Թռչկան։ Թռիչք բարձունքից

Թռչկան։ Թռիչք բարձունքից

Թարմացված է Մարտ 23, 2020

Հայաստանի տարածքը փոքր և քարքարոտ է, սակայն երկրի բնությունն աննկարագրելի գեղեցիկ է: Եթե ​​փնտրում եք բնության յուրահատուկ անկյուններ, ապա այցելեք Հայաստան:

Մեր հոդվածներում դուք արդեն ծանոթացել եք Սևանա լճինԱրագած լեռանը, ԽնձորեսկինՊարզ լճին և Հայաստանի այլ գեղեցիկ և հրաշալի վայրերի հետ: Այժմ եկեք փոքր-ինչ ավելին իմանանք հայկական բնության մեկ այլ հրաշալի վայրի՝ Թռչկանի ջրվեժի մասին:

Թռչկանի ջրվեժ

Թռչկանի ջրվեժը գահավիժող ջրվեժ է՝ Լոռու և Շիրակի մարզերի միջև: Ջրվեժը գտնվում է Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան (կամ Չիչխան) գետի վրա: Չիչխան գետը սկսվում է Շիրակի լեռնաշղթայի լանջերից և ունի 29 կմ երկարություն: Գետի միջին հոսանքում՝ մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը, առաջացնում է Թռչկանի ջրվեժը, որը հայտնի է նաև որպես Չիչխանի ջրվեժ։ Թռչկանը երկրի ամենաբարձր ջրվեժն է՝ 23 մետր։

Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիից ջրվեժ հասնելու համար ձեզնից կպահանջվի ընդամենը մեկ ժամ: Իսկ Լոռու մարզի Շիրակամուտ (նախկին Նալբանդ) գյուղից Թռչկանը ընդամենը 10 կմ հեռավորության վրա է։ Ի դեպ, այս գյուղը եղել է 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնը։

Շիրակամուտի մոտակայքում է գտնվում Լոռու մարզի հնագույն սրբավայրերից մեկը՝ Չիչխանավանքը։ Չիչխանավանք անունը կապված է Չիչխան գետի հետ և հավանական է, որ գետն ու սրբավայրն այս անունը կրում են ոչ վաղ շրջանից:

Վանական համալիրը թվագրված է որպես 7-րդ դարի կառույց, սակայն, հնավայրում առկա են ավելի վաղ շրջանի մշակութային շերտեր: Կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված բազմաթիվ գտածոներից ամենաարժեքավորը և հետաքրքրականը «արքայից արքա» մակագրությամբ բյուզանդական մետաղադրամն է՝ Քրիստոսի պատկերով: 

Շիրակամուտ

Չիչխանավանքը վերջնականորեն ավերվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են 2013 թ. և ավարտվել 2015 թ.:

Չիչխանավանք

Վերադառնաով ջրվեժին՝ նշենք, որ Թռչկանը Հայաստանի ոչ միայն ամենաբարձր ջրվեժն է, այլ նաև ամենաջրառատը։ Իհարկե անհամեմատելի է, սակայն Թռչկանը երբեմն անվանում են «Հայկական Նիագարա»։ Տեղացիներն այն անվանում են նաև «Ճռռան»՝ ջրի ձայնի պատճառով: 

Ասում են, որ Չիչկան գետը մի ժամանակ լի է եղել իշխան ձկով և ջրվեժի «Թռչկան» անվանումը կապված է ձկան հետ, որը բազմացման շրջանում լողում էր գետի հոսանքով վեր և հասնելով ջրվեժին՝ դուրս թռչում ջրից: 

 

  AK Gallery

2011 թվականը ճակատագրական տարի էր Թռչկանի ջրվեժի համար: Չնայած որ 2008-ից Թռչկանի ջրվեժը մտել է բնական հուշարձանների ցանկ, «Ռոբշին» կոչվող ընկերությունն ուզում էր Չիչկան գետի հունի վրա փոքր հիդրոէլեկտրակայան կառուցել։ Ակնհայտ էր, որ էլեկտրակայանը կփոխի գետի հունը, և դրա պատճառով ջրվեժը կարող էր անհետանալ:

