Վարդանանց հրապարակ

Վարդանանց հրապարակ

Վարդանանց հրապարակը գտնվում է Գյումրու պատմական կենտրոնում և քաղաքի նշանակալից վայրերից մեկն է։ Խորհրդային շրջանում այն հայտնի էր որպես Մայիսյան ապստամբության հրապարակ։

Սակայն հրապարակի պատմությունը սկսվում է դեռ այն ժամանակից, երբ Գյումրին կոչվում էր Ալեքսանդրապոլ։

Քաղաքի կանոնավոր հատակագծման ձևավորման ընթացքում այստեղ ստեղծվեց Շուկայի հրապարակը, որը դարձավ ոչ միայն առևտրի, այլև քաղաքի հասարակական կյանքի առանցքային կենտրոն։ Հրապարակից սկսվող և դրան հարող փողոցներում աստիճանաբար հիմնվեցին խանութներ, արհեստանոցներ, վարչական ու կրթական հաստատություններ և եկեղեցիներ։

Հրապարակի շրջակայքի ամենանշանավոր կառույցներից են Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Յոթ Վերք եկեղեցիները։

Հրապարակի տարածքում կտեսնեք նաև Վարդան Մամիկոնյանի և Վարդանանց պատերազմին նվիրված բազմաֆիգուր արձանախումբը, որը տեղադրվել է 2008 թվականին։ Հեղինակը քանդակագործ Արտուշ Պապոյանն է։ Արձանախմբի կենտրոնական կերպարը հեծյալ Վարդան Մամիկոնյանն է, իսկ մյուս քանդակները ներկայացնում են Ավարայրի պատմության հետ կապված հոգևոր և աշխարհիկ գործիչների։

Այսպիսով՝ հրապարակում կարող եք տեսնել

  1. Գյումրիի քաղաքապետարանը
  2. 19-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
  3. 19-րդ դարի Սուրբ Յոթ Վերք եկեղեցին
  4. 1926 թվականին կառուցված «Հոկտեմբեր» կինոթատրոնը
  5. 1927 թվականին կառուցված հյուրանոց


Քարտեզ

Պլանավորել ուղևորություն