«Արևիկ» ազգային պարկը գտնվում է Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջերին։ Պարկը ներառում է Մեղրի, Շվանիձոր և Նյուվադի գետերի ջրհավաք ավազանները և ստեղծվել է 2009 թվականի հոկտեմբերի 15-ի կառավարության որոշմամբ։ Սկզբնական որոշմամբ դրա տարածքը սահմանվել էր 34 401,8 հեկտար, իսկ ներկայումս ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը պարկի տարածքը նշում է 31 211,19 հեկտար։
Այն ստեղծվել է բնական էկոհամակարգերի, լանդշաֆտների ու կենսաբազմազանության պահպանության, բնության եզակի հուշարձանների պաշտպանության, ինչպես նաև հազվագյուտ և էնդեմիկ տեսակների բնական միջավայրերի պահպանման համար։
Բարձրությունները տատանվում են մոտ 800-ից մինչև 3700 մետր, ինչի հետևանքով այստեղ իրար հաջորդում են կիսաանապատային, թփուտային, գիհու նոսրանտառային, սաղարթավոր անտառային, լեռնատափաստանային, մերձալպյան և ալպյան բնաշխարհները։
Տարածքը հիմնականում զառիթափ և դժվարանցանելի է, բազմաթիվ ժայռերով ու քարքարոտ կիրճերով։ Տարածքում հանդիպում է ավելի քան 180 տեսակի թռչուն և 1500 տեսակի անոթավոր բույս։
Կաթնասուններից այստեղ կարելի է հանդիպել առաջավորասիական ընձառյուծի, բեզոարյան այծի և հայկական մուֆլոնի։
Տարածքում գրանցված են նաև տարբեր ճպուռների և բզեզների տեսակներ, որոնցից առանձնանում են կայսերական ճպուռը, փոքր պինցերտեյլը, բարակ մարմնով սքիմերը, հսկա մանուշակագույն գետնաբզեզը և մեծ եղջերաբզեզը։ Բազմազան է նաև սողունների աշխարհը։ Այստեղ հանդիպում են քառագիծ սահնօձը, Դալի մտրակաօձը, իրանական կատուօձը:
Արևիկ ազգային պարկի և հարակից տարածքների համար հայտնի է թիթեռների 154 տեսակ։ Դրանց թվում կան Կովկասին, Մերձավոր Արևելքին և Ասիային բնորոշ տեսակներ, ինչպես նաև Եվրոպայում տարածված թիթեռներ։
Տարածքը զբոսաշրջության համար անվտանգ է, սակայն բնության պահպանության նպատակով խորհուրդ է տրվում չշեղվել նախատեսված արահետներից։ Պարկի աշխատակիցները կարող են այցելուներին ուղղորդել և ներկայացնել տարածքի հետաքրքիր բնական անկյուններն ու կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներին։