Արագած լեռը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից 40կմ դեպի հյուսիս-արևմուտք: Այն հրաբխային լեռ է` հսկայական խառնարանով և բազմաթիվ կոներով, որոնք անցյալում պարբերաբար արտավիժել են հրաբխային նյութեր։
Լեռը Հայկական լեռնաշխարհի չորրորդ ամենաբարձր գագաթն է: Արագած նշանակում է Արայի գահ։ Անվան ծագումը կապում են Հայկի որդի Արամանյակի կամ էլ Արա աստծո անվան հետ։ Հայերենում «Ար» արմատը շատ է տարածված և նշանակում է արև, լույս:
2005 թվականի մայիսի 28-ին Արագած լեռան շուրջ կազմակերպվեց «Միասնության շուրջպար»՝ նվիրված Առաջին հանրապետության օրվան։ Շուրջպարին մասնակցեց ավելի քան 250.000 մարդ, ովքեր լեռան 163 կմ պարագծով կազմեցին կենդանի շղթա, որն ընդգրկում էր երկրի Արագածոտնի և Շիրակի մարզերի 106 համայնք:
Բնությունը
Արագածը յուրահատուկ է նաև նրանով, որ մեկուսացված է Հայաստանի լեռնաշղթաներից: Լեռան չորս գագաթները ուղղաձիգ են, սակայն լանջերը մեղմ թեքություն ունեն և հարմար են մագլցելու համար։ Լանջերի բնությունը շատ հարուստ է։ Գագաթին ու լանջերին կան մի քանի տասնակ լճակներ՝ շրջապատված ալպիական մարգագետիններով։ Արագածի գագաթը միշտ ծածկված է ձյունով։ Լեռն ունի նաև մի քանի սառցադաշտեր, որոնցից ամենամեծը գտնվում է խառնարանում։ Այս խաղնարանից է սկիզբ առնում Գեղարոտ գետը։
Ամենաբարձր գագաթը հյուսիսային կատարն է՝ 4090.1 մետր։
Արևմտյան գագաթը 3995.3 մետր է, արևելյանը՝ 3908.2 մ, իսկ հարավայինը՝ 3887,8 մ։ Լեռան հարավային գագաթին տեղադրված են հայ ազատամարտիկներին նվիրված հուշաքարեր։
Քարի լիճը Արագածի լանջերին գտնվող ամենամեծ լիճն է, որն առաջացել է սառցե գոյացություններից և տարվա մեծ մասը շրջապատված է լինում ձյունով։ Լճի բարձրությունը ծովի մակարդակից 3207 մ է։
Եղանակը
Չնայած որ Արագածի գագաթներին միշտ ձյուն է և ցուրտ է նույնիսկ ամռանը, սակայն լեռան լանջերին արտահայտվում են տարվա բոլոր եղանակները։ Ամռանը մարգագետինները ծածկվում են գույնզգույն ծաղիկներով, լսվում է կայտառ առվակների ձայնը, իսկ մաքուր լեռնային օդը պարզապես արբեցնող է։
Արագածի լանջերին հայտնաբերվել են մոտ 30 000 ժայռապատկերներ և վիշապաքարեր, որոնք հնում տեղադրվել են բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ և խորհրդանշել են տարերքի ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն, առատություն։
Վերելք Արագած լեռ
Արագած բարձրանալու համար ամենահարմար ժամանակահատվածը հունիս-օգոստոս ամիսներն են, երբ արահետները չոր են և ապահով։ Փորձառու լեռնագնացները, ովքեր ունեն հատուկ պատրաստվածություն, նախընտրում են հյուսիսային գագաթը՝ անկախ տարվա եղանակից։
Սակայն եթե սիրում եք հանգիստ վերելք և ցանկանում եք պարզապես վայելել արշավի ընթացքը, ապա ընտրեք հարավային գագաթը։