Երևանի Կապույտ մզկիթը

Երևանի Կապույտ մզկիթը

December 20, 2019

Կապույտ մզկիթը Երևանի մահմեդական միակ աղոթատունն է: ՀՀ կառավարությունն այն ճանաչել է ազգային նշանակության յուրօրինակ հուշարձան: Իր ճարտարապետական ​​և պատմական նշանակության շնորհիվ Կապույտ մզկիթը մշակութային արժեք է, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: 

Մզկիթը Հայաստանի նման հին քրիստոնեական երկրի համար անսովոր և յուրահատուկ կառույց է, որը գտնվում է Երևանի հենց կենտրոնում: 

Այս հոդվածում դուք կծանոթանաք մզկիթի պատմությանը և ճարտարապետությանը, հետաքրքիր փաստեր կիմանաք 250 տարվա շինության մասին:

Կապույտ մզկիթ: Պատմությունը

Պարսկական Գյոյ-Ջամիի մզկիթը Երևանում կառուցել է Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին, երբ Հայաստանը գտնվում էր Շահական Պարսկաստանի իշխանության ներքո: Համալիրն իր մեջ ներառում է ներքին բակը, արարողական կառույցը, գմբեթն ու մինարեթը։

Կապույտ մզկիթ: Պատմությունը

Կառուցումից մի քանի տասնամյակ անց, շինությունը ենթարկվել է փոփոխությունների՝ անցնելով ցարական Ռուսաստանի իշխանության տակ: Երբ 1827 թվականին ռուսական զորքերը մտնում են Երևան, քաղաքում 8 մզկիթ կար:

Իտալացի պատմաբան և ճանապարհորդ Լուիջի Վիլարին իր «Կրակը և սուրը Կովկասում» գրքում գրել է Կապույտ մզկիթի մասին, նկարագրել կառույցը, խոսել նրա անվան և նշանակության մասին: 

Կապույտ մզկիթը խորհրդային տարիներին

Խորհրդային տարիներին՝ կրոնական կառույցների զանգվածային քանդման շրջանում, Կապույտ Մզկիթը պահպանվել է մի շարք հայ մտավորականների ջանքերով, որոնց թվում էր նաև Եղիշե Չարենցը։ Մզկիթը փրկվեց և այնտեղ հիմնադրեց Երևանի պատմության ու բնագիտության թանգարանը։ 

Այնուամենայնիվ, մզկիթը հնարավորինս աշխարհիկացվեց: Մուտքերն ու ելքերը զգալիորեն փոփոխվեցին: Գլխավոր հարավային դարպասը՝ մինարեթի աջ կողմում, փակվեց:

Արևմտյան դարպասը ընդգրկվեց բնակելի համալիրի մեջ և այլևս չէր ընկալվում որպես մուտք: Միակ մուտքը մնաց հյուսիսային կողմից: Այն հասանելի և տեսանելի է Մաշտոցի պողոտայից:

Նույնիսկ Ալեքսանդր Թամանյանի՝ 1924 թ. Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ մզկիթը նախագծված է փողոցից ավելի քան երկու մետր հեռու և մայթի մակարդակից բավականին ցածր:

1920-ականների կեսերին մզկիթը դադարեց գործել որպես կրոնական հաստատություն: Նրա բակը դարձավ «ստեղծագործական տարածք հայ արվեստագետների, գրողների, բանաստեղծների և մտավորականության համար: Այն պաշտպանված էր սաղարթախիտ ծառերով և զով ու հաճելի անկյուն էր երևանյան տապին:

Բակում գործում էր թեյատուն, որը մտավորականների սիրված վայրն էր: Թեյատան մշտական այցելուների թվում էին Եղիշե Չարենցը, Մարտիրոս Սարյանը, Ակսել Բակունցը: Օտարերկրյա հյուրերի թվում էին ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյանը, ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը, ռուս վիպասան Անդրեյ Բելին և այլք: Տեղի նկարիչները մզկիթի բակում կազմակերպում էին ցուցահանդեսներ:

Կապույտ մզկիթը խորհրդային տարիներին

1930-ական թվականներին մզկիթում գործում էին Հակակրոնական թանգարանը, իսկ այնուհետև` Հակաֆաշիզմի թանգարանը: 1936 թվականից մինչև Խորհրդային Միության փլուզումը մզկիթում տեղակայված էր Բնական գիտությունների թանգարանը, որն ընդգրկում էր հիմնական աղոթասրահում տեղակայված աստղադիտարանը և Երևանի պատմության թանգարանը:

