Հայաստանը գտնվում է Ասիական և Եվրոպական բարձրավանդակների միջև՝ հենց Մերձավոր Արևելքի գագաթին։ Տարածքը լի է բնական աղբյուրի ջրով, փարթամ լեռնային լանդշաֆտներով և հնագույն սրբավայրերով։ Չնայած երկրի պատմությունը արմատավորված է տառապանքներով և զրկանքներով, Հայաստանի մշակույթը արտացոլում է հազարավոր տարիների արվեստը, երաժշտությունը, գրականությունը, պարը և արհեստագործությունը։
Հազարավոր տարիների ընթացքում (անհամար ներխուժումների արդյունքում) ազգային խոհանոցը դարձել է ավանդական ուտեստների և հարևան ազգերի խոհանոցների ազդեցության խառնուրդ: Այս ուղեցույցը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր որոշել են մի նոր երկիր ուսումնասիրել:
Նրանց, ովքեր խուսափում են զբոսաշրջային թակարդներից և փոխարենը ցանկանում են տեղացիների հետ անկեղծ շփում ունենալ: Նրանց, ովքեր փնտրում են չտեսնվածը, չգովազդվածը և խորհրդավորը։ Սա հենց Ձեզ համար է։
Խոսրովի արգելոց
Չնայած Հայաստանի ներկայիս տարածքի փոքր չափերին, այն հանդիսանում է Ասիայի Բերրի Կիսալուսնի հյուսիսային կենտրոնը։ Երկրի աշխարհագրական միջավայրը միաժամանակ փարթամ է և առաձգական՝ բացառիկ ալպիական լեռնաշղթաներով, կենսաբանական էկոհամակարգերով և փոփոխական կլիմայով:
Հայաստանի Հանրապետությունում կան ավելի քան 25 ազգային պարկեր, պետական և բնական վայրի արգելոցներ: Այս էկոհամակարգերը ապահովում են բնական միջավայրի ավելի քան 1000 տարբեր տեսակի բուսատեսակներ և հարյուրավոր կենդանատեսակներ: Արարատյան դաշտավայրի մոտ է գտնվում Խոսրովի պետական արգելոցը՝ աշխարհի հնագույն բնության պահպանվող տարածքներից մեկը։
Արարատի մարզում գտնվող այս արգելոցը պարունակում է մշակութային ժառանգության բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում՝ Գառնիի տաճարը և Կաքավաբերդ ամրոցը։ Տեղանքը այստեղ չափազանց կենսաբազմազան է։ Այստեղ բնակվում է ամբողջ Կովկասի ֆլորայի մեկ երրորդը։ Եվ սա գտնվում է Երևանից ընդամենը 20 կիլոմետր (12 մղոն) հեռավորության վրա։
Խոսրովի անտառը մոտ 1700 տարեկան է։ Այն հիմնադրվել է մոտավորապես մ.թ.ա. 330թ. 4-րդ դարի թագավոր Խոսրով Կոտակի՝ Տրդատ III Մեծի պապի կողմից: Ասում են ՝ Խոսրովն ավելի քան մեկ միլիոն ծառ է տնկել, որպեսզի պահպանի հայկական բուսական ու կենդանական աշխարհը։ Ավելի քան հազարամյակ անց այս անտառի տարածքով անցել է հայտնի Մետաքսի ճանապարհը։ 1958 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը այն հայտարարեց արգելավայրային գոտի և սահմանեց հողերի պահպանման կարգը։
Եթե հետաքրքրված եք, թե ինչպես կարելի է ուսումնասիրել ազգային արգելոցի 23 000 հեկտար (մոտավորապես 56 800 ակր) տարածքը, ապա կարող եք շրջագայություններ կատարել, արշավային տարբեր ուղղություններ սկսել և նույնիսկ ձիով զբոսանել տարածքում։
Աշնանը և գարնանը չվող թռչունների ուսումնասիրության համար կան թռչունների վերահսկողության բազմաթիվ դիտակետեր։ Դուք կարող եք նաև հանգստանալ Ազատ և Վեդի գետերի ափերին, կամ կաղնու հազվագյուտ անտառներով քայլել դեպի ձոր, որտեղ կարող եք գտնել բազմաթիվ վանքեր և ջրվեժներ:
