Օշական 0226, ՀՀ
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Օշական գյուղում: Այժմ այն Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցին է, սակայն ի սկզբանե եղել է փոքր մատուռ, որը կառուցվել է 443 թվականին՝ հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա:
441 թվականին՝ Մաշտոցի մահից հետո, զորավարներ Վահան Ամատունին և Հմայակ Մամիկոնյանը նրա մարմինը տեղափոխել են Օշական և, որոշ ժամանակ անց, Վահան Ամատունին Մաշտոցի գերեզմանի վրա մատուռ է կառուցել: Իր պատմության ընթացքում մատուռը մի քանի անգամ փլուզվել և վերանորոգվել է։ 1875-79 թթ․-ին Գևորգ IV կաթողիկոսը մատուռի հիմքի վրա կառուցել է նոր հորինվածքով բազիլիկ եկեղեցին:
Նոր վանքը ունի երեք մուտք հարավային, հյուսիսային և արևմտյան կողմից: Արտաքին պատերը զարդարված են դեկորատիվ կամարներով: Ավագ խորանի տակ գտնվող խցում Մաշտոցի դամբարանն է:
1884 թվականին եկեղեցուն կից կառուցվել է երկհարկ, 8-սյունանի ռոտոնդայով պսակված զանգակատուն, որը բացառիկ է հայկական ճարտարապետության մեջ իր տեղադրությամբ, կառուցվածքով և Ավագ խորանից բացվող մուտքով:
1961-1964 թվականներին Հ.Մինասյանը և Հ․ Մամյանը եկեղեցին նկարազարդարել են «Փառք հայկական տառերին և գրականությանը» մոնումենտալ որմնանկարով, որը պատկերում է հայկական այբուբենի գյուտը և համարվում է 20-րդ դարի հայ մոնումենտալ արվեստի լավագույն գործերից մեկը:
1996 թվականին եկեղեցամերձ դպրոցի շենքը հիմնովին վերակառուցվել է, և 1997 թվականին այնտեղ բացվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատունը։ Երկհարկանի, սյունազարդ և գմբեթավոր դահլիճներով, ցուցասրահներով, հարուստ գրադարանով, շքեղ շենք է, որի սրահներում ներկայացված են հայ անվանի արվեստագետների ստեղծագործություններ: