Սևանավանքը գտնվում է Սևանա լճի թերակղզում: Համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է Սևանի կղզում 305 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի կողմից։
301 թվականին՝ Տրդատ III թագավորի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, ամբողջ երկրի տարածքում սկսում են եկեղեցիներ կառուցվել։ Փաստորեն, Գրիգոր Լուսավորչի կողմից Սևանա կղզում կառուցված Սուրբ Հարություն և Սուրբ Կարապետ եկեղեցիները քրիստոնեական կրոնի պաշտամունքային առաջին կառույցներից էին Հայաստանում:
Սևանավանքը հայտնի է նաև «Մարիամաշեն» անունով, այսինքն՝ «Մարիամի կողմից կառուցված»։ Եկեղեցիներից մեկի վրա հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ Սևանավանքը հիմնադրվել է արքայադուստր Մարիամի կողմից՝ 874 թվականին:
Լեգենդի համաձայն՝ Մաշտոց Եղվարդեցի անունով մի վանական, ով Սևանավանքում տասը տարի ապրել էր որպես ճգնավոր (հետագայում կաթողիկոս է ձեռնադրվել), երազ է տեսնում, որտեղ 12 առաքյալները գալիս են նրա մոտ և կարգադրում իրենց անունով եկեղեցի կառուցել Սևանա լճի կղզու վրա:
Մաշտոցն իր երազը պատմում է Մարիամին, որը խոստացել էր երեսուն եկեղեցի կառուցել՝ ի պատիվ իր հանգուցյալ ամուսնու: Արքայադուստրը տպավորվում է վանականի պատմությամբ և նախաձեռնում համալիրի Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին եկեղեցիների կառուցումը:
Դժբախտաբար, Սուրբ Աստվածածին բազիլիկ տիպի եկեղեցին սովետական շրջանում ապամոնտաժվել է (1931-ին): Եկեղեցու քարերն օգտագործվել են որպես շինանյութ՝ կղզում հանգստյան տուն կառուցելու համար։
Տարածաշրջանում կատարված պեղումների արդյունքում պարզվել է, որ Սևանա լճի տարածքը բնակեցված է եղել դեռևս նոր քարե և բրոնզե դարերում:
Կղզին հայտնի էր նաև որպես միջնադարյան Հայաստանի առավել նշանավոր ամրոցներից մեկը, որտեղ 921 թ. տեղի է ունեցել հայոց թագավոր Աշոտ Բ Բագրատունու կամ Երկաթի (914-921 թթ.) արաբական զորքերի դեմ մղված նշանավոր ճակատամարտը: Ամրոցի պատերի մնացորդները այսօր էլ կարելի է տեսնել թերակղզու արևմտյան կողմից:
Ցավոք սրտի, 20-րդ դարում Սևանա լճի ջրի մակարդակը իջել է և կղզին վերածվել է թերակղզու:
Այսօր Սևանավանքը Հայաստանի ճանաչված պատմամշակութային և զբոսաշրջային վայրերից մեկն է: