Հայ գիտնականներ

Հայ գիտնականներ

July 05, 2019

Որոշ մարդկանց վիճակված է փոխել մարդկության ճակատագիրը։ Խոսքը գյուտարարների և նորարարների մասին է, ովքեր իրենց գործունեությամբ այսպես, թե այնպես ազդեցություն են ունենում իրականության հետագա զարգացման վրա։

Հայ ազգը, լինելով փոքրաթիվ, սակայն տաղանդաշատ և շնորհալի, նունպես տվել է աշխարհին բազմաթիվ հանճարեղ գիտնականներ, որոնք փոխել են աշխարհը՝ դարձնելով այն ավելի առաջադեմ։

Հայ գիտնական #1 Վիկտոր Համբարձումյան

Աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը Սովետական ժամանակաշրջանի նշանավոր հայ գիտնական է։ Նա տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկն է։

Համաշխարհային գիտության պատմության մեջ նոր էջ են բացել Վ.Համբարձումյանի ներդրումները տեսական աստղաֆիզիկայի, աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային դինամիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղերի և գալակտիկաների էվոլյուցիայի հետազոտության բնագավառում: 

Վիկտոր Համբարձումյան

Մի շարք սկզբունքներ կոչվում են Վ.Համբարձումյանի անունով: Նա մշակել է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները, հայտնագործել աստղակույտերի աստիճանական քայքայման երևույթը և առաջադրել աստղակույտերի տարիքի որոշման սկզբունք:

Վ.Համբարձումյանը եղել է Միջազգային աստղագիտական միության նախագահ և գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ:

Համբարձումյանը նաև Արագած լեռան լանջին (Արագածոտնի մարզ) կառուցված Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է։ Աստղադիտարանը համարվում է տարածաշրջանի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։ Ցանկության դեպքում կարող եք այցելել Բյուրական և այստեղից դիտել աստղերն ու մոլորակները։

Հայ գիտնական #2 Հովհաննես Ադամյան

1918 թվականին Ադամյանը ստեղծեց առաջին սարքը, որը ցուցադրում էր սև և սպիտակ ստատիկ պատկերներ, ինչը մեծ նվաճում էր հեռուստատեսության զարգացման բնագավառում։ Իսկ արդեն 1925 թ. Երևանի համալսարանի հատուկ լաբորատորիայում նա պատրաստեց և գործարկեց «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։

Հովհաննես Ադամյան

Հովհաննես Ադամյանը ստացել է 21 արտոնագիր, որոնց մեծ մասը՝ հեռուստատեսության բնագավառում։

Հայ գիտնական #3 Սարգիս Հակոբյան

Սարգիս Հակոբյանը հայ գյուտարար, արդյունաբերող, բնապահպան և մարդասեր էր: Նա ծնվել է Իրանում, 1945-ին գաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: 

Սարգիս Հակոբյան

1957-ին Հակոբյանը հիմնադրում է իր սեփական՝ «Acopian Technical Company» ընկերությունը, որտեղ նա նախագծում և պատրաստում է աշխարհում առաջին արեգակնային ռադիոն։ Հակոբյանի արեգակնային ռադիոն չուներ մարտկոցների և արտաքին էլեկտրական խրոցակների կարիք։ Այն օգտագործում էր լույսի էներգիան։

Հայ գիտնական #4 Արտեմ Ալիխանյան

Արտեմ Ալիխանյանը Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիրներից մեկն էր, ինչպես նաև ինստիտուտի առաջին տնօրենը: Նա ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է։

Արտեմ Ալիխանյան

Արտեմ Ալիխանյանը կատարել է բազմաթիվ կարևոր հայտնագործություններ ֆիզիկայի բնագավառում։ Եղբոր՝ նշանավոր ֆիզիկոս Աբրահամ Ալիխանովի հետ հիմնադրել է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը և այնտեղ կատարված փորձարարական հետազոտությունների հիման վրա առաջինն է նշել (1946) տարրական նոր մասնիկների գոյությունը տիեզերական ճառագայթներում։

Հայ գիտնական #5 Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։ Նա նաև հանրահայտ  Tetris-Worldtris խաղի համահեղինակներից է։ 

Սարգսյանը ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Բրիտանական աստղագիտական ընկերության անդամ է, Համահայկական ակադեմիական և գիտական ընկերության պատվավոր անդամ։ ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոնին կից ստեղծել և ղեկավարել է Բարդ ֆիզիկական պրոցեսների համակարգչային մոդելավորման բաժինը։

