Հավուց Թառի վանք

Հավուց Թառի վանք

Հավուց Թառի վանքը գտնվում է Կոտայքի մարզում՝ Գառնի և Գողթ բնակավայրերի միջև, Ազատ գետի ձախափնյա բարձունքներից մեկի վրա։ Համալիրը կազմված է երկու հիմնական՝ արևմտյան և արևելյան հուշարձանախմբերից։ Արևմտյան հատվածում է XIII դարի գլխավոր եկեղեցին, իսկ արևելյան հատվածը վերակառուցվել է XVIII դարի առաջին կեսին։

Վանքի մասին պահպանված կարևորագույն միջնադարյան տեղեկություններից մեկը կապված է Գևորգ իշխանի հետ։ Մխիթար Այրիվանեցին հիշատակում է, որ նա Հավուց Թառում եկեղեցի է կառուցել։ Ավելի մանրամասն տեղեկություն է պահպանել XIV դարի վանահայր Նաթանայել եպիսկոպոսը․ նրա գրառմամբ՝ 1002 թվականին Գևորգ իշխանը վերանորոգել է վանքը և կառուցել ինը խորանով Կաթողիկե եկեղեցին։ Նաթանայելը նաև նշում է, որ իշխանը Գագիկ Ա թագավորից և Հովհաննես-Սմբատից գնել է մոտակա Գողթ գյուղը և այն նվիրել վանքին։

Հավուց Թառի ամենանշանավոր սրբություններից մեկը Ամենափրկիչ կոչվող խաչն էր։ 1213 թվականին վանքի տարածքում կառուցվել է Սուրբ Կարապետ մատուռը։ Դրա արձանագրությունից հայտնի է, որ Սոսթանես, Մաթեոս և Գրիգորես անուններով երեք աշակերտներ մատուռը կառուցել են իրենց ուսուցիչների՝ Սիթայի և Սիմավոնի գերեզմանների վրա։

Հավուց Թառը եղել է նաև գրչության կարևոր կենտրոն։ Այստեղ 1214 թվականին Իգնատիոս գրիչը գրել և նկարազարդել է Ավետարան, 1236 թվականին ստեղծվել է մեկ այլ Ավետարան, իսկ XV դարում վանքում աշխատել է Ստեփանոս գրիչը։

Վանքը մեծապես վնասվել է 1679 թվականի երկրաշարժից։ Հետագայում այն կրկին ավերվել է 1755 թվականի լեզգիական արշավանքի ժամանակ և լքվել։ Սիմեոն Երևանցին վկայում է, որ 1765–1767 թվականներին, երբ գրում էր «Ջամբռը», Հավուց Թառն արդեն ամայի էր։


Քարտեզ