Զարնի-Պարնի քարայր-ամրոցային համալիրը գտնվում է Հաղպատից արևմուտք՝ Դեբեդի Ջաղացաջուր (Ժիվանքաջուր) վտակի աջ բարձրադիր ափին, Կայան բերդի դիմաց։ Քարայրները տեղադրված են բազալտե բարձր ժայռափորի ստորոտում։ Հաղպատի բնակիչները հուշարձանը հիշատակել են «Զարնի էր», «Պարնի էր» և «Հին բերդ» անուններով։
Զարնի այրի մակերեսը նշվում է մոտ 600 քմ։ Քարայրի հատակը դեպի խորքը աստիճանաբար բարձրանում է, իսկ հարավային հատվածում առաստաղից ջուր է կաթում։ X դարի վերջում կամ XI դարի սկզբում քարայրի բաց հատվածը փակվել է մոտ 30 մ երկարությամբ, 8–10 մ բարձրությամբ և մոտ 1,5 մ հաստությամբ պարսպով։ Պարիսպը կառուցված է խոշոր ճեղքված բազալտի բեկորներից՝ կրաշաղախով։
Ենթադրվում է, որ քարայրը օգտագործվել է պատերազմների և վաչկատուն ցեղերի հարձակումների ժամանակ որպես ապաստարան և պահոց։ Ինչպես նաև, 1827 թվականի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ քարայրում պատսպարվել է շրջակա գյուղերի բնակչության մի մասը։
Զարնի այրից վերև գտնվում է Պարնի այրը։ Այն նույնպես ամրացված է պատերով, իսկ ներսում պահպանվել են քարուկրից կառուցված ջրավազան և կավե խողովակներ։ Ավելի վերև գտնվում է Ծակ այրը՝ դժվարամատչելի քարայրը։
Հուշարձանախումբը երկար ժամանակ անմատչելի վիճակում էր։ 2016–2019 թվականներին այն վերականգնվել և բարեկարգվել է Ալավերդու բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի նախաձեռնությամբ։ Վերականգնման ընթացքում իրականացվել են նաև ամրակայման և անվտանգության աշխատանքներ։