Կոթավանքը կամ Կոթի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում՝ պատմական Կոթ բնակավայրի տարածքում։ Կոթը ժամանակին Դվին–Պարտավ ճանապարհի առևտրական հանգույցներից էր։
Եկեղեցին կառուցել է Գրիգոր Սուփանը: Պատերը կոպտատաշ, ճեղքված բազալտից են, որոշ մասեր՝ կոփածո վեմերից: Քանդված են գմբեթը և ծածկը: Այն ուղղանկյուն խաչաթևով, չորս անկյուններում կիսաշրջանաձև աբսիդներով, երկհարկ ավանդատներով կառույց է։ Եկեղեցու հորինվածքը Սյունիքի ճարտարապետական դպրոցի նվաճումներից է: