Այն, որ գինեգործության հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, վաղուց արդեն հայտնի փաստ է: Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների ուսունասիրությունը ցույց է տվել, որ այստեղ գինի են պատրաստել դեռևս 6000 տարի առաջ:
Ուզու՞մ եք բացահայտել Հայաստանը: Սկսե՛ք մի գավաթ հայկական գինով:
Հայկական գինու պատմությունը
Գինին հայերի ազգային խմիչքն է եղել դեռևս հնագույն ժամանակներից: Նույնիսկ աստվածաշնչյան հայտնի պատմության մեջ գրված է, որ Նոյ նահապետը խաղողի առաջին որթը տնկել է Արարատ լեռան ստորոտին:
Հայաստանը հայտնի է եղել իր գինեգործներով, խաղողի և գինու մշակման հնագույն մեթոդներով և ավանդույթներով ուրարտական թագավորության ժամանակաշրջանից ի վեր:
Հույն պատմիչներ Հերոդոտոս Հալիկարնասցին, Քսենոֆոն Աթենացին և Ստրաբոնը վկայում են այն մասին, որ մոտ 2,5 հազարամյակ առաջ Հայաստանից այլ երկրներ էին արտահանվում բարձրորակ գինիներ:
Հայերի լեգենդ Շառլ Ազնավուրն ասել է հայկական գինու մասին.
«Հայկական գինու առանձնահատկությունն այն է, որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով»:
1939 թ., ակադեմիկոս, արևելագետ Բորիս Պիոտրովսկու արշավախմբի՝ Կարմիր բլուրում (էրեբունու ամրոց) կատարված պեղումների արդյունքում՝ տարատեսակ և բազմաթիվ առարկաների կողքին, գտնվել են նաև գինու ութ մառաններ՝ որոշ չափով հողի մեջ թաղված 400 խոշոր կարասներով: Այս գտածոները 2800 տարվա պատմություն ունեն:
2011 թ-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում՝ գետի ափին գտնվող «Թռչունների քարանձավ»-ում կատարվող պեղումների ժամանակ հայտնաբերվել է աշխարհի առաջին գինեգործարանը, որը թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակով:
Հայկական գինու փառատոններ
Ամեն տարի՝ հոկտեմբերի առաջին շաբաթ օրը, Արենի գյուղում անցկացվում է գինու համահայկական փառատոն: Փառատոնի ծրագրում ներառված են լինում գինու պատրաստում, համտես, հյուրասիրություն և վաճառք, ինչպես նաև գյուղատնտեսական այլ մթերքների համտես և վաճառք: Փառատոնն ուղեկցվում է միջոցառումներով, ներկայացումներով, ազգային երգ ու պարով:
Գինու մեկ այլ մեծ փառատոն, որն անց է կացվում 2004 թվականից, Արցախի գինու փառատոնն է: Հայաստանի և Արցախի լավագույն գինեգործները հավաքվում են Հադրութի շրջանի Տող գյուղում՝ մելիքական ապարանքում, մասնակցելու փառատոնին և փորձ փոխանակելու: Կազմակերպվում է գինու տոնավաճառ, տարատասակ արվեստի և արհեստի ցուցահանդեսներ, մշակութային և համերգային ծրագիր։
Հայաստանի գինեգործության ամենազարգացած մարզերն են.
Վայոց ձորը, գինեգործության կենտրոնները՝ Արենին և Եղեգնաձորն են
Կոտայքի մարզ՝ Հրազդան, Աբովյան, Եղվարդ, Բյուրեղավան
Արագածոտնի մարզ՝ Աշտարակ և Ապարան
Հայկական արտադրանքը հայտնի է ալկոհոլի բարձր պարունակությամբ: Հայ գինեգործների հաշվարկով՝ տեղական ավելի քան 55 ընկերություններն արտադրում են ավելի քան 100 տեսակ գինի: Ամեն տարի արտադրվում է մոտավորապես 6 միլիոն գինու շիշ:
Հայկական գինու անզուգական համի շնորհիվ՝ Հայաստանը ներառվել է լավագույն գինեգործական ավանդույթներ ունեցող 15 երկրների ցանկում:
Հայկական գինի: Գինեգործական ընկերություններ
Հայաստանում գինեգործության արդյունաբերությունը սկսվել է 1887 թվականից, երբ հայ հայտնի առևտրական Ներսես Թաիրովը նախկին Երևանի բերդի տարածքում բացել է գինու և կոնյակի առաջին ընկերությունը:
Հայտնի ապրանքանիշներից մեկը «Պռոշյանի գինու և կոնյակի գործարանն» է, որը հիմնադրվել է 1987 թվականին: Գործարանը բարձր տեխնոլոգիական սարքավորումներով զինված ժամանակակից արդյունաբերական համալիր է:
Սեփական խաղողի այգիների, ժամանակակից սարքավորումների, ավանդական տեխնոլոգիաների և արտադրանքի բարձր որակի շնորհիվ՝ ընկերությունն արժանացել է միջազգային ճանաչման:
Մեկ այլ գինեգործական հայտնի ընկերություն է «Վեդի Ալկո»-ն, որը հիմնադրվել է 1938-ին: 1956-ին բացվել է ընկերության երկրորդ մասնաճյուղը: Գործարանն արտադրում է ոչ միայն բարձրորակ գինիներ, այլ նաև օղի և կոնյակ:
Այսպիսով, եթե դուք հետաքրքրված եք հայկական գինու և գինեգործության ավանդույթներով, ապա գրեթե բոլոր ընկերությունները կազմակերպում է շրջայցեր իրենց գործարաննորում:
Այնպես որ բաց չթողնեք ձեր հնարավորությունը, երբ լինեք Հայաստանում եք: