Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Արենի գյուղից մոտ կես կիլոմետր հյուսիս։

Եկեղեցու կառուցման թվականը հայտնի է արևմտյան մուտքի արձանագրությունից։ Այն կառուցվել է 1321 թվականին՝ Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի պատվերով, իսկ ճարտարապետն ու քանդակագործը եղել է Մոմիկը։

Եկեղեցին պատկանում է կենտրոնագմբեթ, խաչաձև հորինվածքով կառույցների շարքին։ Եկեղեցու արտաքին ճարտարապետական ձևավորումը համեմատաբար զուսպ է։ Առավել հայտնի է արևմտյան մուտքի բարավորի քանդակը, որտեղ պատկերված է Աստվածածինը՝ Մանուկ Հիսուսին գրկին, նստած զարդարված գահավորակի վրա։

Եկեղեցու ներսում՝ գմբեթակիր հատվածի առագաստների վրա, պահպանվել են չորս ավետարանիչների խորհրդանիշների պատկերաքանդակները։

Եկեղեցին վնասվել է 1840 թվականի երկրաշարժից, որի հետևանքով փլվել է գմբեթը։ 1967–1972 թվականներին վերանորոգվել են պատերն ու ծածկը, իսկ 1998 թվականին վերականգնվել է գմբեթը՝ հնարավորինս մոտեցնելով այն սկզբնական տեսքին։

Եկեղեցու շրջակայքում պահպանվել են XIV–XVII դարերի խաչքարեր և տապանաքարեր։ Հարակից տարածքում հիշատակվում են նաև Տարսայիճ Օրբելյանի ապարանքի ավերակները։


Քարտեզ