Մեկ օր պլանավորեք՝ լիովին կտրվելու քաղաքային աղմուկից և իրարանցումից։ Վստա՛հ եղեք՝ Ձեր միտքն ու հոգին երախտապարտ կլինեն Ձեզ բնության գրկում հանգստանալու և էներգիա ստանալու հնարավորության համար։
Ուխտասարի պետրոգլիֆներ
Եթե դուք սիրում եք հնագիտություն, պատմություն և ամենակարևորը՝ մարտահրավերներ, հաշվի՛ առեք այն փաստը, որ կարող եք կանգ առնել Սիսիանում՝ քաղաք Սյունիքի լեռնային զանգվածում։ Այնտեղ՝ Ուխտասար լեռան գագաթին, Դուք կարող եք տեսնել հնագույն Հայաստանից պահպանված տարատեսակ գտածոներ:
Սակայն այնտեղ հասնելն այդքան էլ հեշտ չի լինի։ Ուղևորությունները կարող են կատարվել միայն հուլիսից սեպտեմբեր ամիսներին, քանի որ այս հանգած հրաբուխը սովորաբար ծածկված է ձյունով: Այստեղ Դուք կարող եք գտնել ավելի քան 2000 ժայռապատկեր, հայտնի որպես Պալեոլիթյան դարաշրջանի (մ․թ․ա․ մոտ 12 000 տարի առաջ) պետրոգլիֆներ։
Ի հայտ գալով 20-րդ դարի սկզբին՝ այս ժայռապատկերները պատշաճ կերպով չեին ուսումնասիրվել մինչ 1967 թ. հետազոտությունը։ Այս պետրոգլիֆները հուշարձաններ են, որոնք հիմնականում խորհրդանշում են կյանքը, պատկերում են հասարակության պարզունակ տեսարաններ և ծիսակարգեր:
Քանի որ Հայկական լեռնաշխարհը կենդանիների ընտելացման և գյուղատնտեսության զարգացման առաջին կենտրոններից էր, անասնաբուծությունն ու ագրոնոմիան արտացոլվել են շատ փորագրություններում։
Գերակշռում են ոչխարները և այծերը, քանի որ ենթադրվում է, որ ժայռապատկերների մեծ մասը կատարվել է անասնապահությամբ զբաղվող քոչվոր ցեղերի կողմից: Ժայռապատկերները նաև արտացոլում են որսի հավաքական տեսարաններ, զենքեր, ինչպես նաև աստղաբանական խորհրդանիշներ և արեգակնային համակարգը:
Եթե Դուք լեռնագնացության երկրպագու եք, ապա կարող եք բռնել դեպի լեռան գագաթ տանող ճանապարհը, սակայն մարդկանց մեծ մասը նախընտրում է բարձրանալ մեքենայով։ Սիսիանում հյուրանոցներից յուրաքանչյուրում Դուք կարող եք վարորդ պատվիրել 25 000 դրամ ֆիքսված գնով (մոտ 50$):
Չորս տեղանոց խորհրդային 4x4 մեքենան մեկ ժամից մի փոքր ավելի ժամանակահատվածում Ձեզ կհասցնի լեռան այն հատվածը, որտեղ Դուք կտեսնեք մի փոքր սառցադաշտային լիճ, իսկ լեռան ստորոտին՝ ժայռապատկերներ։
Թռչկան ջրվեժ
Հաճախ «Հայկական Նիագարա» կոչվող Թռչկան ջրվեժը գտնվում է Գյումրիից ընդամենը 33 կմ (20 մղոն) հեռավորության վրա, որը մեծությամբ երկրորդ քաղաքն է Հայաստանում։ Թռչկանը երկրի ամենաբարձր ջրվեժն է (23,5 մետր / 77 ոտնաչափ) և սկիզբ է առնում Չիչկան գետից։
Հայաստանի Հանրապետությունը Թռչկանը բնության հուշարձան է ճանաչել 2008 թվականին․ գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին՝ Երևանից մոտ երկու ժամ հեռավորության վրա։ Մեկօրյա ուղևորությո՛ւն կազմակերպեք դեպի հայտնի Գյումրի քաղաք և կանգ առեք ճանապարհին, հատկապես, երբ խոսքը գնում է ամառային տաք ամիսների մասին։ Սնուցվելով հալված ձյան և ստորերկրյա ջրերով՝ ջրվեժն առավել վարարում է մարտից հունիս ամիսներին, ինչն ավելի տպավորիչ է դարձնում այն։