Երեք ամիս տևած պայքարից հետո երկրի բնապահպաններին հաջողվեց կանխել ՀԷԿ-ի կառուցումը: Այս դեպքից հետո՝ 2011-ին, Թռչկանը սահմանվեց որպես ՀՀ կառավարության կողմից հատուկ պահպանվող գոտի:

Թռչկանի ջրվեժ

Այսօր Թռչկանի յուրաքանչյուր կաթիլն անվտանգ է: Շիրակամուտ գյուղի բնակչուհի, Թռչկանի պայքարի ակտիվ մասնակից և հեռուստառեժիսոր Անի Եղիազարյանը նկարահանել է 48 րոպեանոց հեղինակային ֆիլմ՝ նվիրված է Թռչկանի պայքարին և թռչկանցիներին: Ֆիլմում օգտագործված են հեղինակի և պայքարի մյուս մասնակիցների կողմից նկարահանված կադրերը: Ֆիլմը կոչվում է«Կաթիլներս»։ 

Թռչկանի ջրվեժը հրաշալի է ամբողջ տարին։ Ամռանը այն զովություն է պարգևում, իսկ ձմռանն ամբողջովին սառչում է և բոլորովին հեքիաթային տեսք ստանում։ Սառած Թռչկանը կարելի է անվանել Հայաստանի «Սառցե թագուհի»։ 

Թռչկանը ձմռանը

Երբ Թռչկանում էի վերջին անգամ, վայելում էի այնտեղ գտնվելու ամեն րոպեն։ Ամառային շոգ օր էր և ջրի ձայնին էր խառնվում տարատեսակ թռչունների ուրախ ճռվողյունը։

Ես չէի կարողանում աչքս կտրել գահավիժող պաղ ջրից։ Այսպիսի պահերին մոռանում ես առօրյա մանր հոգսերդ և մտածում, թե որքան հիասքանչ է երկիր մոլորակը, որի վրա բախտ ունենք ապրելու։ Վստահ եմ՝ Թռչկանի ջրվեժ այցելելուց հետո, դուք էլ կունենաք նման հաճելի և գեղեցիկ հիշողություններ։ 

Armenia Discovery
Ստեղծված է Օգոստոս 03, 2018 / Թարմացված է Մարտ 23, 2020

Հեղինակ՝ Armenia Discovery

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Օդանավակայանների կայանատեղիների կառավարման լուծումներ և համակարգեր
Ապրիլ 27, 2026 Օդանավակայանների կայանատեղիների կառավարման լուծումներ և համակարգեր

Ավիացիոն երթևեկության շուրջօրյա աճը վկայում է օդանավակայանների կայանատեղիների նկատմամբ հետաքրքրության մեծացման մասին: Քանի որ բազմաթիվ ավտոմեքենաներ օդանավակայանի տարածքում մնում են երկար ժամանակ՝ օրեր կամ նույնիսկ շաբաթներ, հողատարածքի սահմանափակումները պետք է ճիշտ հաշվարկվեն՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:...

Շարունակել
Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ
Ապրիլ 16, 2026 Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ

Հռոմը աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ հոսում են այս հնագույն քաղաք՝ տեսնելու նրա տեսարժան վայրերը և վայելելու նրա մշակույթը։ Եթե մոտ ժամանակներս պլանավորում եք այցելել Հռոմ, կան մի քանի բաներ, որոնք...

Շարունակել
Բենգալուրուի հայտնի ուտեստներ
Ապրիլ 16, 2026 Բենգալուրուի հայտնի ուտեստներ

Բանգալորը կամ Բենգալուրուն Կառնատակայի մայրաքաղաքն է և լայնորեն հայտնի է «Հնդկաստանի պարտեզային քաղաք», «Հնդկաստանի Սիլիկոնային հովիտ» և «ՏՏ կենտրոն» անուններով։ Այն ունի հսկայական ռեսուրսներ և իր բնակիչներին առաջարկում է շատ բան։ Բանգալորը հայտնի է իր գեղեցիկ...

Շարունակել