Հայկական օղի

Հայկական օղի

September 08, 2017

Օղին ալկոհոլային խմիչք է, որը ծագել է Արևելյան Եվրոպայում: Խմիչքի անունն առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարի վերջում: Ի սկզբանե այն օգտագործվել է բժշկության մեջ, ինչպես նաև հանդիսացել է վառոդի պատրաստման բաղադրիչ:

Արդեն 14-րդ դարում օղին ազգային խմիչք էր Ռուսաստանում, այնուհետև նաև Լեհաստանում և Ֆինլանդիայում: Օղու հայրենիքի մասին ճշգրիտ տվյալներ չկան, ուստի դրա ծագման վերաբերյալ բազմաթիվ պատմություններ և լեգենդներ են հորինվել:

Ոմանք պնդում են, որ օղու ստեղծման հեղինակը պարսիկ բժիշկ Ար Ռազին էր, ով առաջին օղին ստացել է դեռևս 9-րդ դարում: Կա նաև կարծիք, որ ստեղծողը հայտնի ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեևն է:

Օղին բաղկացած է ջրից և էթանոլից: Այն թորում են թթվացրած ձավարեղենից և կարտոֆիլից, ինչպես նաև մրգերից և շաքարից։ Չնայած այս ըմպելիքը չունի հայկական ծագում, սակայն այն Հայաստանում շատ է տարածված: Այն պարտադիր մատուցվում է հայկական ավանդական խորովածի և խաշի հետ:

Հայկական օղի

Հայաստանում հիմնականում պատրաստում են ծիրանի, դեղձի և խնձորի օղի: Սակայն ավանդական հայկական օղին թթի օղին է, որին բուժիչ հատկություններ են վերագրում: 

Այս օղու ալկոհոլի պարունակությունը տատանվում է 40-80%, հիմնական բաղադրիչը սպիտակ և սև թութն է: Հատապտուղները հավաքում են սովորաբար հուլիսին: Ավանդաբար, օղին պատրաստվում է կարասներում: 

Հայաստանում նույնիսկ անց է կացվում թթի օղու փառատոն: Երկրի տարբեր շրջաններից մասնակիցները հավաքվում են Սյունիքի մարզում, ներկայացնում իրենց բազմատեսակ օղիները և հյուրասիրություն ու վաճառք կազմակերպում:

Երկրում օղի արտադրող հիմնական շրջաններն են Արցախը և Գորիսը: 

 

Ձեզ կհետաքրքրի նաև