Զորավար եկեղեցին, որը հայտնի է նաև Սուրբ Թեոդորոս և Ղարղավանք անուններով, գտնվում է Կոտայքի մարզում՝ Եղվարդից մոտ 3 կմ հյուսիս-արևելք, ներկայիս Զորավան գյուղի մերձակայքում։ Այն բազմախորան եկեղեցի է։ Կառուցվել է Գրիգոր Մամիկոնյան իշխանի կողմից, VII դարում՝ հայկական ճարտարապետության ոսկեդարում։
Ըստ պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցու վկայության՝ Գրիգորը Եղիվարդի արևելյան կողմում կառուցել է ոչ միայն եկեղեցի, այլև կուսակրոնների բնակության համար նախատեսված մենաստան։
Եկեղեցին մինչև այժմ հայտնի հայկական ամենավաղ բոլորաձև ութախորան կառույցներից է։ Այն կառուցված է դարչնագույն տուֆից։ Ութ խորաններից արևելյանը՝ Ավագ խորանը, մյուսներից փոքր-ինչ մեծ է եղել։ Խորանների միջև արտաքինից բացված են ութ խորը եռանկյունաձև խորշեր, իսկ ներսում դրանց հատման հատվածներում բարձրացել են խոյակավոր երեքքառորդ սյուներ։
Եկեղեցին հավանաբար ունեցել է երեք մուտք, որոնցից պահպանվել էին հյուսիսայինն ու արևմտյանը։
Եկեղեցու ներսը ժամանակին նկարազարդված է եղել։ Թորոս Թորամանյանը դեռ XX դարի սկզբին տեսել է ծեփի և որմնանկարների հետքեր։ Պահպանված հատվածներում հիմնականում նկատվել են զարդամոտիվներ, սակայն ուսումնասիրվել է նաև մարդկային պատկերի հագուստի մի հատված, որի կատարումը համեմատվել է Արուճի 666 թվականի որմնանկարի հետ։ Պատային արձանագրությունից հայտնի է նաև, որ Հովհաննես և Վարդան անուններով անձինք հետագայում նորոգել են եկեղեցու նկարազարդումը։
Վանքը եղել է նաև գրչության կենտրոն։ 1197 թվականին Դավիթն ու Ներսեսը այստեղ ընդօրինակել են Սարգիս Կունտի «Մեկնութիւն Աւետարանին Ղուկասու» աշխատությունը։ Եկեղեցու պատերին պահպանվել են նաև XII–XIII դարերի նվիրատվական արձանագրություններ, որոնցում հիշատակվում են Եղվարդում գտնվող այգիների նվիրատվություններ վանքին։