Սիրու՞մ եք սուրճ: Եթե ձեր պատասխանը դրական է, ապա ձեզ հաստատ դուր կգա հայկական սուրճը: Հավատացեք՝ հայկական սուրճի բուրմունքն անկրկնելի է։
Սուրճը Հայաստան է եկել 20-րդ դարի կեսերին: Սակայն մինչ այդ՝ 16-րդ դարում, առաջինը հայ վաճառականներն են սուրճը տարել Եվրոպա, իսկ 17-րդ դարում մի հայ բացել է առաջին սուրճի տաղավարը Փարիզում։
Հայկական սրճեփները
Եթե ուզում եք իմանալ հայկական սուրճի համի և բուրմունքի գաղտնիքները, ապա եկեք ուսումնասիրենք պատրաստման ընթացքի բոլոր քայլերը։ Նախ՝ համեղ սուրճի կարևոր պայմաններից է սրճեփը՝ «ջազվեն» կամ «ջազվան»։ Հայաստանում կգտնեք ջազվեների մեծ տեսականի՝ մեծ և փոքր, մետաղյա և կավե, պարզ և նկարազարդ։ Ջազվեի ընտրությանը պետք է լրջությամբ մոտենալ, քանի որ դրա որակից է կախված սուրճի համը։
Հայկական մշակույթում ընդունված են կավե ջազվեները, որոնցում սուրճը եփվում է դանդաղ և պահպանում է իր համային հատկությունները, և կավե բաժակները, որոնք երկար են պահպանում ընպելիքի տաքությունը՝ թույլ տալիով հանգիստ վայելել ընպելիքի ամեն մի կումը։
Կավե սրճեփների և բաժակների լայն ընտրություն է առաջարկում Երևանի «Վերնիսաժ» տոնավաճառը։ Այստեղ դրանք զարդարված են ավանդական նախշերով և այնպիսի հայկական խորհրդանիշներով, ինչպիսիք են նուռը, Հայաստանի դրոշը, բիբլիական Արարատ լեռը։ Այսպիսի սուրճի սպասքը կարելի է ոչ միայն օգտագործել ամեն օր՝ էլ ավելի գեղեցիկ դարձնելով սուրճ խմելու արարողությունը, այլ նաև նվիրել որպես հուշանվեր։
Ինչպես եփել հայկական սուրճ
Սուրճը համարվում է շատ մշակույթների անբաժանելի տարրը: Գուցե դա է պատճառը, որ տարբեր ազգերի մոտ սուրճ պատրաստելու եղանակներն ունեն շատ ընդհանրություններ։ Այնուամենայնիվ, միշտ էլ կա առանձնահատուկ մի տարբերություն, որը յուրահատուկ է դարձնում սուրճի համն ու բույրը:
Ահա և սուրճի պատրաստման քայլերի հերթականությունը.
1.սրճեփի մեջ լցրեք մեկ սուրճի բաժակ ջուր մեկ անձի համար,
2.ավելացրեք մեկ թեյի գդալ աղացած սուրճ (շաքարավազն ավելացվում է ըստ ճաշակի),
3. դրեք սրճեփը կրակին, խառնեք գդալով և սպասեք մինչև սուրճը բարձրանա։ Ոմանք մի քանի անգամ են վերցնում և դնում սուրճը կրակին, որպեսզի այն եռա և վրայի փրփուրը պակասի։ Սակայն բավական է, որ սուրճը բարձրանա մեկ անգամ, քանի որ այդպես համային հատկություններն ավելի լավ են պահպանվում։
4. Երբ սուրճն արդեն պատրաստ է, լցրեք բաժակի մեջ և վայելեք։
Ոմանք նախընտրում են բաժակի մեջ ավելացնել հիլ, ապա լցնել սուրճը: Այսպես սուրճը հատուկ բույր է ստանում, սակայն ոչ բոլորն են սիրում այս հոտը: Ոմանք էլ մի քանի կաթիլ կոնյակ են ավելացնում։
Ասում են, որ Հայաստանում սուրճը յուրահատուկ համ ունի նաև աշխարհագրական դիրքի շնորհիվ։ Բանն այն է, որ ծովի մակարդակից բավականին բարձր գտնվելու պատճառում, այստեղ ջուրը եռում է ոչ թե 100, այլ մոտ 96 աստիճանի ներքո։ Դրա շնորհիվ պահպանվում են սուրճի եթերային յուղերը՝ հետևաբար ընպելիքն ավելի համեղ է և օգտակար։
Հայաստանում ուր էլ մտնեք ձեզ առաջին հերթին սուրճ կառաջարկեն։ Հայկական հյուրասիրությունը սկսվում է և ավարտվում է սուրճով։ Սուրճի հյուրասիրությունն էլ ուղեկցվում է հայկական քաղցրավենիքներով, կոնֆետներով և խմորեղենով։
Հայկական «բաժակ նայելը»
Ներկայումս Հայաստանում «բաժակ նայելու» սովորությունն այդքան էլ տարածված չէ, սակայն ընդամենը երկու տասնամյակ առաջ հայ կանայք հաճախ էին այդպես ժամանակ անցկացնում։ Այնուամենայնիվ, այսօր էլ կան մարդիկ, ովքեր հավատում են, որ հնարավոր է ճակատագրի գաղտնիքները կարդալ սուրճի գավաթի տակ մնացած մրուրի պատկերներով։
Սուրճի բաժակ նայողները մրուրից առաջացած պատկերների մեջ հիմնականում տեսնում են ինչ-որ թվեր, որոնք իբր հուշում են կարևոր իրադարձությունների ամսաթվերի մասին, ինչպես նաև երևույթներ խորհրդանշող կենդանիների պատկերներ։ Օրինակ, ձին «մուրազ» է, իսկ աքաղաղը՝ կարևոր լուր է նշանակում։
Նմանատիպ օրինակները շատ են, սակայն, ես այդքան էլ փորձառու չեմ այս ոլորտում, ուստի կիսվում եմ միայն ականջովս ընկած պատառիկներով: Այնուամենայնիվ, եթե ձեզ հետաքրքրեց այս ավանդույթը, կարող եք ձեր բախտը փորձել և, միգուցե, ինչ-որ կարևոր բան իմանաք ինքներդ ձեր մասին:
Որտեղ խմել հայկական սուրճ
Եթե ձեզ դուր է գալիս, թե ինչպես են հայերը վերաբերվում սուրճին և ցանկանում եք փորձել այս յուրահատուկ ըմպելիքը, ապա պետք չէ որևէ հատուկ առիթ կամ հնարավորություն ստեղծել: Սովորաբար, հայերը օրվա մեջ մի քանի անգամ են սուրճ խմում: Այնպես որ, եթե ունեք հայ ազգական, ընկեր կամ պարզապես ծանոթ հայ, ուղղակի այցելեք նրանց և հավատացեք, սուրճ հյուրասիրվելն անխուսափելի կլինի:
Իհարկե, կա նաև այլ տարբերակ․ Հայաստանում՝ հատկապես Երևանում, շատ են տարատեսակ սրճարանները, թեյատները և ռեստորանները, որտեղ հայակական սուրճ է մատուցվում։
Այս առիթով, կառաջարկեմ ընթերցել իմ հոդվածներից մեկը Երևանի լավագույն սրճարանների մասին, և նախապես ընտրել այն մթնոլորտը, որում ուզում եք հայկական սուրճը վայելել։
Ամփոփում
Մենք չենք կարող ասել, որ սուրճը ավանդական հայկական ըմպելիք է: Այն եկել է Արաբական թերակղզուց, Արևմտյան Ասիայից և իր առանձնահատուկ տեղը գտել հայկական մշակույթում:
Այստեղ՝ շնորհիվ պատրաստման ուրույն ձևի և պայմանների, սուրճը յուրահատուկ բույր և համ է ստացել, որի հանդեպ հնարավոր չէ մնալ անտարբեր։