Ձագավանք

Ձագավանք

Ձագավանքը, որը հիշատակվում է նաև որպես Գետարգելի կամ Գետադարձի Սուրբ Նշան, գտնվում է պատմական Կոտայք գավառի Ձագ գյուղի հարավարևելյան բլրալանջին՝ ներկայիս Առինջ գյուղից մոտ 2 կմ հյուսիս-արևելք։ Վանքը «Գետարգելի Սուրբ Նշան» անունն ստացել է այստեղ պահված սրբազան խաչի պատճառով։

Համալիրի ամենահին պահպանված կառույցը Սուրբ Նշան եկեղեցին է։ Այն պատկանում է վաղ միջնադարյան խաչաձև գմբեթավոր եռախորան փոքր եկեղեցիների տիպին։ Արտաքինից եկեղեցին բազմանիստ է, ներսից՝ խաչաձև հատակագծով։ Կառուցված է սև տուֆից։ Այսօր պահպանվել են հիմնականում պատերի ստորին շարերը։

Սուրբ Նշան կոչվող եկեղեցին կառուցվել է VII դարի սկզբին կամ ավելի վաղ, քանի որ, համաձայն 1834 թ. Հայսմավուրքի հիշատակարանի, նահատակ Դավիթ Դվնեցուն թաղելուց հետո խաչը տանում են Ձագ գյուղաքաղաք և կանգնեցնում տեղի եկեղեցում։

Սուրբ Նշանից մի քանի մետր հյուսիս-արևելք գտնվում է սրբատաշ դարչնակարմրավուն տուֆից կառուցված երկհարկ եկեղեցին։ Ճարտարապետական հորինվածքով նման է Նորավանքի Բուրթելաշեն երկհարկանի եկեղեցուն: Առաջին հարկում, ներքուստ քառակուսի հատակագծով և քառակուսի փոքրիկ բեմով, հյուսիսային և հարավային պատերին, խորանին մոտիկ պահպանվել են երկու փոքրիկ պատուհաններ։

XIV–XV դարերից վանքը հայտնի է նաև որպես գրչության կենտրոն։ 1317 թվականին այստեղ ձեռագիր է ընդօրինակել Մոնոգոն սարկավագը, իսկ 1425 թվականին Ստեփանոս գրիչը հիշատակարանում վայրը կոչում է «աստվածաբնակ սուրբ ուխտ՝ Ձագավանք»։

1679 թվականի Արարատյան երկրաշարժից Ձագավանքը մեծապես վնասվել է, սակայն ամբողջությամբ չի լքվել․ XVIII դարի սկզբին այն դեռ գործող վանք էր։ 1670 թվականին այն հիշատակվում է նաև որպես եպիսկոպոսական աթոռանիստ։


Քարտեզ