Տրնդեզ

Տրնդեզ

May 05, 2020

Սիրու՞մ եք ազգային տոներ: Եթե ​​այո, ապա ձեզ կհետաքրքրեն նաև հայկական ավանդույթները, քանի որ դրանցից շատերը իսկական տոնական իրադարձություններ են։ Ավանդական տոնական միջոցառումներ անցկացվում են Հայաստանում շուրջ տարին։ Այս տոնակատարությունները շատ սիրված են տեղացիների կողմից և գրավում են բազմաթիվ օտարերկրացիների ուշադրությունը: Հայկական ամենահայտնի տոներից մեկն էլ Տրնդեզն է:

Տրնդեզի տոնի մասին

Տրնդեզը կամ Տեառնընդառաջը հայկական եկեղեցու ամենամեծ տոներից է, որի ակունքները տանում են դեպի հեթանոսություն և կրակի պաշտամունք։ Ինչպես գիտենք, նախաքրիստոնեական Հայաստանում բազմաստվածություն էր, և այս տոնակատարությունը նվիրված էր արևի աստված Միհրին։ Տոնի նպատակն է եղել կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա եւ ուժեղացնել արևի ջերմությունը:

Համաձայն մեկ այլ ժողովրդական բանահյուսության՝ տոնի ծագումը կապված է կրակի աստված Վահագնի հետ։

Տրնդեզ

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է այս տոնը փետրվարի 14-ին՝ Սուրբ Ծննդից 40 օր հետո։ Տեառնընդառաջ նշանակում է «Տիրոջն ընդառաջ» և խորհրդանշում է 40 օրական մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Ժողովրդի մեջ առավել տարածված է տոնի Տրնդեզ անվանումը, որ նշանակում է «Տերն ընդ Ձեզ»։

Կաթոլիկ եկեղեցին նշում է այս տոնը փետրվարի 2-ին, իսկ ուղղափառ քրիստոնյաները՝ փետրվարի 15-ին։

Տրնդեզի տոնակատարությունը

Քրիստոնյա եկեղեցու տոնացույցով սա անշարժ տոն է: Փետրվարի 13-ի երեկոյան, երբ եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, սկսվում է Տյառնընդառաջի տոնը: Այս օրը եկեղեցիներում կատարվում է մոմերի օրհնություն: Քահանան օրհնում է մոմերը և բաժանում ժողովրդին:

Նախաքրիստոնեական ավանդույթի համաձայն՝ օրհնված մոմից եկեղեցու բակում խարույկ են վառում։ Մարդիկ նաև եկեղեցուց ճրագ են տանում և այդ ճրագից կրակ վառում իրենց բակերում։ Այնուհետև խարույկի շուրջ լինում է տոնակատարություն՝ ազգային երգ ու պարի ուղեկցությամբ։ Տոնակատարությանը մասնակցող համույթները կրում են հայկական ազգային հագուստներ՝ տարազ։

Երբ խարույկի կրակը մեղմանում է, տոնակատարության մասնակիցները կարող են ցատկել խարույկի վրայով։ Համարվում է, որ նախ և առաջ պետք է ցատկեն նշանված կամ նորապսակ երիտասարդները։ Կրակի վրայով ցատկելիս նրանք պետք է բաց չթողնեն միմյանց ձեռքերը, որպեսզի իրենց միությունն ամուր լինի։ 

Տրնդեզի տոնակատարությունը

Հին Հայաստանում Տրնդեզի կրակի վրայով թռել են նաև մաքրագործվելու և չարից ու հիվանդություններից ազատվելու համար: Համարվել է նաև, որ զավակ չունեցող կինը՝ ցատկելով կրակի վրայով անպայման կհղիանա։

Տրնդեզի տոնակատարությունն ուղեկցվում է հայկական ազգային ուտեստներիմրգերի և քաղցրավենիքների հյուրասիրությամբ։ Այս տոնը նաև լավ առիթ է բարեկամներով և հարազատներով հավաքվելու և միմյանց ուրախությունը կիսելու։

Տրնդեզի սեղան

Տրնդեզ՝ նորապսակների տոն

Ինչպես արդեն նշվեց, Տրնդեզի տոնակատարության գլխավոր հերոսները նորապսակներն են։ Փետրվարի 14-ին շատ են կատարվում նաև պսակադրություններ։ Հայ եկեղեցին հռչակել է Տյառնընդառաջի տոնը նորապսակների օրհնության օր:

Տրնդեզի սեղան

Տրնդեզի խորհուրդը

Այսօր խարույկ վառելը խորհրդանշում է Աստծո լույսն ու ջերմությունը։ Չնայած հեթանոսական ծագմանը, տոնի հետ կապված ծիսակատարություններն այսօր չունեն որևէ հատուկ նշանակություն, այլ միայն ժողովրդական ավանդույթների և սովորությունների արտահայտումն են։

Տրնդեզի խարույկ

Իհարկե, հիմա էլ կան սնապաշտ մարդիկ, ովքեր հավատում են նշաններին և գուշակություններին, սակայն Տրնդեզն այսօր ասոցացվում է Աստծո օրհնության, նորաստեղծ ընտանիքների, ուրախության և ձմռան մոտալուտ ավարտի հետ։

Ամփոփում

Ահա և դուք ծանոթ եք ևս մի գեղեցիկ հայկական տոնի՝ Տրնդեզի հետ։ Այս տոնը ուրախություն է պարգևում բոլորին՝ մեծ, թե փոքր, ամուսնացած, թե միայնակ։ 

Եթե սիրում եք բացահայտել հին ազգային սովորույթները և ուրախանալ բոլորի հետ միասին, ապա հաստատ կսիրեք դարերից եկող այս ավանդույթը։ Տրնդեզի տոնակատարության մեջ արտահայտված են հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, հին ու նոր հավատալիքները։ 

Եթե առաջին անգամ եք մասնակցելու այս արարողությանը, ապա մի վարանեք և ցատկեք խարույկի վրայով՝ անկախ ձեր համոզմունքներից և անկախ նրանից՝ մենակ եք, թե ձեր զույգի հետ։ Տրնդեզը լուսավոր տոն է, որի ժամանակ հարկավոր է բոլորի հետ միասին ի սրտե ուրախանալ և, թեկուզ միայն հետաքրքրության համար, մասնակցել արարողություններին։

Armenia Discovery

Article by Armenia Discovery

You may also be interested in

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
March 16, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

Continue Reading
Հայոց թագուհիներ
April 15, 2021 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

Continue Reading
Աշխարհի ամենահարուստ հայերը
December 21, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

Continue Reading