Հայ ազգն ունի 3000 տարվա պատմություն։ Պատկերացնու՞մ եք, որքան հայկական անուններ են հայտնի պատմությանը։ Դրանցից շատերը փոխառվել են այլ մշակույթներից և հայկականացվել, իսկ մյուսներն ունեն մաքուր հայկական ծագում և համարվում են ազգային։
Լինելով աշխարհի առաջին քրիստոնյա ժողովուրդը՝ հայերի մոտ բնականաբար շատ են հանդիպում բիբլիական անվանումները, որոնց մեծ մասի հնչողությունն, իհարկե, հայկականացված է։ Աստվածաշնչային անուններից հատկապես շատ են հանդիպում Ադամ, Եվա, Հակոբ, Մարիամ, Աբրահամ, Աննա անունները։
Ինչպես գիտենք, նախաքրիստոնեական Հայաստանում եղել է բազմաստվածություն և այսօր էլ շատերն իրենց զավակներին անվանում հին աստվածների պատվին՝ Արեգ, Արամազդ, Նանե, Մհեր (Միհր), Աստղիկ, Անահիտ։
Կան նաև շատ հայկական անուններ, որոնք արդեն համարվում են հնացած և սկսել են հազվադեպ հանդիպել։
Տղաների հայկական անուններ
Հայ ծնողները ցանկանում են տեսնել իրենց արու զավակներին ուժեղ, քաջ և իմաստուն։ Այսպիսի նկատառումներով է հաճախ պայմանավորված տղաների անվան ընտրությունը ծնողների կողմից։ Շատերն իրենց զավակների համար ընտրում են հզոր հայ թագավորների, զորավարների և հեթանոս աստվածների անուններ։ Եկե՛ք դիտարկենք տղաների ամենատարածված հայկական անունները։
Անդրանիկ
Անդրանիկ անձնանունը նշանակում է «ավագ, մեծ, առաջին»։ Ինչպես արդեն կարող էիք ենթադրել, այս անունով հաճախ անվանում են ընտանիքի առաջնեկ որդուն։
Հայոց պատմության մեջ հայտնի է քաջ Անդրանիկ զորավարը, ում հերոսական կերպարը մինչև հիմա էլ ոգեշնչում է հայ ժողովրդին։ Անդրանիկ զորավարի արձանը կանգնած է Երևանի կենտրոնում՝ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ։ Նրա անունով է կոչվում նաև Երևանի մետրոյի կայարաններից մեկը։
Արարատ
Արարատը բիբլիական Արարատ լեռան անունն է, որով հայերը հաճախ անվանակոչում են իրենց որդիներին։ Հայաստանում առհասարակ շատ է հանդիպում այս անվանումը։ Այստեղ դուք կգտնեք Արարատի մարզ, Արարատ քաղաք և, իհարկե, հանրահայտ Արարատ կոնյակը։
Գոռ
Գոռը հայկական անձնանուն է, որը նշանակում է «հպարտ»։ Բարեհունչ և հին անուն է՝ հայտնի հայոց պատմությունից։
Հայկ
Հայկը շատ տարածված հայկական անուն է։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ Հայկ նշանակում է «հսկա», «հաղթանդամ»։ Հայկը հայ դիցաբանության մեջ հայոց նահապետն է՝ հայ ազգի նախնին։
Արա
Արան լայն տարածում ունեցող անձնանուն է։ Հայ հին դիցաբանական անուններից է, որը ծագել է գարնան, բուսականության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստծո անունից։ «Արա» մասնիկը շատ է հանդում նաև հայկական տեղանունների մեջ։ Ստուգաբանորեն՝ Արա նշանակում է «անտառ, արտ»։
Դիցաբանությունից մեզ հայտնի է նաև լեգենդար Արա արքան (Արա Գեղեցիկ)։
Դավիթ
Չնայած շատերը պնդում են, որ Դավիթը հայկական անուն չէ, սակայն նկատի ունենալով, որ նույնիսկ հայկական էպոսի հերոսը՝ Սասունցի Դավիթն է կրում այդ անունը, կարող ենք վստահորեն համարել այն սիրված հայկական անձնանուն։
Վարդան
Վարդան անձնանունը նույնպես տարածված հայկական անուն է։ Այս անունը հաճախ դնում են մեծ հայ սպարապետ Վարդան Մամիկոնյանի պատվին։
Նարեկ
Նարեկը հին հայկական ծագման անձնանուն է։ Առաջացել է Նարեկ գյուղի անունից, որով կոչվել է Գրիգոր Նարեկացին և նրա նշանավոր Նարեկ աղոթագիրքը՝ Մատյան ողբերգության պոեմը։
Աղջիկների հայկական անուններ
Եթե տղաների հայկական անուններն արտահայտում են խիզախություն և հպարտություն, ապա աղջիկների անունները հիմնականում արտահայտում են նրբագեղություն և զգայունություն։ Հին հայկական շատ անուններ (Փառանձեմ, Հայկանդուխտ, Խոսրովանույշ) մեր օրերում արդեն հնչում են տարօրինակ և հնացած։ Այսօր ավելի շատ տարածված են հետևյալ անունները․
Անի
Անին շատ տարածված հայկական անուն է։ Անի է կոչվել նաև Բագրատունիների հայոց թագավորության հզոր մայրաքաղաքը։ Այսօր Անին ավիրված է և գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմանին՝ Թուրքիայի տարածքում։
Նարե
Նարե անունը մեր օրերում շատ հաճախ է հանդիպում հայկական ընտանիքներում։ Անունն ունի պարսկական ծագում և նշանակում է «լուսավոր»։
Անուշ
Անուշ նշանակում է «հաճելի», «քաղցրիկ»։ Հովհանես Թումանյանի հայտի պոեմի հերոսուհին նույնպես կրում է Անուշ անունը։
Շուշանիկ
Հայ կանանց անունների շարքում շատ են հանդիպում ծաղիկների անուններից առաջացած անձնանունները, ինչպես Շուշանիկ, Հասմիկ, Նարգիզ։
Տաթևիկ
Տաթև կամ Տաթևիկ անվանումը շատ սիրված հայկական անուն է, որը նշանակում է «Տուր թևեր»։
Արփի
Արփի նշանակում է «արև»։ Այս անձնանունն այսօր շատ է տարածված, ինչպես նաև նույն նշանակությունն ունեցող Արևիկ և Արեգա անունները։
Գայանե
Գայանեն շատ հին անձնանուն է, որն ունի լատինական ծագում և նշանակում է «երկիր», «երկրային»։ Հայերի մեջ այս անունը գործածական է դարձել նահատակված Գայիանե կույսի սրբացումից հետո։ Սբ․ Գայանեի եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքում։
Տարածված հայկական անուններ
Չնայած հայկական անունների բազմազանությանը՝ այսօր առավել պոպուլյար են տղաների Դավիթ, Նարեկ, Հայկ, Գոռ, Տիգրան, Լևոն անունները, իսկ աղջիկների՝ Նարե, Նանե, Անի, Տաթև, Արփի անունները։
Հայերենում հաճախ «ուհի» վերջնածանցն ավելացնելով արական անուններին՝ ստանում են իգական անուններ, ինչպես Տիգրան-Տիգրանուհի, Հրաչ-Հրաչուհի, Արմեն-Արմենուհի։
Տարածված հայկական ազգանուններ
Հայկական ազգանունները հիմնականում ավարտվում են «յան» վերջավորությամբ, հազվադեպ հանդիպում են «-յանց» և «-ունի» վերջավորություն ունեցող ազգանուններ։ Հայկական ազգանունները հիմնականում կազմվում են արական անուններին «յան» ավելացնելով, ինչպես Տիգրան-Տիգրանյան, Վարդան- Վարդանյան, Հարություն - Հարությունյան, Սարգիս-Սարգսյան և այլն։
Ամփոփում
Մաքուր հայկական ծագում ունեցող անձնանունները շատ յուրահատուկ են և ունեն հետաքրքիր ստուգաբանություն։ Դե իսկ ազգանունների «յան» վերջավորությունը միանշանակ խոսում է կրողի հայ լինելու մասին։
Ասում են, անունը կարևոր դեր ունի մարդու ճակատագրի մեջ։ Այդպես է, թե՝ ոչ, այնուամենայնիվ, արժի պարզել անվան ծագումը և նշանակությունը՝ նախքան երեխային անվանակոչելը։ Եվ, իհարկե, պետք չէ մոռանալ բարեհնչության մասին։