Մեսրոպ Մաշտոց: Հայոց գրերի ստեղծողը

Մեսրոպ Մաշտոց: Հայոց գրերի ստեղծողը

August 27, 2019

Երբևէ մտածե՞լ եք հայոց գրերի գեղեցկության և կատարելիության մասին։ Եկե՛ք ևս մեկ անգամ խոսենք հայոց այբուբենի ստեղծող՝ լեզվաբան, աստվածաբան և վարդապետ Մեսրոպ Մաշտոցի մասին, ում դերը հայ ազգային ինքնության պահպանման գործում հնարավոր չէ գերագնահատել։

Մեսրոպ Մաշտոց։ Կյանքը  

Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362 թվականին։ Նրա աշակերտ Կորյունը նշում է, որ Մաշտոցը լավ կրթություն էր ստացել և տիրապետում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն և վրացերեն լեզուներին։ 

Այն օրերին, չնայած նրան, որ Հայաստանն առաջինն էր ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, ժողովուրդը չէր կարողանում ընթերցել օտար լեզվով գրված Աստվածաշունչը և հասկանալ քրիստոնեության գաղափարները։ Վարդապետները ընթերցում էին հունարեն Աստվածաշունչը և բանավոր ներկայացնում ժողովրդին, քանի որ չկային հայերեն տառեր։

Մեսրոպ Մաշտոցի կյանքը

4-րդ դարի վերջում Հայաստանը հայտնվել էր ծանր իրավիճակում։ 387 թվականին հայկական պետությունն առաջին անգամ բաժանվել էր Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ 

Երկիրը՝ բաժանվելով երկու մասի, կորցրեց իր անկախությունը, ազգային, քաղաքական ու կրոնական միասնությունը, ինչը կարող էր հանգեցնել հայ ազգի միաձուլմանը զավթիչներին:

Հայ գրերի գյուտը

Երկրի և հայ ազգի համար ստեղծված տվյալ դժվարին իրավիճակում հայ գրերի գյուտը դարձել էր այն միակ ելքը, որը կօգներ պահպանել երկու մասի բաժանված և օտար տիրապետության տակ գտնվող ժողովրդի ինքնությունը և մշակութային ու կրոնական միասնությունը։ Այս պայմաններում է, որ Մեսրոպ Մաշտոցը նախաձեռնում է հայ գրերի ստեղծումը։

Մաշտոցն առաքելություն ուներ հայերեն թարգմանել բոլոր կրոնական տեքստերը և սկզբնավորել հայ ինքնուրույն ու թարգմանական գրականություն։ Այս նպատակով նա ուսումնասիրում է օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ։

Վերջապես, 405 թվականին Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը, որոնք կատարելապես համապատասխանում էին հայոց լեզվի հնչյունային համակարգին։ Կատարվել էր հսկայական աշխատանք, քանի որ հաշվի էին առնվել և ուսումնասիրվել Հայաստանի ամբողջ տարածքում խոսվող բարբառների հնչյունային առանձնահատկությունները։ Մեսրոպյան այբուբենն ուներ 36 տառ, որոնց հետագայում ավելացվեցին ևս երեքը։ 

Հայոց գրերի գյուտը

Աստվածաշնչի թարգմանությունը

Գրերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևն իրենց աշակերտների հետ միասին սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը։ Կարճ ժամանակում Սուրբ գիրքը թարգմանվել է հայերեն և բազմացվել գրչությամբ։ 

Ահա առաջին հայերեն նախադասությունը, որ Մաշտոցը թարգմանել է «Առակաց գրքից»․ 

«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։

Աստվածաշնչի թարգմանությունը

Գրերի գյուտից անմիջապես հետո երկրում ծավալվել է Թարգմանչաց շարժումը, ծաղկել է հայ դպրությունը, հիմնվել են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ, գրչության կենտրոններ: 

Հայ եկեղեցին դասել է Մաշտոցին իր սրբերի շարքը դեռևս նրա կենդանության օրոք։

Մեսրոպ Մաշտոցի ժառանգությունը

Մեսրոպ Մաշտոցը մահացել է 440 թվականին: Մաշտոցի մահից հետո նրա մարմինը տեղափոխում են Օշական (գյուղ Արագածոտնի մարզում, Քասաղ գետի ափին), որտեղ երեք տարի անց հազարապետ Վահան Ամատունին մատուռ է կառուցում Մաշտոցի շիրիմի վրա։ 

Իր պատմության ընթացքում մատուռը մի քանի անգամ փլուզվել և վերանորոգվել է։ 1875-79 թթ․-ին մատուռի հիմքի վրա կառուցվել է Սբ․ Մեսրոպ Մաշտոց բազիլիկ եկեղեցին։ Օշականը հայերի համար դարձել է ուխտագնացության վայր:

Ոչ միայն Հայաստանում, այլև երկրից դուրս բազմաթիվ պետական ​​և հասարակական կազմակերպություններ, դպրոցներ և համալսարաններ անվանվել են հայոց գրերի ստեղծողի անունով: Երևանում գործում է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարան:

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտան, նույնպես կրում է մեծ հայի անունը: Այս փողոցը տանում է դեպի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն: Շենքի դիմաց կանգնեցված է Մաշտոցի արձանը՝ նրա աշակերտ Կորյունի հետ:

Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանը` Մատենադարանի դիմաց

Հայաստանում կա նաև հայոց այբուբենին նվիրված համալիր, որը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արտաշավան գյուղի մոտակայքում: Այստեղ կանգնեցված են հայկական այբուբենի 39 տառերի քարե արձանները: Համալիրը կառուցվել է 2005 թվականին՝ հայկական այբուբենի ստեղծման 1600-ամյակի առթիվ:

Ամփոփում

Մեսրոպ Մաշտոցը հայ ազգային հերոս է և մեծ վարդապետ, որի առաքելությունը հայերի որպես ազգի պահպանությունն էր, հայ գրականության և մշակույթի ինքնուրույն ձևավորումն ու զարգացումը։ 

Գրող Ավետիք Իսահակյանը այսպես է ասել Մաշտոցի մասին․ «Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը փրկեցին հայոց լեզուն և մշակույթը բյուզանդական խառնարանից: Արդյունքում, հայերը չընդունեցին զրադաշտականություն։ Չնայած նրանք մնացին մենակ, սակայն փրկեցին իրենց ինքնությունը, մշակույթը և ոգին»։

Հունգարացի բանասեր, դոկտոր Էդմոնդ Շուցն ասել է․ «Մաշտոցի հրաշալի ստեղծագործության՝ հայկական այբուբենի կատարելությունը աշխարհի մեծագույն լեզվաբանների զարմանքն է առաջացրել… »:

Իր պատմության ընթացքում հայ ազգը շատ է պայքարել իր ինքնությունը, լեզուն և կրոնը պահպանելու համար: Մաշտոցի գյուտն այսօր էլ ծառայում է այդ մեծ նպատակին։

Ձեզ կհետաքրքրի նաև