Երևանի Կապույտ մզկիթը անկախության տարիներին

1980-ականների վերջին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում, մզկիթը ոչ մի վնաս չի կրել, քանի որ այն համարվում էր պարսկական, այլ ոչ թե ադրբեջանական, և այնտեղ տեղակայված էր քաղաքի պատմության թանգարանը:

Երևանի Կապույտ մզկիթը անկախության տարիներին

1991-ին մզկիթը վերականգնելու պայմանավորվածություն ձեռք բերվեց քաղաքի իշխանությունների և իրանական պատվիրակության միջև: Վերանորոգման աշխատանքներն ընթացել են 1994-1998 թվականներին: Մզկիթը՝ որպես կրոնական հաստատություն, վերաբացվեց 1996 թվականին: Մեկ այլ վերակառուցում իրականացվել է 2009-2011 թվականների ընթացքում:

Երևանի Կապույտ մզկիթն այսօր

Կապույտ մզկիթը միակ գործող մզկիթն է Երևանում և ամբողջ Հայաստանում։ Երկիրն ունի փոքր մահմեդական բնակչություն՝ մոտ 0,03%:

Վերականգնման պահից այն դարձել է կրոնական և մշակութային կենտրոն Հայաստանում բնակվող իրանցիների և Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների համար:

Երևանի Կապույտ մզկիթն այսօր

Մզկիթի համալիրում գործող Իրանի մշակութային կենտրոնը գրավում է երիտասարդ հայերին, ովքեր ցանկանում են պարսկերեն սովորել: Այստեղ գործող պարսկական գրադարանի գրքային ֆոնդը կազմում է 8000 կտոր գիրք։ Գրադարանը բացվել է 2014 թվականի հոկտեմբերին և անվանվել է 14-րդ դարի աշխարհահռչակ պարսիկ բանաստեղծ Հաֆեզի անունով։

2015-ի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը մզկիթային համալիրը 99 տարի ժամկետով վարձակալության է հանձնել Իրանի դեսպանատանը՝ որպես մշակութային կենտրոն օգտագործելու նպատակով:

Երևանի Կապույտ մզկիթ։ Ճարտարապետությունը 

Կապույտ մզկիթը Երևանի կենտրոնի ամենահին շենքերից մեկն է և իրանական ժամանակաշրջանից մնացած միակ շենքը:

Երևանի Կապույտ մզկիթ։ Ճարտարապետությունը

Նկարը՝: USTOA

Համալիրի ընդհանուր մակերեսը 7000 քմ է։ Մզկիթը ներառում է մինարեթը, երեք աղոթասրահներ, գրադարան և այլն: Այն ունի 28 կամարակապ սենյակ, որոնք նայում են վարդերով շրջապատված բակին: 24 մետր բարձրության վրա գտնվող մինարեթը ունի 7 աստիճանի թեքություն, ինչը ճարտարապետական տեսանկյունից համարվում է ​​անվտանգ:

Մզկիթի գմբեթը ունի կապույտ գույն, ինչի պատճառով էլ այն կոչվում է նաև «Կապույտ» մզկիթ:

Երևանի Կապույտ մզկիթի աշխատանքային ժամերը

Եթե ուզում եք այցելել Երևանի Կապույտ մզկիթ, ապա աշխատանքային ժամերն են 10։00-18։00, ընդմիջումը՝ 13։00-15։00: Մզկիթի աղոթքները կատարվում են օրը երկու անգամ ՝ 13։00-ին և 19։00-ին:

Ամփոփում

Ի վերջո, ես կցանկանայի ասել, որ Կապույտ մզկիթը կարևոր այցելության վայր է՝ անկախ ձեր կրոնական համոզմունքներից: Սա մի վայր է, որտեղ հանդիպում են երկու օտար մշակույթներ և գոյակցում համերաշխության մեջ: Այստեղ կարելի է ծանոթանալ մշակույթի, պատմության և ճարտարապետության հետ կապված շատ հետաքրքիր իրադարձությունների հետ: Համեցե՛ք։

Ձեզ կհետաքրքրի նաև