Բերդկունքի ամրոց

Բերդկունքի ամրոց

Բերդքունքի ամրոցը, որը հայտնի է նաև Սպիտակ բերդ և Իշխանաց բերդ անուններով, գտնվում է Գեղարքունիքի մարզի Բերդքունք բնակավայրում՝ Սևանա լճի ափին։ Այն բազմաշերտ հնավայր է։

Այստեղ նախ գոյություն է ունեցել մ.թ.ա. II–I հազարամյակների կիկլոպյան ամրոց-բնակատեղի, որի ավերակների վրա միջնադարում կառուցվել է նոր ամրոց։ Համեմատաբար լավ է պահպանվել միջնադարյան ամրոցի արևմտյան պարսպապատը՝ կիսաշրջանաձև աշտարակներով։ Հարավային աշտարակի պահպանված բարձրությունը հասնում է մոտ 8 մետրի։ Արևելյան՝ լճին հարող հատվածում պահպանվել են բազմաթիվ շինությունների հիմքեր ու պատեր։ 2024 թվականի պեղումներով բացվել են պարսպին կից կառույցներ, իսկ հյուսիսային աշտարակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն ներսից դատարկ է եղել և հավանաբար ունեցել է նաև վերին հարկ։

Նույն պեղումների ընթացքում հայտնաբերվել են XII–XIV դարերի երկաթե նետասլաք, վառարան-թոնիրներ, և հասարակ խեցեղենի բեկորներ։ Հնագիտական ուսումնասիրությունների ներկայիս արդյունքներով ամրոցի պահպանված միջնադարյան կառուցապատման հիմնական փուլը կապվում է հատկապես IX–XIII դարերի հետ։


Քարտեզ