Դդմաշենի Սուրբ Թադևոս եկեղեցի

Դդմաշենի Սուրբ Թադևոս եկեղեցի

Դդմաշենի Սուրբ Թադևոս եկեղեցին գտնվում է Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի արևելյան հատվածում։ Այն վաղմիջնադարյան գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցի է։ Ճարտարապետ Արեգ Հասրաթյանի ուսումնասիրությամբ՝ կառույցը թվագրվում է VII դարի կեսով:

Եկեղեցին կառուցված է դեղնակարմրավուն տուֆի մաքուր տաշած քարերով և բարձրանում է բազմաստիճան որմնախարսխի վրա։ Արտաքին չափերն են մոտ 12.8 × 22.5 մ: Այն չափերով զիջում է նույնատիպ հուշարձաններից Արուճի և Պտղնիի եկեղեցիներին։

Ուշ միջնադարում լքված գյուղը 1828 թ. վերաբնակեցվել է Մակուից գաղթածներով, որոնք նորոգել են եկեղեցին և ավերված գմբեթն ու տանիքը ծածկել փայտով, իսկ 1907 թ. կառուցել են նոր գմբեթ և վերականգնել ծածկը քարով:

Կիսաշրջանաձև ավագ խորանի երկու կողքի ավանդատներն ունեն փոքրիկ աբսիդներ և ծածկված են գլանաձև թաղով: Եկեղեցին ունի երկու դուռ հարավից և արևմուտքից:

Եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին պահպանվել է միատող, անավարտ արձանագրություն։ Հավանաբար գրելու ընթացքում քարը մեջտեղից ճաքել է: Դդմաշենի Ս. Թադևոս եկեղեցու հարդարանքը զուսպ է։


Քարտեզ