմնվել է մ.թ.ա. 176 թվականին Արտաշես Ա արքայի կողմից և հայտնի է եղել որպես «Ոստան Հայոց» կամ «թագավորանիստ քաղաք»:

Հին քաղաքի ավերակները գտնվում են ներկայիս Արտաշատից ոչ հեռու: Մերօրյա Արտաշատի ամենահայտնի հուշարձանը Հայոց թագավոր Արտաշես 1-ինի արձանն է:

Արտաշես թագավորը կառուցել էր նաև միջնաբերդ, որը հետագայում անվանվել է Խոր Վիրապ: Այստեղ Գրիգոր Լուսավորիչը՝ Տրդատ 3-րդ թագավորի հրամանով, անց է կացրել իր բանտարկության 14 տարիները: Այսդտեղ կտեսնեք այն բանտափոսը, որտեղ տառապանքներ է կրել Սուրբ Գրիգորը:

Խոր Վիրապի վանքը հայկական ճարտարապետության հիանալի օրինակներից է: Այստեղից սքանչելի տեսարան է բացվում դեպի Արարատյան դաշտը և բիբլիական Արարատ լեռը:

Արտաշատի տեսարժան վայրերը

Քաղաքի ամենահայտնի վայրերից մեկը Արտաշատի լիճն է: Բնակիչները սիրում են այս լիճը և հավանաբար կհրավիրեն ձեզ այստեղ զբոսանքի: Նրանք նաև ցույց կտան ձեզ քաղաքի ամենագեղեցիկ շինությունը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը կառուցվել է 2015 թվականին: Մինչ այդ քաղաքում եկեղեցի չկար, փոխարենը մի փոքրիկ մատուռ էր, որը մինչ այսօր էլ տեղացիների սիրված վայրերից է:

Արտաշատի մշակութային կյանքը զարգանում է մի շարք հաստատությունների գործունեության շնորհիվ: Քաղաքում գործում է մշակույթի պալատ, Շառլ Ազնավուրի անվան արվեստի կենտրոնը, Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնը (որը պարբերաբար ներկայացնում է մի շարք հայկական և միջազգային, դասական և ժամանակակից գործեր), և Օհան Չուբարյանի անվան հանրային գրադարանը՝ բացված 1948 թվականին:

2004-ին Արտաշատի կենտրոնում բացվել է ժամանցի պուրակ, որտեղ անց են կացվում հանրային տոնակատարություններ, համերգներ և երաժշտական ​​ներկայացումներ: Այնպես որ, Արտաշատում դուք կգտնեք ժամանակ անցկացնելու տարբեր հնարավորություններ:


City/town


Sights

Խոր Վիրապ

Խոր Վիրապի վանքը գտնվում է Հայաստանի Արարատյան դաշտում, Արարատի մարզում՝ Արաքս գետի ձախ ափին: Խոր Վիրապի՝ որպես վանքի և ուխտագնացության վայրի մեծ համբավը կապված է այն բանի հետ, որ Տրդատ 3-րդ թագավորը այստեղ է բանտարկել Գրիգոր Լուսավորչին:

Read More