Ո՞ւր ճանապարհորդել այս տարի

Ո՞ւր ճանապարհորդել այս տարի

January 11, 2018

Անկախ նրանից, թե ինչպիսի նախասիրություններ ունեք կամ ինչպիսի վայրեր եք փնտրում Ձեր հաջորդ ճամփորդության համար, հեռու գնալ պետք չէ․ Հայաստանը կարող է համապատասխանել Ձեր նախասիրություններին: Ու սա չափազանցություն կամ մարքեթինգային խաղ չէ, սա պարզապես մաքուր ճշմարտություն է: Հայաստանը, որը զբաղեցնում է 30,000 քառակուսի կիլոմետրից քիչ պակաս ընդհանուր մակերես, մեծ բազմազանություն ունի համեմատաբար փոքր տարածության մեջ, ինչը այցելուներին հարմար և մատչելի է դարձնում երկիրը՝ անկախ նրանց նախասիրություններից։ Այս երկիրը մեկն է աշխարհի այն սակավաթիվ վայրերից, որը փոքր տարածքում ունի և՛ գործող քաղաք՝ իր բոլոր ժամանակակից հարմարություններով, և՛ բնության հրաշքներ՝ իրենց ամբողջ հրաշագեղությամբ։

Հայաստան ուղևորությունների համար առավել մեծ ճանաչում ունի մայրաքաղաք Երևանը՝ խոշոր քաղաք, որտեղ բնակվում է ավելի քան 1 միլիոն մարդ։ Այստեղ կարելի է կատարել մեկօրյա ուղևորություններ, իսկ հանգստյան օրերն անց կացնել երկրի տարբեր շրջաններում: Թերևս, սա զբոսաշրջային ճանապարհորդության ավելի քիչ հայտնի, սակայն առավել արկածախնդիր տարբերակ է։

Սկսե՛ք Հայաստանի հարավից, այցելե՛ք Իրան, անցե՛ք ամբողջ երկրով և ավարտե՛ք Վրաստանում՝ հյուսիսում։ Կովկասյան տարածաշրջանը, ընդհանուր առմամբ, շատ հյուրընկալ է զբոսաշրջիկների համար, սակայն ոչ մի երկիր չի համեմատվի Հայաստանի հետ, երբ խոսքը գնում է հյուրընկալության մասին։ Ստորև ներկայացված են հինգ տեսակի մարդիկ, ովքեր իրենց «Երկրների այս տարվա թոփ տասնյակ»-ի առաջին շարքում, անշուշտ, պետք է ունենան Հայաստանը․

Ջրի սիրահարներ

Սևանա լիճ

Սևանա լիճ (Երևանից 81 կմ հեռավորության վրա, 1 ժամ 15 րոպե, արժեքը՝ տաքսիով 15 դոլար, մինի-ավտոբուսով՝ 1.25 դոլար)։ Սևանա լիճը, որի մակերեսը կազմում է 1242 քառակուսի կիլոմետր, քաղցրահամ ջրի ամենամեծ ավազանն է Հայաստանում։  Վերցրեք մի սրբիչ և լողազգեստ ու լողափում մի օր անցկացրեք։ Այցելե՛ք 9-րդ դարի Սևանավանքը, թարմ թխած գաթա՛ փորձեք, նավակ կամ հիդրոցիկլ վարձեք, ինչպես նաև պիկնիկ կազմակերպեք կամ թեթև նախաճաշիկ բացօթյա ռեստորանում: Սա կերաշխավորի, որ Դուք կցանկանաք վրան և քնապարկ ձեռք բերել, կամ հյուրանոցի սենյակ վարձել։ Ամեն դեպքում, օրվա վերջում Դուք չեք ցանկանա հեռանալ:

Աղի լիճ (Հանրապետության Հրապարակից 4,5 կմ, տաքսիով 15 րոպե՝ 1,25 դոլար, կամ մինի-ավտոբուսով՝ 0,20 դոլար)։ Աղի լիճը Երևանի տարածքում թաքնված գանձ է՝ իդեալական վայր արևի տակ հանգստանալու համար։  Այստեղ ավելի մեծ լճի փոխարեն երկու լճակ կա․ երկուսն էլ բնական աղի ջրի լողավազան։

