«Արփա» պահպանվող լանդշաֆտը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Նորավանքի կիրճում։ Այն ընդգրկում է ավելի քան 3000 հեկտար տարածք և ներառում է Արենի և Խաչիկ բնակավայրերի տարածքներ։ Լանդշաֆտը նախկինում կոչվել է «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտ․ այն ստեղծվել է 2013 թվականին, իսկ 2019 թվականին վերանվանվել է «Արփա» պահպանվող լանդշաֆտ։
Լանդշաֆտի ստեղծման պատմությունը սկսվել է դեռևս 2011 թվականին, երբ Խաչիկի, Գնիշիկի և Արենիի համայնքները որոշեցին ստեղծել կառույց, որը զբաղվելու էր ոչ միայն բնության պահպանությամբ, այլև գիտական, կրթական և սոցիալական ծրագրերով։ Հետագայում այդ նախաձեռնության շրջանակում ձևավորվեց պահպանվող տարածքի կառավարման համակարգը։
Տարածքը ներառում է չոր նոսրանտառային, կիսաանապատային և այլ բնական էկոհամակարգեր, ինչպես նաև մարդու կողմից ձևավորված և ավանդաբար օգտագործվող լանդշաֆտներ։ Պահպանության նպատակներից են հազվագյուտ և էնդեմիկ բույսերի ու կենդանիների տեսակների, ինչպես նաև դրանց բնական միջավայրերի պահպանումը։
Տարածքում հանդիպում են կովկասյան ընձառյուծը, բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը, գորշ արջը և եվրոպական լուսանը։ Լանդշաֆտը նրանց համար ծառայում է նաև որպես էկոլոգիական միջանցք։ Կենդանիների տեղաշարժը վերահսկվում է ֆոտոթակարդների միջոցով, իսկ տարածքի պահպանությունն իրականացնում են լանդշաֆտի տեսուչները։