Իլիկավանքը, որը հայտնի է նաև Պառավի վանք անունով, գտնվում է Լանջաղբյուր գյուղի հարավարևելյան կողմում, Կիլկիլոպյան ամրոցից քիչ հեռու՝ «Պառավի դար» կոչվող բլրի լանջին։
Կիկլոպյան ամրոցի ամենաբարձրադիր հատվածում մասամբ պահպանվել է միջնաբերդը։ Ամրոցը իր բնակատեղիով զբաղեցրել է շուրջ 70 հեկտար տարածություն։
Արձանագրություններ չեն պահպանվել, սակայն XI–XII դարերում այն հիշատակվում է որպես Իլիկավանից անապատ։ Իլիկավանքը ներքուստ խաչաձև, կենտրոնագմբեթ կառույց է։ Ավագ խորանը գտնվում է արևելքում, իսկ միակ մուտքը՝ արևմտյան կողմից։ Գմբեթի թմբուկը ութանիստ է և լուսամուտներ ունի արևելյան, արևմտյան ու հարավային կողմերում։ Դեպի գմբեթ անցումը կատարված է տրոմպների միջոցով։ Կառույցի պատերում օգտագործվել են հիմնականում տեղական սևադարչնագույն բազալտ, գետաքար և կրաշաղախ։
2011 թվականին եկեղեցին վերականգնվել է։
Իլիկավանքի մասին պահպանվել է մի գեղեցիկ ավանդույթ։
Ասվում է, որ մի պառավ կին, որը դժվարանում էր այցելել հարևան գյուղերի վանքեր՝ աղոթելու համար, որոշում է սեփական ուժերով վանք կառուցել իրենց գյուղում։
Ամեն օր նա իլիկով թել էր մանում, գործում տարբեր գործվածքներ, վաճառում դրանք և վաստակած գումարով կառուցում վանքը։ Այդ պատճառով վանքը կոչվում է Իլիկավանք կամ Պառավավանք՝ ի հիշատակ նրա հավատքի, համբերության և նվիրումի։