Աբովյան փողոց

Աբովյան փողոց

Աբովյան փողոցը Երևանի պատմական կենտրոնի գլխավոր փողոցներից է և քաղաքի կանոնավոր հատակագծավորման պատմության կարևոր հատվածը։

1856 թվականի Երևանի գլխավոր հատակագծով փողոցը ձևավորվել է որպես քաղաքի հիմնական հյուսիս-հարավային առանցք։ Սկզբում այն կոչվել է Ամրոցային (Կրեպոստնայա), քանի որ հարավային ուղղությամբ կապվում էր Երևանի բերդի հետ։ 1869 թվականին փողոցի մի հատվածը վերանվանվել է Աստաֆյան՝ Երևանի նահանգապետ Միխայիլ Աստաֆևի անունով։ 1920 թվականին այն անվանակոչվել է Խաչատուր Աբովյանի անունով։

19-րդ դարի երկրորդ կեսին Աստաֆյան փողոցը աստիճանաբար դարձավ Երևանի ամենակենսունակ քաղաքային տարածքներից մեկը։ Այստեղ էին բնակվում քաղաքի ունևոր ընտանիքները, գործում էին խանութներ, արտադրամասեր, հյուրանոցներ և տարբեր առևտրային հաստատություններ։ Փողոցի կառուցապատման մեջ տարածում գտան հատուկ տները, որոնց առաջին հարկերը նախատեսվում էին առևտրի կամ այլ գործունեության, իսկ վերին հարկերը՝ բնակության համար։ Այդ շրջանի կառուցապատման լավ պահպանված օրինակներից է Խանզադյանի տան համալիրը՝ Աբովյան 3/1 հասցեում։

Խանզադյանի տան շինարարությունը սկսվել է 1896 թվականին՝ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով, իսկ 1905 թվականին համալիրին ավելացվել են նոր թևեր՝ Բորիս Մեհրաբյանի նախագծով։ Շենքի առաջին հարկում գործում էր Եգոր Խանզադյանի հայտնի «Սաքսոնական» խանութը, որը հիմնադրվել էր դեռևս 1877 թվականին և զբաղվում էր ռուսական ու արտասահմանյան ապրանքների վաճառքով։ Շենքի ճարտարապետական հարդարանքում առանձնանում են փողոցային ճակատների հորիզոնական բաժանումները, կամարակապ մուտքերը, դեկորատիվ մետաղյա ճաղավանդակներով պատշգամբները և տուֆե շարվածքը։

Աբովյան 52-ի սև տուֆե շենքը կառուցվել է 1905 թվականին՝ Վասիլի Միրզոյանի և Նիկոլայ Կիտկինի նախագծով։ Այն սկզբում նախատեսված էր Երևանի ուսուցչական սեմինարիայի համար։ Հետագայում շենքը ծառայել է որպես զորանոց, ապա՝ որբանոց, իսկ 1920-ականներից կապված է Երևանի համալսարանական կյանքի հետ:

Այստեղ էր գտնվում 1693–1695 թթ. կառուցված Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցին, որը քանդվել է 1936 թ: Ընթացքում բացահայտվել է 13-րդ դարի (1264 թ.) Կաթողիկե եկեղեցին։

Եկեղեցու տարածքում պահպանվել են տարբեր ժամանակների խաչքարեր, այդ թվում՝ 15-րդ դարի, 17-րդ դարի և 1693–1694 թվականների թվագրությամբ։

Քարտեզ

Պլանավորել ուղևորություն