Հայաստանի գինու պատմության թանգարանը գտնվում է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում՝ Աշտարակ քաղաքի հարևանությամբ։ Թանգարանը բացվել է 2020 թվականին։ Այն ստեղծվել է «Արմենիա Վայն» ընկերության կողմից՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Թանգարանի նպատակներից է այցելուներին ներկայացնել Հայաստանի հազարամյա խաղողագործական և գինեգործական ժառանգությունը։
Թանգարանի հավաքածուի հիմքում հիմնականում հնագիտական նյութեր են, ինչպես նաև ազգագրական առարկաներ։ Թանգարանը ներառում է 205 ցուցանմուշ։
Ցուցադրությունը վերաբերում է ոչ միայն գինու պատրաստման տեխնոլոգիաներին, այլև այն կապին, որը գինեգործությունն ունեցել է Հայաստանի պատմության և մշակույթի տարբեր ոլորտների հետ։
Թանգարանի գլխավոր ցուցասրահը գտնվում է գետնից 8 մետր խորության վրա՝ բազալտե ժայռային շերտի մակարդակում։ Տարածքի կազմակերպումը հիշեցնում է մառանային միջավայր, իսկ ցուցադրության կառուցվածքը ժամանակագրական է։ Այցելուներին ներկայացվում են Հայաստանում գինու զարգացման տարբեր փուլերը։
Ցուցադրությունը բաժանված է մի քանի հիմնական ուղղությունների։ Դրանցից մեկը հնագիտական հավաքածուն է, որը ներկայացնում է գինեգործության հետ կապված նյութական վկայություններ։ Մյուս ուղղությունը ազգագրությունն է՝ խաղողի մշակության և գինու պատրաստման հետ կապված գործիքներով ու առարկաներով։