Արմեն Սարգսյան

Երկար տարիներ աշխատել է Հայաստանի կրթության ոլորտում։ Նա նաև դասավանդել է Քեմբրիջի համալսարանում, եղել է Հարվարդի համալսարանի կառավարման դպրոցի խորհրդի և Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների դպրոցի խորհրդի անդամ։ 

Հայ գիտնական #6 Բորիս Բաբայան

Բորիս Բաբայանը տեխնիկական գիտությունների դոկտոր է, զբաղվել է կիրառական մաթեմատիկայով և հաշվողական տեխնիկայով։ 

Բորիս Բաբայան

Նրա աշխատանքները վերաբերում են հաշվողական համալիրների կառուցման ճարտարապետական սկզբունքներին և ԷՀՄ-ների՝ Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ծրագրային ապահովման հարցերին։ 1970-ականներին ղեկավարել է բազմապրոցեսորային «էլբրուս» սերիայի ԷՀՄ-ների ստեղծման աշխատանքները։ Մեծ է նրա ավանդը ռազմական հաշվողական համալիրների և արագագործ ԷՀՄ-ների ստեղծման գործում։

Պարգևատրվել է ԽՍՀՄ պետական (1974) և Լենինյան (1987) մրցանակներով։

Հայ գիտնական #7 Կարապետ Չոբանյան

Կարապետ Չոբանյան

Կարապետ Չոբանյանը ֆիզմաթ գիտությունների թեկնածու է։ 1967 թվականին Չոբանյանը հայտնաբերել է «Թերլարվածության երևույթը»: Նա նաև հայտնաբերել է եռակցման նոր մեթոդ, որը կարևոր առաջընթաց է համարվել գիտության մեջ։

Հայ գիտնական #8 Ռեյմոնդ Դամադյան

Ռեյմոնդ Դամադյան

Ռեյմոնդ Դամադյանը հայազգի գյուտարար է, ով հայտնագործել է մագնիսական ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, որը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։ Դամադյանն առաջինն էր, ով 1977 թ.-ին անցկացրեց մարդու մարմնի լիարժեք սկան՝ քաղցկեղ ախտորոշելու համար:

Հայ գիտնական #9 Գուրգեն Ասկարյան

Գուրգեն Ասկարյանը ծնվել է Մոսկվայում, հայերի ընտանիքում։ Նա նշանավոր ֆիզիկոս է, ով հայտնի է լույսի ինքնակիզակետման երևույթի իր հայտնագործությամբ, ճառագայթման և նյութի փոխազդեցության վերաբերյալ իր ուսումնասիրություններով, ինչպես նաև բարձրաէներգիական մասնիկների և հոծ նյութի փոխազդեցության (Ասկարյանի էֆեկտ) հայտնագործությամբ և հետազոտությամբ։

Գուրգեն Ասկարյան

1952 թվականին, Ասկարյանի լիցքավորված արագ մասնիկների գրանցման նոր եղանակի գաղափարը, որը նա նույնիսկ չէր հրապարակել, կիրառվեց ամերիկացի ֆիզիկոս Դոնալդ Գլասերի կողմից, ով ստեղծեց այս մեթոդով աշխատող «պղպջակային խցիկ» անունով հանրահայտ սարքը։ Գլազերը այդ գյուտի համար 1960 թ.-ին արժանացավ Նոբելյան մրցանակի։

էլեկտրամագնիսական ճառագայթների ինքնակենտրոնացման երևույթը, որի հայտնագործման համար Ասկարյանը ստացել է Լենինյան մրցանակ, գիտական աշխարհում հայտնի է «Ասկարյանի էֆեկտ» անվամբ: Գիտնականը նաև լավ նկարում էր և բանաստեղծություններ գրում։ 

Ամփոփում

Բոլոր վերը նշված գիտնականները հազվագյուտ ստեղծագործական մտքի տեր անհատներ էին, ովքեր իրենց մեծ ներդրումն են ունեցել գիտության զարգացման մեջ։ Մենք չնշեցինք հայազգի շատ այլ անվանի գիտնականների, ինչպիսիք են աստղագետ Գրիգոր Գուրզադյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր Սոս Ալիխանյանը, հայ բժիշկ և դեղագետ Ռոջեր Ալթունյանը, բժշկական գիտությունների դոկտոր Բագրատ Ալեքյանը, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Մանուկ Աբեղյանը և շատ ուրիշներ։ 

Առանց վարանելու կարելի բոլոր մեր գիտնականներին համարել ազգային հերոսներ, քանի որ նրանք մեր փոքրաթիվ ազգի մեծ հպարտության առարկան են։

 

Ձեզ կհետաքրքրի նաև