Շողակաթ եկեղեցի

Շողակաթ եկեղեցի

August 28, 2019

Որտե՞ղ են աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցիները։ Եթե եղել եք Հայաստանում, ուրեմն գիտեք այս հարցի ճիշտ պատասխանը։

Հայաստանը հայտնի է իր եկեղեցիներով, որոնք առանձնանում են եզակի ճարտարապետությամբ։ Եկեղեցաշինության պատմությունը Հայաստանում սկսվել է 301 թվականից, երբ հայերն աշխարհում առաջինն ընդունել են քրիստոնեությունը որպես պետական կրոն։

Հավանաբար գիտեք, որ Էջմիածին քաղաքը Հայաստանի հոգևոր կենտրոնն է։ Այստեղ է գտնվում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնը՝ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը։ Տաճարը հայտնի է որպես աշխարհում ամենաառաջին քրիստոնեական կառույցը։

Սուրբ Էջմիածնում շատ են հոյակերտ եկեղեցիները, որոնցից հատկապես սիրված և հայտնի են Սուրբ Շողակաթ, Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները: Այս անգամ, եկեք բացահայտենք Սուրբ Շողակաթ եկեղեցին՝ Էջմիածնի առաջին եկեղեցիներից մեկը:

Սուրբ Շողակաթ եկեղեցու պատմությունը

Սուրբ Շողակաթ եկեղեցին կանգնեցվել է 1694 թվականին՝ Վաղարշապատ քաղաքում, որն այսօր ավելի հայտնի է որպես Էջմիածին (Արմավիրի մարզ):

Ըստ 5-րդ դարի պատմիչ Ագաթանգեղոսի, երբ Հռոմից փախուստի դիմած քիստոնյա կույսերը գալիս են Հայաստան, հայոց Տրդատ 3-րդ թագավորը՝ լսելով կույս Հռիփսիմեի գեղեցկության մասին, հրամայում է նրան իր մոտ բերել։

Տեսնելով գեղեցկուհուն՝ թագավորը նրան ամուսնության առաջարկություն է անում։ Հռիփսիմեն մերժում է արքային և զայրացած Տրդատը հրամայում է սպանել քրիստոնյա կույսին։ Երբ Հռիփսիմեի 32 հավատակից քույրերը գալիս են, որպեսզի թաղեն նրա մարմինը, թագավորի դահիճները նրանց նույնպես սրամահ են անում։ 

Սուրբ Շողակաթ եկեղեցու պատմությունը

Կույսերից մեկը՝ Մարիանեն, ով հիվանդության պատճառով չէր գնացել Հռիփսիմեի մարմինը թաղելու, այլ մնացել էր հնձանում, որտեղ բնակվում էին կույսերը, հայտնաբերվում և սպանվում է այնտեղ։ Այս վայրում էր, ուր ըստ ավանդության Հռիփսիմյան քրիստոնյա նահատակների վրա «շող է կաթել»՝ Տիրոջ լույսի շողը, և այստեղ է հետագայում Գրիգոր Լուսավորիչը հիմնել Սուրբ Շողակաթ եկեղեցին։

Շողակաթ եկեղեցու ճարտարապետությունը

Այժմյան գմբեթավոր հորինվածքով եկեղեցին կառուցվել է 1694 թվականին։ Սակայն առաջին եկեղեցին այս վայրում հիմնադրվել է 6-7-րդ դարերում՝ մեկ այլ շինության հիմքերի վրա։

Եկեղեցին համեմատաբար փոքր չափերի կառույց է, որը պատկանում է վաղ միջնադարյան «գմբեթավոր դահլիճ» կոչվող եկեղեցիների տիպին։ Եկեղեցու արևմտյան կողմում տեղավորված է գավիթ-նախասրահը: Ըստ մասնագետների գոյություն է ունեցել ևս մեկ գավիթ, որը փլվել է 1807 թ.:

Աղոթասրահը երկարավուն դահլիճ է, որի արևելյան կողմում գտնվում է ավագ խորանը, իսկ աջ և ձախ կողմերում` ավանդատները: Գլխավոր մուտքը գավիթ-նախասրահից է։ Այստեղ են ննջում ամենայն հայոց կաթողիկոսներ՝ եկեղեցու հիմնադիր Նահապետ Ա Եդեսացին և Աբրահամ Գ Կրետացին։ Երկրորդ մուտքը բացվում է հարավային կողմից՝ աղոթասրահի մեջ:

Շողակաթ եկեղեցու ճարտարապետությունը

Եկեղեցին կառուցված է նարնջագույն տուֆից, ունի բացառիկ պարզ արտաքին ճարտարապետութուն։ Պատերը զարդարված են հայկական եկեղեցիներին բնորոշ գեղաքանդակ հորինվածքներով։ Ս․ Շողակաթը գտնվում է այգու մեջ՝ մի շատ խաղաղ անկյունում, որտեղ կարող եք զբոսնել և վայելել հայակական բնության բերկրանքը։

Պեղումների արդյունքում Սբ. Շողակաթ եկեղեցուց հարավ-արևմուտք բացվել են բազմաստիճան որմնախարիսխի վրա բարձրացող, տուֆից կառուցված միանավ եկեղեցու ավերակները։ Եկեղեցու ավերակները թվագրվում են IV դարով։

Սուրբ Շողակաթ եկեղեցին, ինչպես և Էջմիածնի Մայր տաճարը և նահատակված կույսերին նվիրված մյուս երկու եկեղեցիները՝ Ս․ Գայանեն և Ս․ Հռիփսիմեն, ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Եկեղեցին ընդգրկվել է վերոնշյալ ցանկում 2000 թվականին։

Ուխտագնացություն Ս․ Շողակաթ եկեղեցի

Եթե պատրաստվում եք այցելել Ս․ Շողակաթ եկեղեցի, ապա օգտվեք առիթից և այցելեք նաև հոդվածում նշված մյուս երեք եկեղեցիները ևս։ Բոլոր այս պատմական սրբավայրերը գտնվում են Էջմիածին քաղաքում, միմյանցից ոչ հեռու։ Կարելի է նույնիսկ կազմակերպել ոտքով ուխտագնացություն Երևանից դեպի Էջմիածին։ Այս չորս եկեղեցիներն այցելելու համար կպահանջվի ընդամենը մեկ օր։

Ուխտագնացություն Ս․ Շողակաթ եկեղեցի

Ձեր ճանապարհին դեպի Էջմիածին կարող եք նաև այցելել Զվարթնոցի տաճարը, որը գտնվում է Էջմիածին քաղաքից ընդամենը 3 կմ հեռավորության վրա։

 

Ձեզ կհետաքրքրի նաև