Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը եղել է Սասանյան Պարսկաստանի դեմ 450–451թթ-ի ազատագրական պատերազմի առաջնորդը: Հանրահայտ Ավարայրի ճակատամարտում նա էր հայոց զորքերի հրամանատարը, որին հայոց եկեղեցին հետագայում դասել է իր սրբերի շարքում։ Վարդան Մամիկոնյանը համարվում է բոլոր ժամանակների մեծագույն հայերից մեկը։
Վարդան Մամիկոնյանի կյանքը
Վարդան Մամիկոնյանը ծնվել է 387 թվականին Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում: Նա սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և կաթողիկոս Սահակ Ա Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին էր: 422 թվականին Վարդան Մամիկոնյանը ճանաչվել է Հայոց զորքերի սպարապետ։
Շատ տպավորիչ է նաև Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Շուշանիկի պատմությունը, որի ամուսինը քաղաքական նկատառումներով հրաժարվում է քրիստոնեությունից և ընդունում զրադաշտականություն։ Նա փորձում է Շուշանիկին ևս համոզել փոխել հավատքը, սակայն կինը մնում է անկոտրում՝ չնայած բոլոր տառապանքներին, որ ստիպված էր կրել չենթարկվելու պատճառով։ Շուրջ 6 տարի տանջանքներ կրելուց և պայքարելուց հետո՝ Շուշանիկը մահանում է։ Ինչպես և հայրը, Շուշանիկը նույնպես դասվել է սրբերի շարքում։ Նրա հիշատակության օրը նշվում է Հայ և Վրաց եկեղեցիների կողմից հոկտեմբերի 17-ին։
Համաձայն ավանդության՝ Բագարան գյուղի մոտ գտնվող Սբ․ Շուշանիկ եկեղեցին կառուցվել է Վարդան Մամիկոնյանի դրսեր անունով։
Ավարայրի ճակատամարտը (Վարդանանց պատերազմ)
449 թվականին Պարսկաստանի Հազկերտ Բ արքան հայերին կոչ արեց հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել կրակապաշտություն։ Սակայն հայերը, լինելով առաջին քրիստոնյա ազգը, որն ընդունել էր քրիստոնեությունը որպես պետական կրոն, չէին կարող դավաճանել իրենց հավատը և միաձուլվել պարսիկներին:
451 թվականին հայ նախարարները՝ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, ապստամբություն են սկսում Պարսկաստանի դեմ, որի կազմում Արևելյան Հայաստանը ինքնավար կարգավիճակ ուներ։
Պատերազմը տեղի ունեցավ մայիսի 26-ին Ավարայր կոչվող դաշտում՝ Թղմուտ գետի աջ ափին: Պարսիկները ոչ միայն գերակշռում էին քանակով, նրանք նաև շատ ավելի լավ էին զինված․ նույնիսկ փղեր էին բերել մարտի դաշտ։
Հայերը կռվում էին «հանուն հավատքի և հայրենյաց» և հաղթանակ տարան այս անհավասար մարտում։ Կատաղի ճակատամարտը տևեց մի ամբողջ օր։ Պարսկական զորքը նահանջեց, սակայն զոհվեց հայոց մեծ սպարապետ Վարդան Մամիկոնյանը։
Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց։ Ի վերջո, ծանր կացության մեջ հայտնված պարսից արքունիքը ստիպված եղավ հաշտվել Հայաստանի լայն ինքնավարության հետ և հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից։
Ավարայրի ճակատամարտում նահատակված հայ մարտիկները դասվել են Հայ առաքելական եկեղեցու սրբերի շարքում: Նրանք կոչվում են «Սուրբ Վարդանանք»:
Սուրբ Վարդան
Ինչպես արդեն ասվեց, մահից հետո Վարդան Մամիկոնյանը դասվել է հայոց եկեղեցու սրբերի շարքում։ Հայաստանի հանրապետությունում շնորհվում է նաև «Սուրբ Վարդան Մամիկոնյանի» շքանշան՝ հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար։
Վարդան Մամիկոնյանի ժառանգությունը
5-րդ դարի հայ պատմիչ Եղիշեն՝ լինելով նկարագրվող իրադարձությունների ժամանակակիցը, գրել է Վարդանանց պատերազմի պատմությանը նվիրված աշխատություն։ Հետագայում, այդ աշխատության հիմքի վրա, Դերենիկ Դեմիրճյանը գրել է հայտնի «Վարդանանք» պատմավեպը։
2002-2014 թթ իրականացվեց հոլիվուդյան մի նախագիծ, որը պատմում է Ավարայրի ճակատամարտի մասին։ Նախագծի հեղինակը հայազգի Ռոջեր Կուպելյանն է։ Ֆիլմը կոչվում է «Բյուզանդիայի արևելք. պատերազմ, աստվածներ ու սուրբ նահատակներ»։ Այստեղ նկարագրվում են 4-րդ և 5-րդ դարերի Հայաստանը՝ սկսած քրիստոնեության ընդունումից։ Կինոնկարի հիմնական թեման Վարդանանց պատերազմն է։
Այսօր քաջարի հայ սպարապետ Վարդան Մամիկոնյանի արձանը կանգնեցված է մայրաքաղաք Երևանում և Գյումրի քաղաքում: Երևանում արձանը գտնվում է Վերնիսաժի մերձակայքում (այսպես է կոչվում քաղաքի սրտում գործող բացօթյա շուկան): Արձանը տեղադրվել է այստեղ 1985 թվականին: Ճարտարապետը Ս. Կյուրկչյան է, քանդակագործը` Յ. Քոչարը:
Հուշարձանը տեղակայված է շրջանաձև այգում՝ Երևանի ամենահայտնի զբոսայգիներից մեկում: Այն գտնվում է Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցուց ոչ հեռու:
Վարդան անձնանունը շատ տարծված տղայի անումն է հայերի մոտ։ Շատերն են իրենց զավակներին անվանում Վարդան՝ ի պատիվ մեծ սպարապետի։ Անունը նույնիսկ ունի իր իգական տարբերակը՝ Վարդանուշ։ Եվ, իրարկե, բավականին հաճախ է հանդիպում Վարդանյան ազգանունը։
Սպարապետի կերպարը այսօր էլ ոջեշնչում է հային և հպարտության զգացում պարգևում։ Վարդան Մամիկոնյանը հայի համար դարձել է քաջության, անձնուրացության, նվիրվածության ու ազնվության չափանիշ։