Աղի լիճ

Փոքր լողավազանն աղի այնքան բարձր կոնցենտրացիա ունի, որ լողորդները դժվարանում են կանգնել գետնին՝ ջրի տակ։ Այս լողավազանը կազմված է աղի բյուրեղների շերտերից, իսկ լողավազանի պատերին կարելի է տեսնել սև ցեխի օջախներ, ինչը հիանալի շերտազատող միջոց է համարվում: Երկրորդ լողավազանն ավելի մեծ է, իսկ նրա աղի կոնցենտրացիան շատ ավելի փոքր։ Այստեղ չկան ցեխի շերտազատող օջախներ, այնպես որ լողալու համար ջուրը կատարյալ է:

Լեռնագնացության սիրահարներ

Արագած (Երևանից 60 կմ, 1 ժամ 30 րոպե, արժեքը՝ տաքսիով 13 դոլար)։ Արագած լեռը, որը գտնվում է 4090մ․ բարձրության վրա, Հայաստանի ամենաբարձր կետն է։  Լեռն իրենից ներկայացնում է քառանկյուն հրաբխային զանգված, որը իդեալական է վերելքի համար։  Յուրաքանչյուր գագաթը առանձին քայլարշավ կամ ալպինիստական մի մարտահրավեր է՝ ամենապարզ վերելքից՝ հարավային գագաթը, մինչև ամենաբարդը՝ Հյուսիսային գագաթը։ Լեռան ստորոտին կա մի ռեստորան և մի փոքր սառցադաշտային լիճ, սակայն գագաթ հասնելով, վերադառնալու ցանկությունն իսկապես նվազում է։

Արագած

Տեսարանը պարզապես զարմանահրաշ է։ Թեքվելով դեպի Արագածի կենտրոն՝ լեռնագագաթների մեջտեղում կարող եք տեսնել ձյան ծածկույթ, ինչը մի ժամանակ լավայի խառնարան էր։ Շրջվե՛ք հակառակ ուղղությամբ, և Ձեզ կթվա, թե ողջ Հայաստանն է Ձեր տեսադաշտում։ Իսկ եթե Ձեր բախտը բերի, և եղանակը բավականին պարզ լինի, հեռվում կտեսնեք  Արագածի քրոջը՝ Արարատ լեռան գագաթները։

Լաստիվեր (գտնվում է Երևանից 145 կմ հեռավորության վրա, 2 ժամ 40 րոպե տաքսիով, արժեքը՝ 31 դոլար): Լաստիվերի կիրճը և հետիոտնային արահետը Հայաստանում քայլելու ամենագեղեցիկ վայրերից են։  Ժայռերի և անտառների միջով արահետը զբոսաշրջիկներին տանում է դեպի գետի ափ, որը հոսում է մի փոքր ջրվեժի հոսանքն ի վար։ Գետի ափին կան ճամբարային վայրեր, որտեղ կարող եք գտնել վրաններ և տնակներ՝ ծառերի վրա, որոնք կարելի է վարձակալել։ Այստեղ կա նաև ռեստորան և հատուկ տարածք պիկնիկի և խորովածի համար․ մեծ պարգև երկար օրվա ավարտին:

Լաստիվեր

Լաստիվերն ավելին է, քան քայլելու ճամբարային դրախտը, այն բազմադարյա պատմություն է պահում հնագույն քարանձավային կացարանների տեսքով: Այս քարանձավները դեռևս կանգուն են՝ թաքնված մեկուսի անկյուններում՝ ժայռերի երկայնքով։ Այս քարանձավներից մի քանիսը կարելի է հասնել հետիոտնային արահետներով, որոնք իդեալական են քայլարշավի և նոր վայրեր բացահայտելու համար:

Պատմության սիրահարներ

Խնձորեսկ (246կմ Երևանից, 4 ժամ տաքսիով, արժեքը՝ 52 դոլար): Խնձորեսկը քարանձավային կացարանների մեկ այլ տարածք է։ Չնայած այս կացարանները հնագույն ծագում ունեն, նրանց պատմությունը շարունակվում է նաև մեր օրերում: Ճշգրիտ ծագումը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ որսորդներն այստեղ բնակվել են 3000-4000 տարի առաջ:

Խնձորեսկ

Ժամանակի ընթացքում քարանձավային այս տարածքները վերածվել են հայկական գյուղի, իսկ 20-րդ դարում քարանձավները ծառայել են որպես գյուղական տներ: Քարանձավային կացարանների կողքին է գտնվում 17-րդ դարի գյուղական եկեղեցին, ինչպես նաև գերեզմանատունը, որտեղ գտնվում է Մխիթար Սպարապետի գերեզմանը։ Հայոց պատմության մեջ նա մի հերոս է, ով պաշտպանել է գյուղը պարսկական և թուրքական զավթիչներից։  Մխիթար Սպարապետի շնորհիվ՝ Խնձորեսկը Հայաստանի այն եզակի վայրերից է, որը երբեք չի նվաճվել օտարերկրացիների կողմից:

Արենի քարանձավ (Երևանից 110 կմ, տաքսիով 2 ժամ, արժեքը՝ 23 դոլար): Արենի-1 քարանձավը վերջերս դարձել է համաշխարհային պատմության մի մասնիկ՝ աշխարհի ամենահին կոշիկի և գինեգործության կենտրոնի հայտնագործությամբ: Այժմ այստեղ կարելի է տեսնել քարանձավը և գինեգործության վերաբերյալ տարբեր գործիքների ու պարագաների մնացորդները (պահպանության նպատակով կոշիկը տարել են):

Արենի քարանձավ

Արենին հայտնի է որպես Հայաստանի գինեգործական տարածաշրջան։ Այստեղ խաղող էին մշակում և գինի արտադրում դեռևս 6100 տարի առաջ, երբ կառուցվել է քարանձավ-գինեգործարանը։ Արենիում անպայման գինի՛ փորձեք, և Դուք նույնպես կարող եք դառնալ Արենիի գինու պատմության մի մասը։

Էքստրիմի սիրահարներ

Զիփլայն

Հայաստանը հայտնի է նաև էքստրեմալ մարզաձևերի լայն և մատչելի հնարավորություններով։  Օրինակի համար փորձե՛ք զիփ-լայնը Լաստիվերի Yell Extreme Park-ում, արժեքը՝ 60 դոլար մեկ անձի համար, կամ պատվիրե՛ք արկածային տուր օրական 130 դոլարով և ճանապարհորդե՛ք Հայաստանում՝ ադրենալինի բարձր մակարդակով: Բացի այդ, այստեղ կարելի է զբաղվել հեծանվային սպորտով, ձիավարությամբ, վրանային ճամբար կազմակերպել, թռչել պարապլանով, ժայռեր մագլցել, զբաղվել լեռնագնացությամբ, ինչպես նաև ձմեռային սպորտաձևերով։

Խոհանոցի սիրահարներ

Մի ամբողջ կյանք կպահանջվեր Հայաստանի ախորժելի խոհանոցը նկարագրելու համար, սակայն խոհանոցի մի առանձնահատկություն, որը հատկապես յուրահատուկ է Հայաստանի համար, ավանդական թոնիրն է։  Թոնիրը քարե գլանաձև վառարան է, որը փորված է անմիջապես գետնի մեջ։ Վառարանի մուտքը գտնվում է գետնին՝ հատակի նույն մակարդակի վրա, որտեղից հացթուխները վառարան են իջեցնում այն սնունդը, որը պետք է պատրաստվեր ջեռոցում:

Թոնիրում պատրաստելը նման չէ ոչ մի ուրիշ մեթոդի։ Այստեղ եփված ուտելիքը յուրահատուկ է և զարմանահրաշ համ ունի։ Թոնիրում պատրաստված ամենահայտնի ուտեստը հայկական լավաշն է։  Նախ, լավաշի խմորը նրբորեն բացում են կոր ուղղանկյունաձև տախտակին, այնուհետև տախտակը իջեցնում թոնիր, և հարվածով խմորը կպցնում թոնրի պատին։ Ձեզնից հատուկ տեխնիկա կպահանջվի, որպեսզի կարողանաք խմորն այնպես հարվածել, որ տախտակը քաշելուց հետո այն մնա թոնրի պատին, և լավաշը թխվի։

Հայկական խոհանոց

Երբ լավաշը պատրաստ է, հացթուխը երկար մետաղյա ձողը մեկնում է թոնրի մեջ և հանում է թարմ հացը՝ հմտորեն նետելով այն թխած լավաշների կույտի վրա: Այսպիսով, թոնրի շնորհիվ կարելի է տարբեր տեսակի հացեր թխել։ Բացի այդ, օգտագործելով թոնրի նույն չափի գլանաձև մետաղյա հենարան՝ կարելի է թոնրի մեջ այլ ուտեստներ պատրաստել, որոնք կստեղծեն համի իրական կատարելություն։
 

Ձեզ կհետաքրքրի նաև