Հայաստանի առաջին հանրապետությունը առաջին ժամանակակից հայկական պետությունն էր, որը կազմավորվել էր դեռևս Միջնադարում անկախությունը կորցնելուց հետո։
Եթե Հայաստանում լինեք մայիսին, ապա հնարավորություն կունենաք մասնակցել առաջին հայկական հանրապետության հռչակմանը նվիրված տոնակատարություններին։ Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել 1918 թվականի մանիսի 28-ին։ Այդ օրը պաշտոնապես նշվում է 1992-ից։
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է հայերի համար շատ ծանր և ճգնաժամանին ժամանակաշրջանում՝ անմիջապես Հայոց ցեղասպանությունից հետո։ Առաջին անկախացումը հնարավոր դարձավ և պայմանավորված էր մայիսին տեղի ունեցած երեք հերոսական ճակատամարտերով՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքլիսայի։
Սարդարապատի հերոսամարտը
Այս ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-29՝ հայկական մարտական ուժերի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ Այս հերոսամարտը հաճախ անվանում են նաև «20-րդ դարի Ավարայր»։
Չնայած թուրքական զորքը մեծապես գերազանցում էր հայկական ուժերին, նրանք ստիպված էին նահանջել, ինչի արդյունքում, հայերը հաղթանակ տարան։ Հերոսամարտը շատ կարևոր նշանակություն ունեցավ Հայաստանի ապագայի համար։ Այն հեռացրեց մոտեցող վտանգը մայրաքաղաք Երևանից։
Մի քանի տասնամյակ անց՝ 1968 թվականին, Արմավիրի մարզի Արաքս գյուղում կառուցվեց մի հուշարձան՝ Սարդարապատի հուշահամալիրը։ Այն նվիրվեց հերոսամարտի 50-ամյակին։ Հուշահամալիրը կանգնեցված է ճակատամարտի վայրում։
Բաշ-Ապարանի հերոսամարտը
Բաշ-Ապարանի ճակատամարտը նույնպես տևել է մայիսի 21-29։ Այն տեղի է ունեցել Արագածոտնի մարզում՝ Բաշ-Ապարանի տարածքում (ներկայիս Ապարան քաղաքը)։
Մայիսի 21-ին օսմանյան ուժերը հարձակվեցին և շարժվեցին դեպի Երևան: Սակայն հայերը պատրաստ էին պատասխան գրոհ տալու, և մի քանի օր անց թուրքերը ստիպված եղան նահանջել: Այս անգամ կրկին հայերը հաղթողի դիրքում էին:
Ղարաքլիսայի հերոսամարտը
Ղարաքլիսայի հերոսամարտը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 25-28։ Ճակատամարտը տեղի է ունեցել ներկայիս Լոռու մարզի Վանաձոր (նախկին Ղարաքլիսա) քաղաքի տարածքում։
Այս երեք մայիսյան հերոսամարտերը բերեցին Հայոց անկախ պետականության հռչակմանը։ Առաջին հանրապետության անկախության օրը մայիսի 28-ն է։
Այնուամենայնիվ, Հայաստանում անկախության օրը նշվում է սեպտեմբերի 21-ին և համարվում է ազգային տոն։ Այս օրը վերաբերում է Հայաստանի երրորդ Հանրապետությանը, որն անկախ է հռչակվել Սովետական միության փլուզումից հետո։
Փաստեր Հայաստանի մասին Հայաստանի առաջին հանրապետությունը
Առաջին Հանրապետությունը երկար կյանք չունեցավ։ Այն գոյատևեց ընդամենը 2 տարի։ Սակայն անկախության հռչակման խորհուրդը եւ նշանակությունը հայոց պետականության կայացման և ազգային մտածողության առումով շատ կարևոր էր։ Դարեր ի վեր օտար լծի տակ գտնվող երկիրը վերջապես անկախ էր։
Այս կարճ ժամանակահատվածում իրականացվեցին մի շարք կարևոր գործողություններ: Ընտրվեցին կառավարության անդամներ, ստեղծվեց գործադիր մարմինը և բարձրագույն օրենսդիր իշխանությունը, ընդունվեց հայկական դրոշը՝ եռագույնը, որը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է:
Անկախությունից մեկ տարի հետո ընդունվեց Երևանում համալսարան հիմնելու որոշումը, ինչը խթանեց Հայաստանում բարձրագույն կրթության զարգացումը։ Այնուհետև ստեղծվեց հայկական տարադրամը՝ դրամը։ 1920 թ. հուլիսին կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, ընդունվեց ազգային օրհներգը:
Հայաստանի առաջին հանրապետության անկումը
Իր ողջ գոյության ընթացքում Հայաստանի առաջին հանրապետությունը պատերազմների և խնդիրների մեջ էր: Չնայած նույնիսկ Թուրքիան էր ճանաչել Հայաստանի անկախությունը, սակայն, չէր դադարեցնում ճնշումները և հարձակումները:
Ի վերջո, 1921 թ. փետրվարի 13-ին երկրում սկսվեց բոլշևիկյան ապստամբությունը, որը Էջմիածնից և Աշտարակից շարժվեց դեպի Երևան։
1921 թ. մարտի 25-ին սկսվեց բոլշևիկների հարձակումը բոլոր ուղղություններով։ Նրանք գրավեցին Ապարանը, Կոտայքը և ապրիլի 2-ին մտան Երևան: Մայրաքաղաքը ավերածությունից փրկելու և ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար որոշվեց Երևանը հանձնել առանց կռվի։ Այս որոշումը մինչև այսօր էլ բարձր է գնահատվում, քանի որ այն թույլ տվեց խուսափել զոհերից և ավերածություններից։
Ծանր պայմաններում ստեղծվելով և շատ կարճ գոյատևելով հանդերձ՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը և գործունեությունը մինչև հիմա էլ հպարտության և ակնածանքի զգացում է առաջացնում։