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը և Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Երևանից մոտ 47 կմ (29 մղոն) հեռավորության վրա Դուք կգտնեք զարմանալի մի հուշարձան, որը կառուցվել է հայկական ավանդական տուֆից՝ ի հիշատակ 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտի։ Սարդարապատի հուշահամալիրը պատմական մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի համար։
Այն կառուցվել է Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքական զորքերի դեմ հանպատրաստից ձևավորված հայկական բանակի լեգենդար և հերոսական հաղթանակի 50-րդ տարեդարձի կապակցությամբ։ Չնայած հսկայական դժվարություններին՝ հայերը կարողացան պաշտպանել պատմական Հայաստանի մի փոքր մասը, որը պետք է լիներ ներկայիս Հանրապետությունը։
Հուշահամալիրը կառուցված է նույն ճակատամարտի դաշտում՝ միջնադարյան հայկական հիասքանչ ճարտարապետությամբ և Արարատ լեռան հիասքանչ տեսարանով։ Սարդարապատի ազատագրական շարժման ազգագրության և պատմության թանգարանը լի է Հայաստանի հազարամյակների պատմության հարյուրավոր մասունքներով, հնություններով և գտածոներով:
Տասնյակ սենյակներ լի են փայտամշակման, մետաղամշակման, արծաթագործության, ոսկերչության, և այլ արհեստների նմուշներով, հայկական ավանդական գորգերով և արվեստի գերծերով։ Թանգարանն առաջարկում է էքսկուրսիաներ անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով, որոնք անտարբեր չեն թողնի նույնիսկ ընդհանրապես չհետաքրքրված այցելուին:
Բյուրականի աստղադիտարան
Հայաստանն աստղագիտական հետազոտությունների վերաբերյալ ծավալուն գրառումներ ունի։ Վերջին մի քանի հազար տարվա ընթացքում հայերը աստղագիտական գիտելիքներ են կուտակել ժայռապատկերների, հնագույն աստղադիտարանների, երկնքի միջնադարյան քարտեզների և աստղագիտական իրադարձությունների վերաբերյալ գրառումների տեսքով:
Եթե հետաքրքրված եք տիեզերական տարածության և տիեզերքի ուսումնասիրությամբ, ապա անպայման ծանոթացեք Հայաստանում խորհրդային դարաշրջանի աստղաֆիզիկական հետազոտությունների գլխավոր կենտրոնի արծաթե գմբեթներին։
Արագածոտնի մարզում՝ գեղատեսիլ Արագած լեռան հարավային գագաթին, Դուք կարող եք այցելել Բյուրականի աստղադիտարան: 1946 թվականին տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի կողմից հիմնադրված աստղադիտարանը ժամանակին ԽՍՀՄ ամենամեծ աստղադիտակի տունն էր: Համբարձումյանն ապացուցեց, որ ո՛չ աստղերը, ո՛չ մոլորակները միանգամից չեն ստեղծվում, այլ անընդհատ առաջանում և զարգանում են։
1947թ․-ին նա աստղերի անսովոր խմբեր բացահայտեց մեր գալակտիկայում, որոնք անվանեց ասոցիացիաներ: Աստղադիտարանը դեռևս գործում է, թեև այնտեղ նոր հետազոտություններ այլևս չեն կատարվում: Բյուրականում Դուք կարող եք աստղադիտակներով դիտել լուսինը, մոլորակները և արտաքին տիեզերքը։ Կարող եք այստեղ շրջագայության գնալ կամ պարզապես գիշերային երկնքում հետազոտել աստղերը։