Որոտնաբերդ ամրոց

Որոտնաբերդ ամրոց

Որոտնաբերդը գտնվում է Լորաձորի գետաբերանի և ներկայիս Վաղուդի գյուղի միջև գտնվող խոշոր ժայռազանգվածի վրա։

Երեք կողմից բերդի բնական ժայռապարիսպները կտրուկ իջնում են դեպի Որոտանի կիրճը։ Ամրոցի ընդհանուր տարածքը հավասարասրուն եռանկյան ձև ունի։ Հարավային բարձրադիր հատվածում գտնվում է միջնաբերդը։ Որոտան բերդի տեղադրման համար օգտագործվել Է Որոտանի գետահովտի տվյալ տարածքում գոյություն ունեցող այն բնական ժայռոտ բարձունքը, որտեղից կարելի Էր հսկել մեծ տարածություններ և հետևել թշնամու տեղաշարժերին։

Որոտանի հովտով անցել է նաև առևտրական ճանապարհ, որը Նախիջևանի կողմից մտնում էր Ծղուկք գավառ, անցնում մի շարք բերդերի վերահսկողության գոտով և Կարճևանի մոտ միանում Ջուղա–Փայտակարան միջազգային առևտրական ճանապարհին։ Այս դիրքն ամրոցին տալիս էր ոչ միայն ռազմական, այլև ճանապարհային վերահսկողության նշանակություն։

Արևմտյան արտաքին պարսպի միջին բարձրությունը պահպանված հատվածներում հասնում է մոտ 5,5 մետրի։ Պարսպի մեջ պահպանվել է ուղղանկյուն խորշ, իսկ ներսի կողմից՝ մեկ այլ ուղղանկյուն կառույցի ստորին հատվածներ։ Ամրոցի հարավային՝ միջնաբերդի հատվածում պահպանվել են բազմաթիվ ուղղանկյուն սենյակների մնացորդներ։

Արևելյան պաշտպանական հատվածում պահպանվել են երկու աշտարակ՝ մեկը շրջանաձև, մյուսը՝ կիսաշրջանաձև։ Դրանք կառուցված են բազալտե կոպտատաշ քարերից՝ կրաշաղախի միջնաշերտով։ Դիրքի շնորհիվ աշտարակներից տեսանելի էր ամբողջ գետահովիտը։

1219 թվականին Իվանե Զաքարյանը, Լիպարիտ Օրբելյանի առաջնորդությամբ, գրավել է Որոտնաբերդը։ Դրանից հետո ամրոցն ու հարակից բնակավայրերը անցել են Լիպարիտի տիրապետության տակ, իսկ Որոտնաբերդը երկար ժամանակ մնացել է Օրբելյանների իշխանության ներքո։ Իսկ 1724 թ. արդեն Կապան հասած Դավիթ Բեկը պաշարում է Որոտն բերդը և թուրքերի հետ սրամարտում հաղթանակի հասնում։

X դարում Սյունիքում ձևավորվել է Որոտնաբերդ–Որոտնավանք երկկենտրոն պաշտպանական համակարգը, որի գլխավոր ռազմական կենտրոնը բերդն էր, իսկ երկրորդ կենտրոնը՝ վանքը։ Ըստ Մտ. Օրբելյանի տեղեկությունների, Որոտնավանքը հիմնադրել է Սմբատ գահերեց իշխանի կինը՝ Շահանդուխտ թագուհին։ Նա 1000 թվականին Սմբատի կտակի համաձայն կառուցում է Սբ․ Ստեփանոս Նախավկայի եկեղեցին։


Քարտեզ