«Դիլիջան» ազգային պարկի տարածքը Հայաստանի բնաշխարհի եզակի անկյուններից է, որն առանձնանում է հարուստ և յուրօրինակ կենսաբազմազանությամբ, անտառային լանդշաֆտով, գիտական, ճանաչողական և տնտեսական բարձր արժեքներ ունեցող առանձին էկոհամակարգերի ու բնության հուշարձանների բնապահպանական, գիտաճանաչողական, առողջապահական և ռեկրեացիոն բարձր արժեքներով:
Պարկը տեղակայված է Հայաստանի հյուսիսային մասում՝ Փամբակի, Միափորի և Արեգունու լեռնաշղթաների լանջերին և Աղստև ու Գետիկ գետերի ավազանում։ Բարձրությունը ծովի մակարդակից 1000-2000 մ է: Դիլիջան ազգային պարկի ընդհանուր մակերեսը կազմում է 33 765 հա, որը բաժանված է երեք գոտու՝ արգելոցային, տնտեսական եւ ռեկրեացիոն:
Պարկը ստեղծվել է 1958 թ. որպես պետական արգելոց՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով։ 2002 թվականին վերափոխվել է ազգային պարկի:
Այստեղ հայտնաբերվել են ավելի քան 970 բուսատեսակներ, որոնց թվում նաև հազվագյուտ, երրորդ դարաշրջանի այնպիսի բուսատեսակներ, ինչպես կենին, կովկասյան մրտավարդը եւ այլն: Ազգային պարկի բուսաշխարհն ընդգրկում է 902 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40-ը՝ հազվագյուտ։ 29 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Հիմնական ծառատեսակներն են՝ հաճարենի, կաղնի, բոխի, լորենի, հացենի, թեղի, սոճի և գիհի։
Դիլիջանի արգելոցում են երրորդական դարաշրջանի մնացորդ՝ կարմրածառի (մահիկի) պուրակները, որոնցից Աղնաբաթինը (Գետիկի ավազան) ամենախոշորն է Անդրկովկասում։ Դեղատուներից լայն տարածում ունեն սրոհունդի, դաղձի, ուրցի, ուրցադաղձի, սննդային բույսերից՝ ավելուկի, սիբեխի, բալդրղանի, կերային խոտաբույսերից՝ երեքնուկի, կորնգանի, գեղազարդային բույսերից՝ խոլորձի, հիրիկի բազմաթիվ տեսակներ:
Դիլիջան պարկի կենդանական աշխարհը
Հարուստ է նաև ազգային պարկի կենդանական աշխարհը: Կան մոտ 800 տեսակի բզեզներ, ինչպես նաև սողունների, երկկենցաղների և ձկների բազմաթիվ տեսակներ:
Պարկի 150 տեսակ թռչունների մեջ հանդիպում է սև փասիան, ոսկե արծիվ, մորուքավոր անգղ, բազե և այլն: Արգելոցի ավելի քան 40 տեսակի կաթնասուններից են գորշ արջը, այծյամը, գորշուկը, քարակզաքիսը, անտառային կատուն, աղվեսը, լուսանը, սկյուռը, փորսուղը և այլ կաթնասուններ։
Դիլիջան ազգայն պարկին հարակից եկեղեցիները
Արգելոցի տարածքում տեղակայված են Հաղարծինի, Գոշավանքի և Մաթոսավանքի վանական համալիրները և Ջուխտակ վանքը: Ըստ պատմաբան Կիրակոս Գանձակեցու, Հաղարծինի վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դարում՝ Բագրատունիների կողմից: Վանական համալիրը ներառում է չորս եկեղեցի՝ Սուրբ Գրիգոր (1244), Սուրբ Աստվածածին (1281), Սուրբ Կաթողիկե (12-րդ դար) և Սբ Ստեփանոս (1232), երկու գավիթ, սեղանատուն, աղոթասրահ և խաչքարեր:
Գոշավանքը միջնադարյան վանական մեկ այլ հիանալի համալիր է: Գտնվում է Գոշ գյուղում (Տավուշի մարզ)՝ Գետիկ գետի ձախ ափին: Եկեղեցին կոչվում է հայտնի հայ գիտնական, պատմաբան, առակագիր և ուսուցիչ Մխիթար Գոշի անունով: Ժամանակին այս եկեղեցին ուշագրավ կրոնական կրթամշակութային կենտրոն էր, որտեղ 25 տարի ապրել և աշխատել է Մխիթար Գոշը:
Հայաստանում էկո-տուրիզմի զարգացման համար արգելոցի հանգստի գոտում առանձնացվել են 11 էկո-երթուղիներ՝ բացատրական նշաններով և ճանապարհային գծանշաններով: Այստեղ զբոսաշրջիկներին ուղեկցում են պրոֆեսիոնալ և փորձառու զբոսավարներ, տրամադրվում են հեծանիվներ, ձիեր, վրաններ, քնապարկեր, վառարաններ, աստղադիտակներ և շատ այլ անհրաժեշտ միջոցներ: