Երվանդ Քոչարի փող․, Երևան
+37410 543332
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ներկայումս Հայ Առաքելական եկեղեցու ամենամեծ տաճարն է աշխարհում: Այն գտնվում է Երևանի կենտրոնում: Եկեղեցին կառուցվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ։ 1989 թ.-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի և ճարտարապետական հանձնաժողովի համատեղ նիստում որոշվել է կառուցել մի մեծ տաճար՝ նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին։
Համալիրը նախագծել է ճարտարապետ Ստեփան Կուրկչյանը: Եկեղեցու շինարարությունը սկսվել է 1996-ին և ավարտվել 2001-ին: Մայր տաճարի օծման արարողությանը պատվավոր հյուրերից էր Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը:
Գավթում են պահվում 2000 թվականին Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցուց Գարեգին Բ Ներսիսյան Ամենայն հայոց կաթողիկոսի բերած Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները: Մայր տաճարը հսկայական համալիր է՝ բաղկացած է հիմնական եկեղեցուց (1700 տեղով), Սուրբ Տրդատ և Սուրբ Աշխեն մատուռներից (երկուսն էլ 150 տեղով), գավթից ու զանգակատնից: Տրդատ թագավորն ու Աշխեն թագուհին աջակցել են Սուրբ Գրիգորին քրիստոնեությունը Հայաստանում տարածելու գործում:
Եկեղեցու մուտքի մոտ տեղակայված է զանգակատունը (բաղկացած է ավելի քան 30 կամարից) և գավիթը: Համալիրի տակ կառուցված է ներքնահարկ, որտեղ գտնվում են սուրբ Գրիգոր Ա Լուսավորչի հուշահամալիրը, գրադարան, հանդեսների և դասախոսությունների համար նախատեսված դահլիճներ, աշխատասենյակներ: Համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 3,822 քմ, բարձրությունը՝ 54 մ է:
Համալիրի գլխավոր եկեղեցին կառուցվել է Ռիչարդ Ալեքսանդր Մանուկյան և Լուիզա Մանուկյան Սիմոնեի նվիրատվությամբ` ի հիշատակ իրենց հանգուցյալ հոր` Ալեքս Մանուկյանի և նրա կնոջ` Մարի Մանուկյանի: Երկու մատուռների կառուցումն ավարտվել է Նազար և Արտեմիս Նազարյանների և Գևորգ և Լինդա Գևորգյանների նվիրատվությամբ, իսկ զանգակատունը կառուցվել է Էդուարդո Էռնեկյանի նվիրատվությամբ:
Մայր տաճարը կառուցվել է բարձրադիր տեղանքում և տեսանելի է քաղաքի տարբեր մասերից: Գեղեցիկ ձևավորված լայն աստիճանները տանում են դեպի տաճարի մուտք: Աստիճանների ձախ կողմում է հայտնի հայ ֆիդայի և հրամանատար Զորավար Անդրանիկի (Անդրանիկ Օզանյան) արձանն է, որը կանգնեցվել է այստեղ 2002 թվականին: Այստեղից սկսվում է Երևանի «Օղակաձև զբոսայգին» (հայտնի նաև որպես երիտասարդության զբոսայգի), որը ձգվում է քաղաքի կենտրոնով 5կմ։ Այգում կանգնեցված են արձաններ, կառուցվել են շատրվաններ և ջրավազաններ։