Բերդի գլուխ ամրոց

Բերդի գլուխ ամրոց

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի կենտրոնում բարձրացող սարահարթի արևմտյան կողմում գտնվում է վաղ երկաթի դարի (մ.թ.ա. II-I հազարամյակ) Բերդի գլուխ կոչվող կիկլոպյան ամրոցի ավերակները։

Ամրոցի երկարությունը արևմուտքից դեպի արևելք ավելի քան 400 մետր է, այն սկսվում Է բարձունքի արևմտյան վերջավորության զառիթափից և վերջանում արևելյան մասում` չորս մետր լայնություն ունեցող պարսպով: Ամրոցի միջին լայնությունը հյուսիսից հարավ 110 մետր է։ Ամրոցը միջնաբերդի հետ զբաղեցնում է շուրջ 5,0 հեկտար տարածություն, որից միջնաբերդը՝ 1,5 հեկտար:

Ամրոցի կենտրոնական և միջնաբերդի հարավարևմտյան մասերում կացարանների հետքեր կան, որոնց պատերի մեկ շարքը երևում է հողի երեսին։ Կացարանների հետքեր երևում են նաև սարահարթի հարավային լանջերում։

1927 թ. ամրոցի տարածքում Թ. Ավդալբեգյանի կողմից հայտնաբերված ուրարտական արձանագրությունը զգալի պարզություն մտցրեց Վելիքուխի երկրի և Բերդի գլուխ ամրոցի պատմության ուսումնասիրման մեջ։

Արձանագրությունում գրված է հետևյալը.

"Խալդի Աստծո հզորությամբ Ռուսան, Սարդուրի որդին ասում է. Վելիքուխի երկրի թագավորին ես հաղթեցի, ստրուկը ես նրան դարձրի, երկրից ես նրան հեռացրի, փոխարքա այնտեղ ես դրեցի Խալդի աստծո դուռն ու վեհապանծ ամրոց ես կառուցեցի, անունը դրեցի "Խալդի աստծո քաղաք"։

Արձանագրությունից պարզ է դառնում, որ Գավառագետի հովիտը նախաուրարտական շրջանում կոչվում էր Վելիքուխի երկիր, որ ուրարտական Ռուսա 1 (730—714/713) թագավորը նվաճեց Վելիքուխին, որ այնտեղ տաճար ու ամրոց կառուցեց Խալդի աստծո անունով, նոր կառավարիչ նշանակեց։

Բերդի գլուխ ամրոցը ունեցել է երկու շինարարական շրջան՝ նախաուրարտական և ուրարտական։ Ուրարտական ամրոցն արտաքինից երևացել է որպես մի ամբողջություն, չորս կողմից շրջապատված ամուր պարիսպներով, որոնց վրա եղել են բարձր աշտարակներ։

Ամրոցի հարավ-արևելյան անկյունում եղել է մի հսկա աշտարակ, որից դիտվել է Գավառագետի ողջ հովիտը, Մըռթբի ձորի և Արծվաքարի երկու ամրոցները։ Աշտարակի հիմքն ունի 4 x 4 մետր չափսեր և կառուցվածքով նման է ամրոցի մյուս պարիսպներին։

Ամրոցը ներսում միջնապարսպով բաժանված է եղել երկու մասի՝ արևմտյան և արևելյան: Արևմտյան մասը քիչ ավելի բարձրադիր է և ավելի քիչ տարածություն է գրավել։ Իր հարավային, արևմտյան և մասամբ հյուսիս-արևմտյան կողմերից ավելի անառիկ է, որտեղ հավանորեն եղել է միջնաբերդը։ Արևելյան մասը, որն ավելի ընդարձակ է, հանդիսացել է պարսպապատված բնակավայրը:

Բերդի գլուխ ամրոցը ջրազուրկ է եղել և ենթադրվում է որ այն ունեցել է ստորերկրյա ճանապարհ, որով կապվել է Գավառագետի հետ` ամրոցի պաշարման ժամանակ այնտեղից գետնուղով ջուր տանելու համար։

Բերդի-գլխի հարավ-արևելյան անկյան ուղղությամբ, գետի վրա կա սալաքարերից կառուցված կամուրջ: Կամուրջը համարյա պահպանվել Է մինչև այսօր, տեղացիները այն անվանում են "Քարե կարմնջներ"։

Ամրոցում կատարված հետազոտությունները և այնտեղից հայտնաբերված նյութերը ցույց են տալիս, որ Վելիկուխին նշանավոր երկիր է եղել իր բնակավայր-ամրոցներով ոչ միայն ուրարտացիների տիրապետության շրջանում, այլ նաև նրանից առաջ` երկրորդ հազարամյակի վերջերից սկսած, և նրանից հետո` մինչև մեր թվականության առաջին դարերը։ Պատմաբանները գտնում են, որ չնայած ուրարտական թագավորության անկումից հետո Բերդի գլուխ ամրոցը և Խալդի քաղաքը կորցրել են իրենց նշանակությունը որպես Վանի թագավորության հենարաններից մեկը, սակայն կյանքն այնտեղ չի դադարել և բնակավայրն իսպառ չի վերացել:


Քարտեզ