Կյանքում շատ են հիանալի պահերը, սակայն հարսանիքը մարդու կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկն է: Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր հարսանեկան սովորույթներն ու ավանդույթները: Հայկական ավանդական հարսանիքները միշտ եղել են ինքնատիպ և շատ տոնական։
Նկարը՝Գարիկ Փայտյան
Ժամանակի ընթացքում դժվար է պահպանել հին ավանդույթները, քանի որ ոփոխություններն անխուսափելի են: Եկեք ուսումնասիրենք հայկական հարսանիքների պատմությունը և հին ժամանակներից եկած ավանդույթները:
Նշանադրություն և հարսանիքի նախապատրաստություններ
Մենքը պահպանողական ենք, երբ խոսքը վերաբերում է ընտանեկան մշակույթին և արժեքներին: Հնում հայերը կարծում էին, որ հարսանիք անելու լավագույն ժամանակը աշունն ու ձմեռն է, քանի որ գարնանը և ամռանը մարդիկ հիմնականում զբաղված էին գյուղատնտեսական աշխատանքներով:
Հարկ է նշել, որ երիտասարդները իրավունք չունեին ինքնուրույն ընտրել իրենց զուգընկերոջը: Այս որոշումը հաճախ ընդունում էին երիտասարդների ծնողները, ովքեր հաճախ փորձում էին որքան հնարավոր է շուտ ամուսնացնել իրենց երեխաներին:
Հարսնացուին սովորաբար ընտրում էին իրենց շրջանից կամ հարևան գյուղից: Սկզբում տղայի ծնողներն այցելում էին ապագա հարսնացուի տուն, հայտնում իրենց մտադրությունը և աղջկա հորից խնդրում նրա ձեռքը: Պաշտոնական ծանոթությունից և աղջկա ծնողներից համաձայնություն ստանաուց հետո, սկսվում էր արարողության հաջորդ՝ նշանադրության փուլը:
Ավանդաբար, նշանադրության երեկույթը կազմակերպում էր հարսնացուի կողմը: Այդ օրը փեսան մատանի էր դնում հարսնացուի մատին, և դա համարվում էր խոստումի և պարտավորության նշան: Այս արարողությունը նաև կայանալիք ամուսնության պաշտոնական համաձայնությունն էր:
Նշանդրեքից հետո նշանակվում էր հարսանիքի ամսաթիվը, և սկսվում էին նախապատրաստական աշխատանքները: Ի դեպ, ամենակարևոր որոշումներից մեկը քավորի ընտրությունն էր, ով հարսանիքի ժամանակ կարևոր դեր ուներ: Քավորն ընտրվում էր փեսայի ամենամոտ ընկերներից: Քավորը և նրա կինը պետք է օրինակ ծառաեին նորապսակների համար, այդ իսկ պատճառով, քավոր էին ընտրում կայուն և ամուր ընտանիք ունեցող մեկին։
Ավանդական հայկական հարսանիք
Հայկական հարսանիքները սովորաբար մեծ են՝ հարյուրից ավելի հյուրերով: Հնում հարսանեկան արարողությունները տևում էին յոթ օր և յոթ գիշեր: Հարսանեկան մեքենաներից մեկը զարդարում էին աղվեսով, որը պետք է նախապես լուր հասցներ հարսի ընտանիքին հարսնաքավորների գալու մասին: Ըստ հայկական ավանդույթի, հարսանեկան արարողությունները սկսվել են վաղ առավոտից: Հարսանիքն ուղեկցվել է մի խումբ երաժիշտների ուրախ նվագակցությամբ։
Հյուրերը և քավորը երգ ու պարով մտել են հարսի տուն, շնորհավորել միմյանց, և կենացներ ասել: Այնուհետև հարսին ու փեսային ուղեկցել են եկեղեցի՝ Աստծո օրհնությունը ստանալու։ Եկեղեցու արարողությունից հետո նորապսակները և հյուրերը գնացել են փեսայի տուն:
Տան շեմին հարսն ու փեսան ափսե են կոտրել՝ չար աչքից պաշտպանվելու և չար ոգիներին քշելու համար։ Դրանից հետո սկեսուրը նորապսակների ուսին լավաշ է գցել և նրանց մի-մի գդալ մեղր տվել, որպեսզի նրանց կյանքը մեղրի նման քաղցր լինի։ Լավաշը պտղաբերության խորհրդանիշն է եղել։
Հարսանիքը սովորաբար անցկացվում էր փեսայի տանը: Նորապսակները, նրանց հարազատները և ընկերները հավաքվում էին այնտեղ և միասին տոնում երիտասարդների միությունը: Հյուրասիրվում էին ավանդական ուտեստներ և հնչում էին շատ կենացներ: Ամենատարածված կենացը «Մի բարձի ծերանաք»-ն էր: Հարսանեկան արարողությունը տևում էր մինչև ուշ երեկո:
Պահպանված ավանդույթներ
Այսօր հին ավանդույթներից շատերը չեն պահպանվել, սակայն կան դեռ ավանդույթներ, որոնց ոմանք հետևում են։ Օրինակ, երբ գալիս են հարսի հետևից, հարսի ճարպիկ բարեկամներից մեկը՝ հիմնականում եղբայրը, փախցնում է հարսի կոշիկը։ Հարսանեկան արարողությունը չփչացնելու և չուշացնելու նպատակով հարսի կոշիկի դիմաց փեսան կամ քավորը գումար է առաջարկում:
Հարսին տանից դուրս հանելու պահին, հարսի եղբայրը սրով պահում է դուռը և չի թողնում, որ քրոջը տանից տանեն: Այս ժամանակ, քավորն առաջարկում է գումար՝ ճանապարհը բացելու դիմաց:
Պահպանվել է նաև հարս ու փեսային սկեսուրի կողմից մեղրով դիմավորելու և ուսերին լավաշ գցելու ավանդույթը։
Ժամանակակից հայկական հարսանիք
Հայկական հարսանեկան ավանդույթներից շատերն այսօր փոխվել են, չնայած որ շատ բաներ նաև պահպանվել են: Այսօր, բարեբախտաբար, երիտասարդներն ինքնուրույն են ընտրում իրենց զուգընկերոջը: Աղջիկները հագնում են ժամանակակից սպիտակ հարսանեկան զգեստներ, իսկ տղաները նախընտրում են դասական կոստյումներ: Օժիտը փոխարինվել է փողով, տան կամ մեքենայի բանալիներով, իսկ երբեմն էլ՝ հարսանեկան ճամփորդության տոմսերով:
Վերջին տարիներին ոչ միայն փեսացուները, այլ նաև հարսնացուները սկսել էն նախամուսնական առանձին երեկույթներ կազմակերպել, որին հավաքվում են միայն փեսայի և հարսի ընկերները։
Ինչպես տեսնում եք, հայերին հաջողվում է համատեղել հին հայկական հարսանեկան ավանդույթները ժամանակակից եվրոպական արարողակարգերի հետ:
Այժմ հարսանեկան արարողությունը տևում է ընդամենը մեկ օր: Հարսանիքի օրը հարսնացուի կողմը հյուրասիրություն է պատրաստում և սպասում է փեսայի ժամանմանը: Փեսայի կողմը հաճախ ժամանում է շքեղ մեքենաների շարասյունով: Հետո աղջկան տանից դուրս են հանում և գնում են եկեղեցի: Սիրված վայրերից են Էջմիածինը, Գեղարդը, Գայանեի և Հռիփսիմեի եկեղեցիները և շատ ուրիշներ:
Հարսանիքի ուրախ մասը տեղի է ունենում ռեստորանում: Երբեմն դահլիճ մտնելիս նորապսակները ուտում են մի գդալ մեղր, կոտրում են մի ափսե, որից հետո մտնում են ռեստորան: Ամենակարևոր ավանդույթներից մեկը կենացների հաջորդականությունն է: Հայերը կենացներ են ուղղում իրենց հարազատներին, ծնողներին և սիրելիներին:
Արարողության ընթացքում հարսնացուն պարում է իր հարսանեկան պարը: Նա նաև իր ծաղկեփունջն է նետում չամուսնացած աղջիկներին։ Հարսանիքն ավարտվում է ուշ երեկոյան հարսանեկան տորթի կտրման արարողությամբ և տարոսիկներ բաժանելով։ Հարսանիքից հետո նորապսակները սովորաբար մեկնում են մեղրամիս:
Ինչպես տեսնում եք, մեր հարսանեկան ավանդույթները ժամանակի ընթացքում փոխվել են, բայց որոշ ծեսեր դեռևս արդիական են: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է պահպանել այն սովորույթները, որոնք բնորոշ են միայն մեզ, որպեսզի կարողանանք դրանք փոխանցել մեր սերունդներին: