Պտղնավանք

Պտղնավանք

Պտղնավանքը գտնվում է Կոտայքի մարզի Պտղնի գյուղում։ Այն վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության առավել կարևոր հուշարձաններից է և պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպին։ Այն վերագրվում է VI դարի առաջին կեսից մինչև VII դարի սկիզբ ընկած ժամանակահատվածին։

Պտղնավանքը հատակագծով ձգված ուղղանկյուն է՝ մեկ ընդարձակ միասնական սրահով։ Գմբեթը բարձրացել է սրահի կենտրոնում և հենվել հզոր որմնամույթերի վրա՝ ընդգրկելով տաճարի գրեթե ամբողջ լայնությունը։

Հետաքրքիր են նաև ավանդատների երկրորդ հարկում տեղավորված թաղածածկ փոքր սենյակները կամ թաքստոցները։ Դրանք շարված են կանոնավոր մշակված քարերով, ունեն զգալի բարձրություն և կառուցվածքով համեմատվում են Թալինի մեծ տաճարի նման հատվածների հետ։

Տաճարի հատակագծային լուծման հիմքում երկարավուն աղոթասրահն է։ Չորս հզոր որմնամույթերը բարձր կամարներով սահմանում են կենտրոնական քառակուսին, որի վրա բարձրացել է գմբեթը։ Արևելյան կողմում գտնվում է դրսից բազմանիստ խորանը, որի երկու կողմերում կառուցված են քառակուսի ավանդատներ։ Գմբեթն ու հիմնական թաղերը չեն պահպանվել, սակայն կանգուն են հյուսիսային պատի մեծ մասը, հարավային պատի առանձին հատվածներ և գմբեթակիր կամարներից մեկը։

Պտղնիի տաճարի առանձնահատուկ արժեքը նրա պատկերաքանդակներն են։ Հարավային ճակատին պահպանված արձանագրությունների ու քանդակների կողքին ընթերցվում են «ՄԱՆՈՒԷՂ ԱՄԱՏՈՒՆԵԱՑ ՏԷՐ» և «ՍԱՀԿ» անունները։ Հենց այս պատկերաքանդակների և արձանագրությունների հիման վրա Գարեգին Հովսեփյանը տաճարը կապել է Ամատունիների իշխանական տան հետ և այն թվագրել VI դարով։

Հարավային մուտքի զարդակամարի հատվածում պատկերված է ձիավոր որսորդ՝ առյուծին նետահարելիս։ Հյուսիսային ճակատի լուսամուտների կամարակալներին քանդակված են տարբեր թռչուններ՝ բադ, սագ, աղավնի, արծիվ և փասիան, իսկ մեկ այլ հատվածում՝ արմավենու տակ նստած առյուծ։ Այս պատկերաքանդակները վաղ միջնադարյան հայկական քանդակագործության առանձնահատուկ նմուշներից են։

1940 թվականին հուշարձանում իրականացվել են վերականգնման աշխատանքներ, սակայն այսօր այն շարունակում է պահպանվել կիսավեր վիճակում։


Քարտեզ